Ավելի քան 50 բնակավայր թիրախի տակ է եղել. Արցախի ՄԻՊ

Քաղաքացիների շրջանում այս պահին հաստատված երկու զոհ կա, իսկ վիրավորների առումով թվերը դեռ ճշտվում են, բայց տասնյակ վիրավորներ են: Այս մասին այսօր Արցախի տեղեկատվական շտաբում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասաց Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը:

«Այս պահին նախնական տվյալներով 30-ից ավելի վիրավոր քաղաքացիական բնակչության շրջանում կա, բայց կարծում եմ թիվը անընդհատ մեծանալու է: Մեր նախնական տեղեկությամբ ավելի քան 50 բնակավայր թիրախի տակ է եղել ադրբեջանական հրետակոծությունների և ԱԹՍ-երի հարվածների ժամանակ և այդ բնակավայրերի մեջ ներառյալ բոլոր քաղաքները, խոշոր բնակավայրերը, Ստեփանակերտը, Շուշին, Մարտունին, Ասկերանը, Մարտակերտը, Հադրութը, Բերձորը, Քարվաճառը, այսինքն բոլոր շրջկենտրոնները անխտիր կերպով հարվածի տակ են եղել: Դրա հետևանքները մեր փաստահավաք խումբը դեռևս փաստերը ճշգրտում է, հավանաբար օրերի ընթացքում պատկերը ավելի հստակ կլինի, համապատասխան արտահերթ զեկույցով հանդես ենք գալու, ներկայացնելով բոլոր ապացույցները, հստակ անուններով, վայրերով»,- ասաց նա: