Վրաստանի ԱԳՆ-ն հայտարարում է, որ իր տարածքով ռազմական բեռներ չեն անցնում

1tv.ge-Վրաստանի տարածքով ռազմական տարանցիկ չի իրականացվում: Վրաստանի ունեցած փաստաթղթերի համաձայն, չվերթները, որոնք իրականացվում են Վրաստանի օդային տարածքում, միայն մարդասիրական, քաղաքական բնույթի են և լիովին համապատասխանում են Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ICAO) չափանիշներին,- այս մասին հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Լաշա Դարսալիան:

Ինչպես նշել է Լաշա Դարսալիան, Ղարաբաղում ապակայունացման պահից Վրաստանի կողմից դադարեցվել է ռազմական նշանակության բեռների տարանցիկը ցամաքային և օդային ճանապարհով, ինչպես Ադրբեջանի, այնպես էլ՝ Հայաստանի ուղղությամբ:

«Մեկ անգամ ևս ցանկանում ենք հայտարարել, որ Վրաստանի տարածքով ռազմական տարանցիկ չի իրականացվում: Վրաստանի ունեցած փաստաթղթերի համաձայն, չվերթները, որոնք իրականացվում են Վրաստանի օդային տարածքում, միայն մարդասիրական, քաղաքական բնույթի են և լիովին համապատասխանում են Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ICAO) չափանիշներին: Վրաստանը կրկին շարունակում է հստակ կատարել իր միջազգային պարտականությունները, մարդասիրական և քաղաքացիական, այդ թվում՝ կոմերցիոն բեռների անցկացման առումով: Նշվածն իրականացվում է միջազգային իրավունքի նորմերին, այդ թվում՝ «ICAO»-ի կանոնակարգերին համապատասխան: Չնայած դրան, լրատվամիջոցներով ակտիվացել են շահարկումները, իբր Վրաստանի տարածքով ռազմական փոխադրումներն իրականացվում են քաղաքացիական չվերթների միջոցով:

Կոնկրետ փոխադրողի և բեռի սեփականատիրոջ պատասխանատվությունն է, լիովին ենթարկվել միջազգային իրավունքի նորմերին և չչարաշահել մարդասիրական միջանցքները: Խախտում հայտնաբերելու և կայուն ապացույց ունենալու դեպքում Վրաստանը համարժեք կարձագանքի, խախտողներից կպահանջվի պատասխան՝ միջազգային իրավունքին համապատասխան, այդ թվում ԻԿԱՕ-ի առջև»,- հայտարարել է Լաշա Դարսալիան: