Պայթյուն Երևանի Ռայնիսի փողոցում. շենքը մասնակի փլուզվել է, կան տուժածներ, իրականացվում են որոնողա-փրկարարական աշխատանքներ

Այսօր ժամը 7:18 Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ռայնիսի փողոցի թիվ 3 հասցեում գազի արտահոսքից տեղի է ունեցել պայթյուն, շենքը մասնակի փլուզվել է։

Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն՝ դեպքի վայր են մեկնել նախարարության Փրկարարական ծառայության Երևանի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից հինգ մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի երկու փրկարարական և կինոլոգիական խմբերը, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ և Բուժապահովման վարչության հերթապահ խմբերը, Հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը։

Դեպքի վայրում են գտնվում վարչապետ Նիկոլ Փաշինյանը և արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը։

Ըստ նախնական տվյալների՝ փլատակների տակից դուրս է բերվել երկու քաղաքացի․ իրականացվել է 19 քաղաքացու տարհանում: Երկու տուժած հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր. տուժած Սվետլանա Ս․-ն (ծնված 1949 թ․) այժմ գտնվում է հետազոտման փուլում, բժիշկները նրա առողջական վիճակը գնահատում են միջին ծանրության, իսկ մյուս տուժածինը (արական սեռի, մոտ 50 տարեկան)՝ ծայրահեղ ծանր:

Պարզվել է, որ պայթյունը տեղի է ունեցել Ռայնիսի փողոցի թիվ 1 քառահարկ պանելային շենքում։

Կինոլոգիական խումբն իրականացնում է որոնողա-փրկարարական աշխատանքներ, ասված է հաղորդագրությունում:

Աղբյուր`azatutyun.am