Թուրքական հատուկ ծառայությունների հակահայ նոր գործողություն Վրաստանում

lragir.am-Թուրքիայի եւ Ադրբեջանի հատուկ ծառայություններն իրենց արտոնյալ են զգում ինքնիշխան Վրաստանում, ժամանակ առ ժամանակ սադրանքներ անում, որոնք սպառնալիքի տակ են դնում Վրաստանի ու ողջ տարածաշրջանի անվտանգությունը։

Այս անգամ սադրանքը կապված է Թբիլիսիի 23-ամյա բնակիչ Թամար Բաչալիաշվիլիի հետ, որը մահացել է հուլիսի կեսերին չբացահայտված հանգամանքներում։ Մեկ եւ կես ամիս անց ծնողները հայտարարել են, որ իրենց դստեր մահը կապված է ղարաբաղյան հակամարտության գոտի սպառազինության մատակարարման հետ։

Թամար Բաչալիաշվիլին տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետ էր։ Աղջիկը հուլիսի 18-ին տնից դուրս էր եկել անձնական ավտոմեքենայով եւ կորել։ Հիմնական վարկածն ինքնասպանությունն է։ Նախորդ օրը նրա ընտանիքը բողոքի ակցիա է արել։ Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ մահվանից առաջ Թամարը վերծանել էր գաղտնի ֆայլեր, որոնք կապված են վրացի բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Թամարի մայրը՝ Թեոնա Թամազաշվիլին, հայտարարել է, որ նշված երեք պաշտոնյաները զբաղվում են ղարաբաղյան հակամարտության գոտի սպառազինության մատակարարմամբ։

«Կոչ եմ անում Ադրբեջանի ու Թուրքիայի իշխանություններին հետաքրքրվել դրանով ու պահանջել Վրաստանի կառավարությունից ֆայլերը, որոնք կապված են այդ երեք բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Իմ դուստրը պատահաբար բացել է դրանք՝ վերծանելով ղարաբաղյան պատերազմում զենքի մատակարարման սխեման», նրա խոսքը մեջբերում են վրացական լրատվամիջոցները։

Հատկանշական է, որ Թամարի մայրը Ադրբեջանին ու Թուրքիային է կոչ անում հետաքրքրվել, այլ ոչ թե Հայաստանին։ Մի՞թե նրան հավաստիացրել են, որ մատակարարումները եղել են հայկական կողմին, այլ ոչ թե ադրբեջանական։ Դա կարող է վկայել, որ ակցիան թուրքական հատուկ ծառայությունների հերթական գործողությունն է Վրաստանում։

Ադրբեջանական ու թուրքական հատուկ ծառայությունները բացահայտ են գործում Վրաստանում։ Մի քանի տարի առաջ Թբիլիսիի կենտրոնից առեւանգվեց ու Ադրբեջան տեղափոխվեց ընդդիմադիր Աֆղան Մուխթարլին, եւ վրաստանի իշխանությունն անգամ չհանդիմանեց հարեւան պետությանն ինքնագործունեության համար։ Վերջին ամիսներին մի քանի սադրանքներ եղան կապված Դավիթ Գարեջիի վանքի ու Ախալքալաքում հայկական հուշարձանի հետ։ Տավուշյան դեպքերից հետո էլ ադրբեջանցիները բողոքի ակցիա անցկացրին Թբիլիսիում Հայաստանի դեսպանատան մոտ՝ հայտարարելով, որ «Հայաստանի ագրեսիվ քաղաքականությունը խոչընդոտում է տարածաշրջանում խաղաղությանը»։

Հնարավոր է, թուրքական ու ադրբեջանական հատուկ ծառայությունների ագրեսիվությունը կապված է այն բանի հետ, որ Վրաստանը որոշել է մինչեւ վերջ հետաքննել, թե ինչու են հունիսի 2-ին Բաթումիում Թուրքիայի զինված քաղաքացիներ գտնվել, որոնցից 9-ը ձերբակալված են։

ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ

Թուրքական հատուկ ծառայությունների հակահայ նոր գործողություն Վրաստանում