Լրահոսը 15։00-ի դրությամբ

Ադրբեջանական կողմը հարվածներ է հասցնում Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի ուղղությամբ։ Կան քաղաքացիական ենթակառուցվածքների բազում վնասվածքներ, վիրավորներ։

Հայկական ՀՕՊ ուժերը Արցախի հարավարևելյան ուղղությամբ ժամը 12:15-ին խոցել են հակառակորդի ինքնաթիռ, իսկ հյուսիսային ուղղությամբ ժամը 12:07-12:10-ն ընկած ժամանակահատվածում՝ 2 ԱԹՍ։

Հայ զինվորների միջև տեղի ունեցած փոխհրաձգության մասին լուրը չի համապատասխանում իրականությանը։

Ադրբեջանցի խոցված սպայի մոտ հայտնաբերվել է իսրայելական «Թադիրա» մակնիշի ռադիոկայան։ Դրա վերծանման արդյունքում պարզվել է, որ խմբավորումները ղեկավարվում են հիմնականում արաբերենով։

Հակառակորդն օգտագործել է միջազգային մարդասիրական իրավունքով արգելված կասետային հրթիռներ։

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը որոշել է ռազմական դրության ամբողջ ընթացքում սահմանափակել «Ղարաբաղ տելեկոմ»-ի կառավարման լիազորությունները՝ դրանք հանձնելով Էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարությանը: Ծառայությունները գործելու են անվճար։

«Լեռնային Ղարաբաղը չի կարող զինաթափվել, քանի որ դա կհանգեցնի ցեղասպանության». վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել ֆրանսիական «Le Figaro» թերթին։

«Արցախի դեմ այս ագրեսիան պետք է անմիջապես դադարեցվի». ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների առաջնորդների արած համատեղ կոչի վերաբերյալ։

«Ֆրանսիան պետք է բացատրություններ պահանջի Թուրքիայից». նախագահ Էմանուել Մակրոնը Թուրքիայի նախագահի հետ քննարկելու է սիրիացի զինյալներին Ադրբեջան տեղափոխելու հարցը։

Թալիշաբնակ Լենքորան քաղաքի բնակչությունը բոյկոտում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ բանակ զորակոչվելու հրամանը: