Կապիտան Սանամյանը կասեցրել է «ԱՆՎԱԽ» դիրքի ուղղությամբ հակառակորդի գրոհները, ղեկավարել հետախուզական խմբի անձնակազմը․ՊՆ

Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով ազգային հերոսի կոչման արժանացած կապիտան Սանամյանը հմտորեն ղեկավարել է հատուկ հետախուզական միջոցառումներ իրականացնող խմբի անձնակազմը՝ անձնական օրինակով քաջալերելով զինծառայողներին, առաջադրելով անհատական խնդիրներ, կազմակերպելով «ԱՆՎԱԽ» մարտական դիրքի ուղղությամբ հակառակորդի բազմակի գրոհների կասեցումը, նրա կենդանի ուժին, սպառազինությանն ու ռազմական տեխնիկային հասցնելով զգալի կորուստներ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։

«Չխնայելով սեփական կյանքը, խմբի մարտիկների հետ միասին դիրքի մատույցներում իրականացրել է բարդ ու վտանգավոր ինժեներական աշխատանքներ, հետախուզմամբ հայթայթել արժեքավոր փաստաթղթեր, զենք, զինամթերք, մի շարք տեխնիկական միջոցներ և այլ տվյալներ:

Որպես հրամանատար՝ կապիտան Սանամյանը ճշգրիտ է վերլուծել հակառակորդի գործողությունները, գնահատել իրադրությունը, նախորոշել հնարավոր զարգացումները և դիրքի անձնակազմի հետ համատեղ ջանքերով անառիկ պահել «Անվախ» մարտական դիրքը:

Կենսագրություն

Ռուբեն Ռազմիկի Սանամյանը ծնվել է 1976թ. սեպտեմբերի 22-ին, Տավուշի մարզի ք. Դիլիջանում: 1995-1997թթ. անցել է պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն ՊԲ առաջնագծի զորամասերից մեկում: 2006թ. անցել է պայմանագրային զինվորական ծառայության:

Ամուսնացած է. ունի երկու երեխա: 2012 թ-ին Ռ․ Սանամյանը պարգևատրվել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով»,- գրել է նա։

Հանրապետության նախագահի 2020 թվականի օգոստոսի 18-ի ՆՀ-189-Ա հրամանագրով վարչապետի միջնորդությամբ կապիտան Ռուբեն Սանամյանը պարգևատրվել է Հայրենիքի շքանշանով՝ արժանանալով Հայաստանի ազգային հերոսի բարձրագույն կոչմանը:

«Կապիտան Ռ.Սանամյանը, որպես սպա և հրամանատար, հայրենիքի պաշտպանության ու անվտանգության ապահովման գործում ցուցաբերել է բացառիկ արիություն, անձնուրացություն և խիզախություն»,- ասված է նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրությունում։