Կոնգրեսականները պահանջում են ամերիկյան հատուկ ծառայություններից գնահատական տալ հայ-ադրբեջանական սահմանին տիրող կացությանը

Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների տան հետախուզության հարցերի հանձնաժողովը, որ ղեկավարում է Կալիֆորնիայից ընտրված հայամետ կոնգրեսական Ադամ Շիֆը, դիմել է երկրի հետախուզական ծառայություններին՝ պահանջելով հստակ գնահատական տալ հայ-ադրբեջանական սահմանին վերջերս տեղի ունեցած իրադարձություններին։

Ազգային հետախուզական ծառայության ղեկավարին ուղղված պահանջը զետեղվել է «Հետախուզության մասին» օրենքի նախագծում։

«Մենք ողջունում ենք օրինագծում տեղ գտած այս դրույթը, որը հնարավորություն կտա Կոնգրեսին վստահելի աղբյուրից հետախուզական տվյալներ ստանալ Ադրբեջանի կողմից Արցախի դեմ հրադադարի խախտումների, ինչպես նաև Հայաստանի սահմանին իրականացված ագրեսիայի մասին», — հայտարարել է Հայ դատի Վաշինգտոնի գրասենյակի տնօրեն Արամ Համբարյանը։

Ադամ Շիֆի ղեկավարած հանձնաժողովը առաջարկում է Ազգային հետախուզության ղեկավարին առավելագույնը 90-օրյա ժամկետում Ներկայացուցիչների տան անդամներին գրավոր փաստաթուղթ ներկայացնել Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների միջև լարվածության վերաբերյալ, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի մասով։

Ըստ կոնգրեսականների, ամերիկյան հետախուզության գնահատականը պետք է ընդգրկի նաև 2020 թվականին Լեռնային Ղարաբաղում և հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով տեղի ունեցած բոլոր նշանակալի զինված միջադեպերի նկարագրությունը, ինչպես նաև գնահատական, թե որ կողմն է առաջինը ուժ կիրառել։

«Հետախուզությունը նաև պետք է գնահատի կարճաժամկետ և միջնաժամկետ հեռանկարում ուժի կիրառման նոր դեպքերի ինչպես նաև այլ ապակայունացնող գործողությունների հավանականությունը», — նշված է Ներկայացուցիչների տան Հետախուզության հարցերի հանձնաժողովի ընդունած փաստաթղթում։