ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը փակ քննարկում-հանդիպում է ունեցել ռուս փորձագետների և քաղաքագետների հետ

armtimes.com-Մոսկվա կատարած պաշտոնական այցի շրջանակներում ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը «Ռիա Նովոստի» լրատվական գործակալությունում փակ քննարկում-հանդիպում է ունեցել ռուս փորձագետների և քաղաքագետների հետ: 

ԱԳՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում շոշափվել են տարածաշրջանային և միջազգային զարգացումներին առնչվող բազմաբովանդակ հարցեր: Քննարկման առանցքում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում Թուրքիայի գործուն միջամտությամբ Ադրբեջանի սանձազերծած լայնամասշտաբ ագրեսիայի հետևանքով ստեղծված իրադրությունն է եղել:

Նախարար Մնացականյանը ներկաների ուշադրությունը հրավիրել է ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարության կողմից պատերազմի վարման ոչ իրավաչափ մեթոդների վրա, որոնք ուղեկցվում են միջազգային իրավունքի կոպտագույն խախտումներով:

Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Հարավային Կովկասում արտատարածաշրջանային դերակատարների գործելաոճին, որով փորձ է արվում տարածաշրջանում փոփոխել հավասարակշռությունը և անվտանգային ընկալումները: Այս համատեքստում նախարար Մնացականյանը քննարկման մասնակիցների ուշադրությունը հրավիրել է օտարերկրյա զինյալ ահաբեկիչներին, ծայրահեղական խմբավորումներին ռազմական գործողությունների մեջ ներգրավման միջոցով տարածաշրջանային անկայունության հրահրմանն ուղղված Թուրքիայի խաթարիչ քաղաքականության վրա: