«Նախարարներն ամենավճռական կերպով դատապարտում են բռնության վտանգավոր էսկալացիան ԼՂ հակամարտության գոտում և դրա սահմաններից այն կողմ»․ ՌԴ-ի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի համատեղ հայտարարությունը

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, Ֆրանսիայի ԱԳ և Եվրոպայի հարցերով նախարար Ժան-Իվ Լե Դրիանը և ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն, որոնք ներկայացնում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները, ամենավճռական կերպով դատապարտում են բռնության վտանգավոր էսկալացիան ԼՂ հակամարտության գոտում և դրա սահմաններից այն կողմ: Այս մասին ասվում է կողմերի համատեղ հայտարարության մեջ, որը հրապարակվել է ՌԴ ԱԳՆ կայքում:

«Նախարարներն անվերապահորեն ընդգծում են, որ վերջին հարձակումները, որոնց թիրախը, ենթադրաբար, քաղաքացիական կառույցներն են եղել ինչպես շփման գծի երկայնքով, այնպես էլ Ադրբեջանի և Հայաստանի տարածքներում՝ ԼՂ հակամարտության գոտու սահմաններից դուրս, ինչպես նաև նման հարձակումների անհամաչափությունն անընդունելի սպառնալիք է ներկայացնում տարածաշրջանի կայունության համար:

Հղում անելով երեք համանախագահ երկրների ղեկավարների՝ հոկտեմբերի 1-ի հայտարարությանը՝ նախարարները կրկին կոչ են անում հակամարտության կողմերին անհապաղ և անվերապահորեն հրադադարի ռեժիմ հաստատել:

Համանախագահ երկրները հաստատակամ են ԵԱՀԿ-ի և միջազգային հանրության կողմից իրենց տրամադրված մանդատն ամբողջովին ի կատար ածելու՝ Մինսկի խմբի անդամ երկրների աջակցությամբ: Այդ մանդատի համաձայն՝ նրանք շարունակում են հետևողականորեն հարստացնել համագործակցությունը կողմերի հետ՝ կոչ անելով նրանց անհապաղ պատասխանատվություն ստանձնել կարգավորման գործընթացը վերսկսելու համար՝ առկա հիմնարար սկզբունքների և համապատասխան միջազգային փաստաթղթերի հիման վրա, որոնք հայտնի են երկու կողմերին էլ»,- ասվում է համատեղ հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Հոկտեմբերի 4-ի դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 14 ուղղաթիռ, 17 ինքնաթիռ, 124 անօդաչու թռչող սարք, 368 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 82 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, մեկ «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:

Հակառակորդն ունի ավելի քան 3154 զոհ, ավելի քան 5270 վիրավոր։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 230 զոհ։

Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում սպանվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում վիրավորվել է 80 քաղաքացիական անձ, զոհվել՝ 19 մարդ, վնասվել՝ մոտ 2700 գույք ու ենթակառուցվածք։

Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։

Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։

Tert.am