Նոր հնարավորություն Սփյուռքի և Հայաստանի ստարթափների համար

ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը, GIZ իրավական գլոբալ ծրագիրը և Իմփաքթ Հաբ Երևանը համատեղ մեկնարկում են բոլորովին նոր միջազգային պիլոտային ծրագիր՝ GovTech Launchpad-ը: Այն բացառիկ է իր ձևաչափով՝ նպատակ ունենալով ստարթափների և հանրային սեկտորի միջև համագործակցությամբ նորարական լուծումներ ստեղծել վերջինիս խնդիրների համար։

Ծրագրի շրջանակներում նորարական ստարթափները պետք է առաջարկեն տեխնոլոգիական այնպիսի լուծումներ, որոնք կաջակցեն Հայաստան վերադառնալ ցանկացող սփյուռքահայերին կամ արդեն իսկ հայրենադարձված անձանց: GovTech Launchpad-ը բաց է Հայաստանում և աշխարհի ցանկացած այլ կետում գործող տեխնոլոգիական ստարթափների համար: Մասնակից թիմերը պետք է ունենան նորարական լուծումների ծրագրավորման համապատասխան փորձ, վստահություն, որ իրենց գաղափարները կօգնեն սփյուռքահայերին, և պատրաստակամություն Հայաստան տեղափոխվելու համար:

Ընտրված 4 թիմերից յուրաքանչյուրը կստանա ֆինանասական աջակցություն իրենց արտադրանքը զարգացնելու նպատակով: Ծրագիրը կունենա նաև 2-րդ փուլ:
Մրցանակային պարգևից բացի՝ նախագիծը առաջարկում է Իմփաքթ Հաբի յուրօրինակ էկոհամակարգը, որն իր մեջ ներառում է անհատական մասնագիտական խորհրդատվություն, մենթորություն, անդամակցություն, 250+ ստեղծարար և նորարական անդամների մասնակցությամբ միջոցառումներ, դասընթացներ, կապ 100+ Իմփաքթ Հաբերի հետ ողջ աշխարհում, ուսումնական ծրագիր, որն իր մեջ ներառելու է թրեյնինգներ և դասընթացներ GovTech ոլորտի, բիզնեսի, տեխնոլոգիաների և նորարարության մասին և բազում այլ հնարավորություններ, որոնք կաջակցեն զարգացնել ստարթափների գաղափարները և պրակտիկ լուծումներ տալ դրանք իրագործելու համար։

Վերջնարդյունքում՝ մասնակիցները հնարավորություն կունենան կերտել նոր լուծումներ

Հայաստանի կառավարության, սփյուռքահայության և հայրենադարձների համար, պահպանել իրենց արտադրանքի մտավոր սեփականության իրավունքը և ստանալ միջազգային հարթակում այն տարածելու հնարավություն, հաստատել երկարաժամկետ համագործակցություն Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի հետ:
Ծրագրին դիմելու համար պետք է այցելել հղմամբ՝ https://bit.ly/3kRUpua: Դիմումների վերջնաժամկետն է օգոստոսի 31-ը՝ ժամը 23:59։

GovTech Launchpad-ի բոլոր հնարավորությունները ներկայացնելու համար օգոստոսի 24-ին՝ ժամը 19:30-ին, Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը, հանձնակատարի գրասենյակի ղեկավար Սառա Անջարգոլյանը, Իմփաքթ Հաբ Երևանի գործադիր տնօրեն Անի Բաբումյանը և հոգաբարձուների խորհրդի անդամ Րաֆֆի Քասարջյանը ուղիղ միացմամբ կմանրամասնեն ծրագիրը: Քննարկումը տեղի է ունենալու ZOOM հարթակում, որին միանալու և հարցեր ուղղելու համար կարող եք այցելել հետևյալ հղմամբ՝ https://bit.ly/3aHCxxr:
Ծրագրի ներկայացումը հասանելի կլինի նաև Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ֆեյսբուքյան պաշտոնական էջում՝ https://www.facebook.com/DiasporaHighCommissionerOfficeArmenia: