Սուրբ Գևորգ զորավարի տոնը նշվեց Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում

2020 թվականի սեպտեմբերի 26-ին, Սուրբ Գևորգ քաջամարտիկ զորավարի տոնի օրը տոնական տրամադրություն էր տիրում զորավարի անունը կրող Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցում: Հավատացյալները եկել էին աղոթելու այս զորավոր տաճարում և ստանալու քաջամարտիկ Սուրբ Գևորգի օրհնությունն ու շնորհները:

Թեմի առաջնորդական տեղապահ հոգեշնորհ Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանի հանդիսապետությամբ, տոնական Սուրբ և Անմահ Պատարագ մատուցեց արժանապատիվ Տեր Վիրապ քահանա Ղազարյանը:

Հընթացս Սուրբ Պատարագի, պատարագիչը քարոզ խոսեց օրվա խորհրդի՝ քաջամարտիկ զորավարի քրիստոնյա հավատքին նվիրվածության և նահատակության մասին, արժևորելով թբիլիսահայերի մեծ սերն ու նվիրվածությունը Սուրբին, որի անունով դարերի ընթացքում այստեղ կառուցվել են եկեղեցիներ, բացի առաջնորդանիստ Սուրբ Գևորգից, նաև Մուղնու Սուրբ Գևորգ (Մուղնու Մեծ) եկեղեցին:

Հոգևոր հայրը զորավար Գևորգի անսասանությունը քրիստոնեական հավատքի նկատմամբ համեմատեց հայ ժողովրդի հետ, ով պատմության ընթացքում բազում փորձությունների միջով է անցել, կենաց և մահու պայքար մղել և հավատարիմ մնացել իր հավատքին, իր ազգին, պահել ու պահպանել է իր հայրենիքը:

120270964Թբիլիսիի Սուրբ Գևորգ եկեղեցին այն երանելի տաճարներից է, որտեղ պահվում է Սուրբի մասունքը, որը դուրս էր բերվել տոնի առիթով: Հավարտ Պատարագի, հավատացյալները հնարավորություն ունեցան մերձենալու և համբուրելու քաջամարտիկ Սուրբի նվիրական մասունքը:

Ժողովրդի կողմից սիրված Սուրբի տոնը նաև ժողովրդական հագեցվածություն ուներ:

Առաջնորդական տեղապահի կողմից օրհնվեց և ներկաներին բաժանվեց Սուրբ Գևորգի տոնի առիթով հավատացյալների կողմից արված մատաղը: Եկեղեցասեր կանանց միության նախաձեռնությամբ և խաչի քավոր Յուրի Երեմյանի աջակցությամբ կազմակերպվեց տորթով և տարբեր խմորեղենով հյուրասիրություն:

Սուրբ Գևորգ զորավարի տոնը հավուր պատշաճի նշվեց Վիրահայոց թեմի եկեղեցիներում: Եկեղեցական արարողություններ և ժողովրդական տարբեր միջոցառումներ տեղի ունեցան հատկապես սուրբի անունով եկեղեցիներում:

Հավելենք, որ Սուրբ Գևորգ տաճարը Թբիլիսիի հնագույն եկեղեցիներից է, այն կառուցվել է 13-րդ դարում, եղել է հայկական միջնադարյան հոգևոր, մշակութային և լուսավորչական կենտրոններից մեկը: 2015 թվականին հիմնովին վերանորոգվելով IDeA հիմնադրամի և այլ բարերարների միջոցներով, Սուրբ Գևորգ եկեղեցին (կամ Բերդի Մեծ եկեղեցին) շարունակում է իր շուրջը համախմբել վիրահայությանը, հանդիսանալով թեմի առաջնորդանիստը: