Ադրբեջանը այս անգամ Թուրքիայի աջակցությամբ կռվի է ելել հերոսական արցախցիների հետ. Հենզել Մկոյան

Կրկին Ղարաբաղի ողջ սահմանին պատերազմական գործողություններ են։ Ադրբեջանը այս անգամ Թուրքիայի աջակցությամբ կռվի է ելել հերոսական արցախցիների հետ` շարունակելով խաղաղ բանակցություններն ու Մինսկի խմբի առաջարկությունները ոտնահարելու, Արցախը ռազմական ճանապարհով հետ վերադարձելու քաղաքականությունը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Վրաստանի խորհրդարանի հայազգի պատգամավոր Հենզել Մկոյանը։

«Անմեղ մարդկանց արյուն է հեղվում, թիրախ է դարձել նաև խաղաղ բնակչությունը։

Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը առաջիններից մեկը կոչ է արել կանգնեցնել ռազմական գործողությունները, անցնել խաղաղ բանակցությունների։ Նույն բանն են ասում աշխարհի բոլոր պետությունները, միջազգային կազմակերպությունները։

Աշխարհասփյուռ հայությունը խիստ մտահոգ է. բարոյական, նյութական աջակցությունից զուտ ցանկանում է իր մասնակցությունը բերել հայության այդ հերոսական հարվածի պաշտպանությանը։

Բնականաբար, նույնն է ցանկանում նաև Ջավախքահայությունը։ Մենք միշտ սատարել ենք մեր մայր հայրենիքին, օգնել ինչով կարողացել ենք։

Հայաստանի իշխանությունների վկայությամբ Արցախի պաշտպանությունը այսօր հուսալի ձեռքերում է, բանակը ի զօրու է հետ մղել ցանկացած ագրեսիա, այնպես որ սիրելի՛ երիտասարդներ, կոչ եմ անում առանց անհրաժեշտության չդիմել որոշակի քայլերի և չխանգարել պաշտպանության բանակին կատարելու իր սրբազան առաքելությունը։

Համոզված եմ, արդարությունը կհաղթանակի»,- գրել է նա։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի 5 ուղղաթիռ, 27 անօդաչու թռչող սարք, 33 տանկ և հետևակի մարտական մեքենա, 1 ինժեներական զրահատեխնիկա, նաև 10 միավոր զրահատեխնիկա, այդ թվում՝ տանկեր (ստույգ թիվը ճշտվում է): Հակառակորդն ունի մոտ 200 զոհ, ավելի քան 200 վիրավոր։

Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 58 զոհ և մոտ 200 վիրավոր, որոնցից մոտ 120–ն են շարունակում բուժում ստանալ, մյուսներն ապաքինվել և վերադարձել են շարք։ Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։