Ջավախքի հասարակական կազմակերպությունների հայտարարությունը Հայաստանի ներքաղաքական զարգացումների վերաբերյալ

Սիրելի հայրենակիցնե՜ր

Այսօր Մայր հայրենիքը և ողջ հայությունը ապրում են ծանր օրեր: Ընթացիկ տարվա սեպտեմբերի 27-ին Արցախի հանրապետության դեմ լայնամասշտաբ պատերազմ սանձազերծվեց Ադրբեջանի, Թուրքիայի և վերջինիս կողմից անմիջական աջակցություն վայելող միջազգային ահաբեկիչների ու վարձկանների կողմից: Հայ ժողովուրդը վերստին կանգնեց ցեղասպանության վտանգի առջև: Թշնամու թիրախում հայտնվեցին Արցախի բնակավայրերը և խաղաղ բնակչությունը: Քաղաքակիրթ աշխարհի աչքի առջև տեղի ունեցավ մարդկության դեմ թուրքերի կողմից իրականացրած հերթական հանցագործությունը: Նոյեմբերի 10-ին ռազմական գործողություններն ավարտվեցին հայտնի եռակողմ հայտարարությամբ: Այն ծանր զգացողություններ առաջացրեց ողջ հայության շրջանում: Սակայն, միևնույն ժամանակ, այս զինադադարի պայմանները որոշակի հնարավորություններ են ստեղծում առաջիկա բանակցային գործընթացում
դրական շտկումներ կատարելու համար: Բայց դրա համար անհրաժեշտ է համազգային կոնսոլիդացիա: Ջավախահայության լայն շրջանակները  խորապես մտահոգված են Հայաստանի հանրապետության ընթացիկ ներքաղաքական զարգացումներով, և մենք կոչ ենք անում, որ ՀՀ քաղաքական ուժերը`ընդդիմադիր թե իշխանամետ, ցուցաբերեն բարձր պատասխանատվություն` թույլ չտալու Հայաստանում ներքաղաքական իրավիճակի ապակայունացում, որպեսզի միասնաբար հաղթահարվեն հայրենիքի առջև ծառացած մարտահրավերները: Այսօր, առավել քան երբևէ, առաջնահերթ է Հայաստանի ներքին կայունությունը: Այն չափազանց կարևոր է նաև հայ-վրացական հարաբերությունների և Ջավախքի անվտանգության տեսանկյունից: Թշնամին կարող է օգտվել ստեղծված իրավիճակից: Հետևանքները անդառնալի կլինեն: Անհրաժեշտ է լրջորեն սերտել պատմության դառը դասերը:

«Ջավախք»ժողովրդական շարժում հկ նախագահ` Նորիկ Կարապետյան

«Ջավախք» հկ նախագահ` Ստեփան Հակոբյան

Ջավախքի մտավորականների միության նախագահ` Ազատ Շիպակցյան

Սամցխե-Ջավախքի Մեդիա-Վերլուծական կենտրոնի նախագահ` Էդուարդ Այվազյան