Հայ ժողովուրդն այս իրավիճակում անելիք ունի՝ համախմբել, կենտրոնացնել իր ողջ ներուժը, վճռական հարվածով կանգնեցնել հակառակորդին և հասնել անշրջելի հետևանքի՝ այն է Լեռնային Ղարաբաղի հարցի վերջնական լուծմանը. Նիկոլ Փաշինյան

Թուրք-ադրբեջանական ահաբեկչական դաշինքը հենց այնպես չի դադարեցնելու իր հարձակումը Արցախի ու Հայաստանի նկատմամբ: Այս մասին իր ուղերձում ասաց ՀՀ վարչապետ, գերագույն հրամանատար Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանն ընդգծեց՝ մենք հավատարիմ լինելով Լեռնային Ղարաբաղի հարցի խաղաղ կարգավորման տրամաբանությանը՝ ուզում եմ ընդգծել՝ վերին աստիճանի կառուցողական ենք լինելու ներդրվող դիվանագիտական ջանքերը արդյունավետ դարձնելու համար:

«Այս ջանքերը մինչև այսօր բավարար չեն եղել թուրք-ադրբեջանական ահաբեկչական խմբավորմանը սանձելու համար, որովհետև խնդիրը, որ այդ խմբավորումը իր առաջ դրել է, ոչ միայն Ղարաբաղի հարցի լուծումն է, այլ ավանդական թուրքական ցեղասպան քաղաքականությունը մեր ժողովրդի նկատմամբ շարունակելը, բաց այս վճռական պահին մենք չենք ընկրկի, որովհետև սա ճակատագրական պատերազմն է մեր ժողովրդի համար»,- ասաց նա:

Փաշինյանն ընդգծեց՝ հայ ժողովուրդն այս իրավիճակում անելիք ունի՝ համախմբել, կենտրոնացնել իր ողջ ներուժը, վճռական հարվածով կանգնեցնել հակառակորդին և հասնել անշրջելի հետևանքի՝ այն է Լեռնային Ղարաբաղի հարցի վերջնական լուծմանը, ԼՂՀ ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչմանը:

«Այսօր հայությունը, ավելի քան երբևէ,  համախմբված է, հարյուր հազարավոր հայեր ֆինանսական, տնտեսական, լրատվական, քաղաքական աջակցություն են ցուցաբերում Հայաստանին և Արցախին, սփյուռքի հարյուրավոր համայնքներում մեր հայրենակիցները համերաշխության, բողոքի ու աջակցության բազմահազարանոց խաղաղ հավաքներ են անում՝ օրակարգում ունենալով երկու հարց՝ թուրք-ադրբեջանա-ահակաբեկչական ագրեսիայի դատապարտում, Արցախի ճանաչում: Սա մեր ազգային համախմբման կուլմինացիան է, և այս կուլմինացիան պետք է պսակվի կոնկրետ ազգային նպատակների իրագործմամբ: Հայ ժողովրդին հնարավոր չէ կոտրել, վախեցնել, հաղթել։ Մենք կանգնելու, պայքարելու ենք մինչև վերջ, և այդ վերջի անունն է՝ ազատ և երջանիկ Արցախ, ազատ և երջանիկ Հայաստան»,- ընդգծեց նա: