Բեյրութի մահաբեր պայթյունը․ ինչպե՞ս Հայաստանն աջակցեց եղբայրական ժողովրդին

Երբ օգոստոսի 4-ին Բեյրութում տեղի ունեցավ մահաբեր պայթյունը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց ունեցավ Լիբանանի նախագահ Միշել Աունի հետ` իր զորակցությունը հայտնելով այդ երկրի ժողովրդին և նրա նախագահին: Հայաստանը հումանիտար օգնության 3 չվերթ իրականացրեց դեպի աղետի գոտի։ Օգոստոսի 8-ին, 9-ին և 11-ին ինքնաթիռներով Լիբանան ուղարկվեցին առաջին անհրաժեշտության իրեր: Լիբանան ուղարկված օդանավերով Հայաստան է ժամանել 100 հայ, որոնք Բեյրութում ապրելու հնարավորություն այլևս չունեին։

Պայթյունի հետևանքով զոհվել է 220 մարդ, որից 13-ը հայեր էին։ 5 հազար վիրավորվածներից էլ 300-ն են հայ։ Օգոստոսի 6-ի կառավարության նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ կառավարության անունից ցավակցություն հայտնեց մահացածների ընտանիքներին և շուտափույթ ապաքինում մաղթեց բոլոր վիրավորվածներին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ցնցված է եղբայրական Լիբանանում տեղի ունեցած մահաբեր պայթյունից։ «Սգում ենք բոլոր զոհերի մահը և ցավակցում ենք բոլոր զոհերի հարազատներին և մտերիմներին։ Կանգնած ենք եղբայրական Լիբանանի կողքին», — գրել է Փաշինյանը։

Իրավիճակին և հայկական համայնքի խնդիրներին տեղում ծանոթանալու նպատակով Հայաստանից Լիբանան գործուղվեց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը։ Պատվիրակության այցի ընթացքում հանդիպումներ են եղել Լիբանանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Արամ Ա կաթողիկոսը հայաստանյան պատվիրակությանը ներկայացրել է պայթյունից հետո Բեյրութի հայաբնակ թաղամասերի վիճակը։

Բեյրութից վերադարձած հայկական պատվիրակության հետ հանդիպեցին Աժ նախագահ Արարատ Միրզոյանը և ԱԺ ԳԿՄՍԵՍ հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը։ Սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը, «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը, Հայաստան-Լիբանան խորհրդարանական բարեկամական խմբի համանախագահ Հրաչյա Հակոբյանը պատմեցին իրենց այցի տպավորությունների մասին։

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանը խորհրդարանի ամբիոնից հայտարարեց, որ Հայաստանը պետք է դառնա սփյուռքից ժամանող հայերի տունը։ Պատգամավորը նաև ընդգծել է, որ արտասահմանում բնակվող հայերը պետք է լինեն այդ երկրի լիակատար մասնիկը՝ ինտեգրված քաղաքացի։ «Մեր այն հայրենակիցները, որոնք, այնուամենայնիվ, կարևորագույն որոշում կկայացնեն` լքելու որևէ երկիր, որտեղ որևէ հնարավորություն այլևս չեն տեսնում գոյատևելու, ապրելու, ստեղծագործելու՝ Հայաստանի Հանրապետությունը լինելու է իրենց երկրորդ տունը», — ասել է Մխիթար Հայրապետյանը:

Մխիթար Հայրապետյանը հայտնեց, որ Հայաստանը պատասխանատվության զգացում ունի Լիբանանի հայ համայնքի և լիբանանցի ժողովրդի նկատմամբ։

Նա Լիբանանի ժողովրդին ու լիբանանահայերին ուժ և տոկունություն մաղթեց՝ ընդգծելով, որ Հայաստանը Լիբանանի կողքին և թիկունքին է: