«Աշնանը բարձրալեռ տարածաշրջանի բնակիչները կմնան առանց գազի, դա քաղաքական ճնշում է», — ասում է Հենզել Մկոյանը

Ախալքալաքի և Նինոծմինդայի մեծամասնական պատգամավոր Հենզել Մկոյանը, ով պատրաստվում է 2020 թ. խորհրդարանական ընտրություններում անկախ թեկնածուի կարգավիճակով մասնակցել,  facebook-ում հայտարարություն է տարածում, որում ասվում է, որ իր ընտանիքի վրա ճնշում է գործադրվում, որի միակ նպատակն է հանել տալ  իր թեկնածությունը խորհրդարանական ընտրությոններից առաջ:

«Ընտրություններին մնացել է մեկուկես ամիս: Այսօր եղբորս ընկերություն էին եկել ֆինանսական ոստիկանության ու աուդիտի աշխատակիցները:Նրանք կնիք դրին բոլոր համակարգիչներին և փաստաթղթերին: Եղբայրս Վրաստանում մեծ հայ գործարար է, նրա մոտ შპს „მეეკი„ և „ეს-ჯი-გაზ„ ընկերություններում աշխատում է 300 մարդ, որոնք իրենց ընտանիքների միակ սատարն ու կերակրողն են: Սա ճնշում է գործարարի և բիզնեսի վրա: Այս ամենը քաղաքական բնույթ ունի: Նրանց միակ նպատակը 2020-ի խորհրդարանական ընտրություններից իմ թեկնածությունը հանելն է:
Եթե ամեն ինչ այս տեմպով շարունակվի, ապա մենք չենք կարողանա իրականացնել այն ծրագրերը, որոնցով նախատեսված էր գազաֆիկացնել Ախալքալաքի մունիցիպալիտետի Աբուլ և ՆինոծմԻնդայի մունիցիպալիտետի Գոռելովկա գյուղերը,ինչպես նաև այլ ծրագրեր: Ընկերությունը չի կարողանա բնական գազ մատակարարել հասարակությանը, իսկ աշնանը լեռնային այս շրջանի բնակիչները խստաշունչ ձմռան պայմաններում,որը բնորոշ է այս շրջանին կմնան առանց գազի: Ընկերությունը կսնանկանա, և՛ ընկերությունը, և՛ բնակչությունը մեծ վնասներ կկրի», — ասված է հայտարարության մեջ:

«Էս-ՋԻ-Գազ» ընկերությունը արդեն 14 տարի է ինչ գործում է: Դեռ այն ժամանակների համար դա հայրենասիրական և ժողովրդասիրական քայլ էր,քանի որ նույնիսկ մեր հարևան շրջանները՝ Ախալցիխեն, Ադիգենը, Ծալկան դեռ գազաֆիկացված չէին: Եվ այդ տարիների ընթացքում ոչ մի խախտում չի նկատվել կամ գրանցվել, իսկ հիմա երբ ընտրություններին մնացել է ընդամենը մեկուկես ամիս, երեկ ֆինանսական ոստիկանության աշխատակիցների կողմից ստուգումներ էին անցկացնում: Այս ամենը զուտ քաղաքական բնույթ է կրում: Նրանք ուզում են ոչնչացնել իմ եղբոր ընկերությունը: Այն նպատակաուղղված քայլ է ընդդեմ ինձ:Նրանց քայլերի նպատակն է,որ ես հրաժարվեմ 2020 թվականի խորհրդարանական ընտրություններին մասնակցելուց: