ԱՄՆ-ն եւ Ֆրանսիան սպասում են Լեռնային Ղարաբաղում մարտերը դադարեցնելու հարցում Թուրքիայի դերի հստակեցմանը

Միացյալ Նահանգները եւ Ֆրանսիան ցանկանում են Ռուսաստանից ավելի շատ հստակություն ստանալ Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների լիակատար դադարեցման պայմանների, ինչպես նաեւ պայմանավորվածություններում Թուրքիայի դերի վերաբերյալ։ Այս մասին ճեպազրույցում լրագրողներին հայտնել են Պետքարտուղարության բարձրաստիճան ներկայացուցիչները։ Զրույցի սղագրությունը տարածել է ամերիկյան արտաքին քաղաքականության գերատեսչությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Նրանց հարցրել են Փարիզում ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոյի եւ Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լե Դրիանի բանակցությունների թեմաների մասին։ «Նրանք երկար են խոսել Լեռնային Ղարաբաղի մասին։ Որպես [ԵԱՀԿ Մինսկի խմբի] համանախագահներ նրանք [Ֆրանսիան] համակարծիք են մեզ հետ, որ մենք, ինչպես նախկինում, հանձնառու ենք համանախագահի մեր դերին Մինսկի խմբի [խաղաղ] գործընթացում»,- ասել են ամերիկացի դիվանագետները։

Նրանց խոսքով՝ ԱՄՆ եւ Ֆրանսիայի արտաքին քաղաքականության գերատեսչությունների ղեկավարները «ընդունել են Ռուսաստանի ձեռնարկած գործողությունները, որոնք հանգեցրել են հրադադարի ռեժիմին, որը փաստացի արդեն մոտ մեկ շաբաթ պահպանվում է, բայց նաեւ ընդունել են, որ դեռեւս շատ հարցեր են մնում, որոնք Ռուսաստանից հստակեցում են պահանջում այդ համաձայնագրի պարամետրերի, այդ թվում՝ Թուրքիայի դերի վերաբերյալ եւ այլն, որ ստանան [իրավիճակի վերաբերյալ ավելի շատ տեղեկություն]»։

«Երկուսն էլ նշել են, որ Ռուսաստանը համանախագահներին Մոսկվա է հրավիրել ավելի շատ հստակություն [մտցնելու] համար, եւ ինչպես, հավանաբար, տեսաք լուրերով, համանախագահների միջեւ հեռախոսային զրույցներ են կայացել»,- նշել են արտաքին քաղաքականության գերատեսչությունից։ ԱՄՆ դիվանագետների տեղեկություններով՝ Լե Դրիանը Պոմպեոյին հայտնել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հետ իր զրույցի մասին։

Արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարները քննարկել են նաեւ Թուրքիայի շուրջ իրավիճակը։ «Մենք որոշ մտահոգություն ունենք, մենք Թուրքիայի հետ տարաձայնություններ ունենք Արեւելյան Միջերկրական ծովի ամբողջ տարածաշրջանի, Լիբիայի, Սիրիայի եւ այլ մարզերի շուրջ»,- հավելել են արտաքին քաղաքականության գերատեսչությունից։

Երկուշաբթի Le Figaro պարբերականի կայքում հրապարակված հարցազրույցում Պոմպեոն հայտարարել էր, որ Մինսկի խումբը պետք է ծառայի Լեռնային Ղարաբաղում հակամարտության կարգավորման շուրջ գործողությունների շրջանակ։ Ընդ որում՝ նա հատուկ նշել էր, որ ԱՄՆ-ն «մտահոգված է Թուրքիայի ռազմական ներուժի աճով»։