Հայաստան է տեղափոխվել մոտ 700 տոննա հումանիտար օգնություն աշխարհի տարբեր երկրներից. Զարեհ Սինանյան

Ադրբեջանական և ահաբեկչական ագրեսիայի սկզբնական պահից ի վեր սփյուռքում տեղի է ունեցել մի աննախադեպ մոբիլիզացիա, մեր հայրենակիցները քաջ գիտակցելով թե ինչպիսի օրհասական պահ է Հայաստանի համար և որքան դժվար է իրավիճակը մեր բոլորի համար և ինչ է դրված սեղանին, լծվել են գործի: Այս մասին այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասաց Սփյուռքի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը:

«Այդ գործը կատարվում է մի քանի ուղղություններով՝ նախ հումանիտար օգնություն:: Այսօրվա դրությամբ Հայաստան է տեղափոխվել մոտ 700 տոննա հումանիտար օգնություն աշխարհի տարբեր երկրներից և այս օգնությունը շարունակվում է: Այս պահին 100 տոննա օգնություն կա, որը պատրաստ է ԱՄՆ-ից գալ Հայաստան, սակայն Թուրքիան արգելել է օդային տարածքով նույնիսկ մարդասիրական օգնություն հասցնելը, որի արդյունքում այս թռիչքը հետաձգվում է: Ռուսաստանից նաև ամեն օր գալիս են մարդասիրական օգնություններ, նաև ցամաքային տարածքով»,- ասաց Սինանյանը:

Նա նշեց, որ աննախադեպ գումար է փոխանցվել Հայաստան համահայկական հիմնադրամին՝ մոտ 120 մլն դոլար, որը փաստացի մենք գիտենք, ինչպես նաև կան գումարներ, որոնք պետք է ստուգվեն և հաշվվեն կիրակնօրյա դրամահավաքի արդյունքում:

Սինանյանի խոսքով բազմաթիվ բժիշկներ են արտերկրից այս օրերին ժամանել Հայաստան և այդ հոսքն էլ շարունակվում է և ինչը քաջալերվում է հաշվի առնելով զոհերի ու վիրավորների թիվը: