Տավուշյան մարտերը նոր օրակարգ են թելադրում

Հուլիսի 12-17-ին Տավուշի մարզում պետական սահմանին տեղի ունեցած մարտերը դարձան նույնպիսի ժամանակային ջրբաժան, ինչպես Քառօրյա Ապրիլյան պատերազմը, եւ ժամանակը բաժանվեց՝ մարտերից առաջ եւ մարտերից հետո։ Այլեւս «Ղարաբաղյան հակամարտության գոտի» հասկացությունը սկսեց ձեռք բերել խիստ պայմանական նշանակություն աշխարհագրական առումով. մարտերը տեղի էին ունենում Հայաստան-Ադրբեջան միջպետական սահմանին, որտեղ կողմերը կարծես որեւէ հարձակողական նպատակներ չէին դրսեւորում մինչ այդ, չնայած ակնհայտ էր, որ տեղի է ունենում ուժերի եւ միջոցների կուտակումներ։

Բաքուն թեեւ հայտարարում է, որ բանակի ենթակայության զորամասերի փոխարինումը սահմանապահ զորքերով իբր ցույց է տալիս, թե «որքան խաղաղասեր է Ադրբեջանը», եւ որ հայերն էին, ըստ այդ տրամաբանության՝ «հարձակվել խաղաղ Ադրբեջանի վրա», մինչդեռ նորություն չէ, որ գերատեսչական ենթակայության փոփոխությունը որեւէ ազդեցություն չունի ուժերի եւ միջոցների լրակազմի, ինչպես նաեւ հետապնդվող մարտավարական եւ ռազմավարական նպատակների վրա։ Այսպիսով ընդլայնելով աշխարհագրությունը, Ալիեւի ռեժիմը չսահմանափակվեց միայն հայ-ադրբեջանական սահմանով տարածելով լարվածությունը, այլեւ կենտրոնացված կերպով ուղղորդեց իր համայնքները փողոցային մարտեր սադրելու ընդդեմ հայերի։

Ակնհայտ էր, որ այս ամենը կրում է կենտրոնացված բնույթ եւ կառավարվում է մեկ կենտրոնից, նպատակ հետապնդելով՝ առավելագույն լարվածություն ստեղծել հայկական համայնքների շուրջը, հագուրդ տալով խավարամիտ զանգվածի անասնական-հոտային բնազդներին, իսկ ներքաշելով հայերին այդ բախումների մեջ՝ վարկաբեկել հայկական համայնքները որպես օրինապաշտ միավորների։

Այս ամենը «նորություն» է Ղարաբաղյան հակամարտության պատմության մեջ, իսկ չակերտներով է նորություն, որովհետեւ սա հենց այն դեպքն է, երբ այդ նորը՝ լավ մոռացված հինն է. Ռուսաստանի սեւհարյուրակային շրջանակների թիվ մեկ դաշնակիցը տարածաշրջանում եղել եւ մնում է հայատյաց խավարամիտ խուժանը։ Սակայն, բարեբախտաբար, այլեւս 1905 չէ, եւ կրկին բարեբախտաբար՝ ռազմական գործողությունների գոտուց դուրս զոհեր չեղան, եւ պետք է արժանին մատուցել Հայաստանի Հանրապետության դեսպաններին եւ հայկական համայնքներին տեղերում կրքերը հանդարտեցնելու ուղղությամբ ջանքերի, իսկ Երեւանում՝ պետական ինստիտուտներին իրերն իրենց անուններով ժամանակին կոչելու համար։

Տեղի ունեցածը նոր օրակարգ է թելադրում Հայաստանի Հանրապետությանը, քանզի մեր պատկերացրած սպառնալիքներն այլեւս «վերացական» կամ «պատմական» չեն, այլ կրում են իրական, տեսանելի, շոշափելի եւ արդիական բնույթ։ Այլեւս ակնհայտ է, որ «հողին թափված բենզինը» չափազանց շատ է, եւ այլեւս կարեւոր չէ, թե ո՛ր հիմարի վառած լուցկուց տարածաշրջանը կարող է պայթել եւ բոլորին կանգնեցնել փաստի առաջ նույնիսկ նրանց, ովքեր բաց տեքստով նման զարգացման դեմ են արտահայտվում։

Այլեւս ակնհայտ է, որ հանձինս Ադրբեջանի՝ մենք գործ ունենք մի անպատասխանատու, իսկ էությամբ՝ հակաքաղաքակրթական, բանդիտական պետության հետ, որի զսպումը եւ չեզոքացումը բխում է տարածաշրջանային եւ եվրոպական անվտանգության, կայունության եւ խաղաղության շահերից։ Կորոնավիրուսից «ծակված» ադրբեջանական նավթային բիզնեսը եւ դրա երեւացող հեռանկարները հուշում են, որ այդ առաքելությունը՝ քաղաքակրթության պարտքն է։ Ադրբեջանը ղեկավարող պորտաբույծ բանդան, զրկված լինելով անաշխատ եկամուտներից, ունի հասարակությանը «ցեմենտելու» նոր եղանակներ, երբ այլեւս փողով սովածների բերանը չես փակի, եւ հայատյացությունն այդ հիվանդ հասարակության մոտ ապացուցել է իր «ունիվերսալությունը»։

Երբ կատաղած ամբոխը ոռնում է «մա՜հ հայերին», ապա պարզ է, որ նույնիսկ ամենատեսական հաշվարկներում Արցախի «վերադարձն» այդ հորդայի կազմի մեջ, ինչպես դա եղավ 1921-ին՝ բացառվում է, դա նշանակում է հայերին մատնել նոր ցեղասպանության եւ էկզիստենցիալ մակարդակի սպառնալիք ստեղծել Հայաստանի Հանրապետության եւ ողջ հայության համար, եւ հետեւաբար՝ թող ոչ ոք որեւէ զիջում, թեկուզ մեկ միլիմետրի չափ՝ մեզանից չսպասի։ Իսկ խաղաղության բանաձեւը տարածաշրջանում մեկն է. Ալիեւի բանդան այլեւս պետք է չկրակի։ Իսկ դա հնարավոր է, երբ տարածաշրջանում կկազմաքանվի տարածաշրջանի վերջին բռնապետությունը, կբացառվի հորդայական տիպի պետության գոյությունը։

Հաշտությունը հնարավոր է միայն ընդհանուր արժեքների հիման վրա, եւ բացառվում է, երբ մի կողմը միտված է արդար բանակցությունների, իսկ մյուսը զբաղված է պետական մակարդակով ահաբեկչությամբ։ Իսկ հորդան այլ բանի ընդունակ չէ ի բնե, այն արտահանում է միայն քաոս, բռնություն, հետադիմություն, անազատություն։ Եվ կարելի է մի մեծ ցուցակով ներկայացնել, թե ինչ դեֆեկտներ ունեն հայկական կամ վրացական ժողովրդավարությունները, բայց ոչ Հայաստանը, ոչ Վրաստանը՝ հորդա չեն, ուստի ցանկացած կեղծ «պարիտետ», «բալանս», հավասարության նշան Հայաստանի եւ այդ բանդիտական կազմավորման միջեւ ուղղակի վիրավորական է մարդկային բանականության համար։ Հայաստանը պետք է լայն երկխոսություն ծավալի բարեկամ հարեւանների հետ, Վրաստանի եւ Իրանի՝ տարածաշրջանային անվտանգության, կայունության եւ խաղաղության շուրջ։

Հայաստանն անվտանգության թեմայով նորովի երկխոսություն պետք է ծավալի նաեւ Ռուսաստանի հետ, իսկ նորովի, քանզի ՆԱՏՕ-ից եւ ԱՄՆ-ից հեռացող Թուրքիայի գերակտիվացումը տարածաշրջանի զարգացումների խորապատկերին միանգամայն նոր գործոն է դառնում։ Հետեւաբար, Հայաստանը պետք է երկխոսություն ծավալի անվտանգության թեմայով նաեւ ԱՄՆ-ի հետ՝ երկկողմ եւ ՆԱՏՕ-ի շրջանակներում՝ բազմակողմ, եվրոպացի շահագրգիռ դաշնակիցների հետ, իսկ Հունաստան-Կիպրոս զույգի, Եգիպտոսի, Իսրայելի եւ մի շարք այլ երկրների հետ մեր հարաբերությունները պետք է ձեռք բերեն նոր՝ անվտանգության եւ պաշտպանական չափումներ։ Ակնհայտ է, որ միայն ռուսական երաշխիքները, որքան էլ որ ազդեցիկ են մեր տարածաշրջանում՝ այլեւս բավարար համարվել չեն կարող։ Այդ իմաստով, անբախտ ու անխելք Ասադը մեզ լավագույնս է ցույց տալիս, թե ինչպես չի՛ կարելի վարվել տարածաշրջանային սպառնալիքների հետ։ …

Իսկ մինչ այդ, Ադրբեջանի դիվանագիտությունը «չդիմացավ առերեսմանը» հայկական դիվանագիտության հետ, իսկ «տնից աշխատող» Մամեդյարովը վերածվեց քավության նոխազի եւ յուրովի «գլուխը պրծացրեց», Ադրբեջանի բանակը «չդիմացավ առերեսմանը» Հայաստանի Զինված ուժերի հետ եւ խայտառակվեց, խայտառակելով նաեւ միամիտ իսրայելցիներին… Եվ ուրեմն, կրկնենք եւս մեկ անգամ. այլեւս չկա՛ Արցախի հարց, այլեւս կա Ադրբեջանի՛ հարց, որի լուծումն է խաղաղություն բերելու Հարավ-Արեւելյան Եվրոպայում։

 

Ռուբեն ՄԵՀՐԱԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ 28.07.2020