Ուխտագնացություն Ծալկայի շրջանի եկեղեցիներ

Ուխտի գնալը և սրտի փափագի կատարման աղերսով առ Աստված աղոթք բարձրացնելը Վիրահայոց թեմի հավատացյալ հոտի համար նվիրական նպատակ է, որ պարբերաբար իրականացվում է հոգևոր դասի և հասարակական կազմակերպությունների նախաձեռնությամբ: Կորոնավիրուսի համավարկի պատճառած սահմանափակումներից հետո, առաջին անգամ, Թբիլիսիի Սբ. Էջմիածին եկեղեցու հոգևոր դասը և Վրաստանի հայ կանանց «Շուշանիկ» միությունը, Վիրահայոց թեմի առաջնորդ հգշ. Տեր Կիրակոս վրդ. Դավթյանի հայրական օրհնությամբ, 2020 թվականի օգոստոսի 30-ին իրականացրեցին թբիլիսահայերի ուխտագնացություն Ծալկայի շրջանի եկեղեցիներ:

Վաղ առավոտյան շուրջ 50 թբիլիսահայ ուխտավորներ, արժանապատիվ Տեր Կիրակոս քահանա Սիմոնյանի գլխավորությամբ, սարկավագների ուղեկցությամբ ճանապարհ ընկան դեպի Ծալկայի շրջանի Ղզլքիլիսայի Սբ. Աստվածածին եկեղեցի: Այստեղ ուխտավորներին միացավ իր ծառայությունը Ծալկայում իրականացնող բարեշնորհ սարկավագ Կամո Թազայանը և հյուրընկալի պատրաստակամությամբ ստանձնեց թբիլիսահայերին սրբավայրեր առաջնորդելու պարտականությունը:

19-րդ դարի կառույց հինավուրց, կանգուն և վերաօծված եկեղեցում տարածվեց Սուրբ Պատարագի աղոթքն ու շարականների մեղեդին: Սրբազան Պատարագը, Տիրոջ կամոք, մատուցեց արժանապատիվ Տեր Կիրակոս քահանա Սիմոնյանը՝ Կամո սարկավագի, Եղիշե սարկավագի և Գևորգ սարկավագի հետ միասին: Պատարագին միացան գյուղի բնակիչները՝ ունկնդիրը դառնալով պատարագիչ քահանայի կողմից օրվա խորհրդի՝ Աստվածամոր գոտու գյուտի մասին քարոզչությանը, ուխտի ընդունման բարեմաղթանքին և հաղորդության խորհրդին:

Ուխտագնացությունը շարունակվեց Ղուշչիի «Սուրբ Գևորգ» եկեղեցում: Այստեղ հավատացյալների աղոթքին և մոմավառությանը հետևեց հոգևորականների հուզիչ և սրտառուչ ժամերգությունը, հավատացյալների օրհնության կարգը, արարողություններ, որ կենդանություն և աշխուժություն բերեցին հինավուրց եկեղեցու լուռ առօրյայում:

Ուխտավորները այցելեցին նաև Օզնի գյուղ, եղան Օկամում, դիտեցին հունական Սուրբ Երրորդություն եկեղեցու գեղեցկությունը և ափսոսացին պատերից անհետացող որմնանկարների համար:

Օրվա վերջին ուխտավորներին Դաշբաշի ջրվեժի հիասքանչ և զարմանահրաշ բնության գրկում իր ընտանեկան հյուրանոցի տարածքում սիրով ընդունեց տիրուհի Մայա Մկրտչյանը: Հոգեպես լիցքավորված հավատացյալներն իրենց ուղևորությունն ավարտեցին սպորտային խաղերով, ուրախ երգ ու պարով և հայկական խորովածով:

Թբիլիսահայ հավատացյալներն շնորհակալություն են հայտնում Վիրահայոց թեմի առաջնորդական տեղապահին, արժանապատիվ քահանային և սարկավագներին, ինչպես նաև Մայա Մկրտչյանին՝ իրենց նախնյաց ազգային և հոգևոր արժեքներին մերձենալու և հավատքի մեջ զորանալու սրբազան նպատակին օժանդակության համար: