Հայաստանը կոչ է անում Ադրբեջանին՝ կատարել Ռասայական խտրականության ձեւերի վերացման մասին ստանձնած իր պարտավորությունները

2020թ. նոյեմբերի 11-ին Հայաստանի Հանրապետությունը նամակով դիմել է Ադրբեջանի Հանրապետությանը՝ նշելով, որ վերջին տասնամյակների ընթացքում Ադրբեջանի որդեգրած քաղաքականությունը եւ գործողությունները կոպտորեն խախտում են Ռասայական խտրականության բոլոր ձեւերի վերացման մասին 1965թ. միջազգային կոնվենցիայի պահանջները: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն։

ԱԳՆ-ն, մասնավորապես, հայտնում է.

«Ի թիվս այլնի՝ Հայաստանը կոչ է անում Ադրբեջանին անհապաղ դադարեցնել Հայաստանի եւ էթնիկ հայերի նկատմամբ խտրական գործելակերպը եւ այլ շարունակական խախտումները՝ ներառյալ, սակայն չսահմանափակվելով՝

— հակահայկական տրամադրությունների տարածումը,

— հակահայկական քարոզչությունը վերացնելու ուղղությամբ արդյունավետ միջոցների ձեռնարկումը ձախողելը,

— պետական մարմինների կամ հանրային հաստատությունների կողմից հայերի նկատմամբ ռասայական խտրական վերաբերմունք խրախուսելը կամ այն հրահրելը,

— էթնիկ հայերին իրենց անձնական իրավունքներից խտրական զրկելը, ինչպիսիք են՝ անձի անվտանգության ապահովման, սեփականության եւ մշակութային ժառանգություն հանդիսացող կոթողներ մուտք գործելու եւ դրանցից օգտվելու իրավունքները,

— իրավասու ներպետական դատարանների եւ պետական իրավասու այլ մարմինների կողմից էթնիկ հայերի իրավունքների արդյունավետ պաշտպանության եւ վերականգնման ձախողումը,

— եւ հայերի էթնիկ զտմանն ուղղված քայլերի ձեռնարկումը:

Նշված նամակում Հայաստանը պահանջում է Ադրբեջանից իր կոնվենցիոն պարտավորությունների կատարում եւ հրավիրում վերջինիս բանակցությունների եղանակով քննարկել Կոնվենցիայի պահանջների խախտումները:

Ադրբեջանի կառավարության կողմից Հայաստանի առաջարկը մերժելու կամ սահմանված ժամկետում պատասխան չներկայացվելու դեպքում Հայաստանը իրեն իրավունք է վերապահում առկա իրավական վեճը լուծել Կոնվենցիայով սահմանված կարգով»։