Բեյրութում պայթյունի զոհերի թիվը հասել է 78-ի. ավելի քան 4 հազար մարդ վիրավորվել է

Բեյրութի նավահանգստում հզոր պայթյունի հետեւանքով զոհվածների թիվը հասել է 78-ի, ավելի քան 4 հազար մարդ վիրավորվել է, հայտնել Է «Ալ Ջազիրա» հեռուստաալիքը՝ վկայակոչելով Լիբանանի առողջապահության նախարարությանը:

Ընդ որում, լիբանանյան իշխանությունները զոհերի թվի աճ են ակնկալում, քանի որ շատ մարդիկ համարվում են անհետ կորած, իսկ փլված շենքերի փլատակների տակից շարունակում են հանել մարմինները:

Նշենք, որ երեկ հզոր պայթյուն Է որոտացել Բեյրութի նավահանգստում։ Տուժել է քաղաքի շենքերի կեսը, հիվանդանոցները լեփ-լեցուն են տուժածներով ։

Լիբանանի վարչապետ Հասսան Դիյաբը պայթյունի պատճառ է համարել վեց տարվա ընթացքում նավահանգստում 2750 տոննա ամոնիակի նիտրատի ոչ պատշաճ պահպանումը:

Լիբանանում ողբերգության կապակցությամբ եռօրյա սուգ Է հայտարարվել։ Երկրի նախագահ Միշել Աունը խնդրել է կառավարությանը հավաքվել արտահերթ նիստի, որպեսզի հայտարարի երկրում երկու շաբաթով արտակարգ դրություն մտցնելու մասին: