Մշտապես հայաբնակ Լեռնային Ղարաբաղը խաղագնդակ դարձավ Թուրքիայի ձեռքում և մեծապես տուժեց պատերազմի ու պարտադրված հաշտության արդյունքում. ԳԴՀ Բունդեսթագի «Այլընտրանք Գերմանիայի համար» խմբակցությունը բանաձև է ընդունել

Aravot.am-ԳԴՀ Բունդեսթագի «Այլընտրանք Գերմանիայի համար» (ԱԳՀ) խմբակցությունն ընդունել է բանաձև` ամփոփելով իր կուսակցության պատգամավորների այցը Լեռնային Ղարաբաղ։ Բանաձևում, մասնավորապես, նշվում է. «ԱԳՀ-ն հավատարիմ է մնում ՄԱԿ կանոնադրությանը և միջազգային իրավունքին։ Մեր արտաքին քաղաքականությունն ուղղված է Գերմանիայի շահերի պաշտպանությանը և հիմնվում է այլ երկրների ներքին գործերին չմիջամտելու սկզբունքի վրա։ Գերմանիան և Եվրոպան հետևում էին, թե ինչպես Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ հարձակվեց Լեռնային Ղարաբաղի վրա` կոպտորեն խախտելով միջազգային իրավունքը։ Նախագահ Էրդողանը գիտակցաբար սադրանք իրականացրեց` տարածաշրջան ուղարկելով նաև ծայրահեղ իսլամիստական զինյալների` իր նեոօսմանական ամբիցիաները բավարարելու նպատակով։ Մշտապես հայաբնակ Լեռնային Ղարաբաղը խաղագնդակ դարձավ Թուրքիայի ձեռքում և մեծապես տուժեց պատերազմի ու պարտադրված հաշտության արդյունքում։ Մենք դատապարտում ենք Լեռնային Ղարաբաղի տարածքի մասնակի օկուպացիան, պատերազմի ժամանակ միջազգային իրավունքով արգելված զենքերի, հատկապես՝ կասետային և ֆոսֆորային ռումբերի օգտագործումը, ինչպես նաև եկեղեցիների և մշակութային հաստատությունների նկատմամբ ոտնձգությունները։

Մեր խմբակցությունը Էրդողանից պահանջում է անհապաղ դադարեցնել իր ազդեցության տարածումը հարևան երկրների, այդ թվում` Սիրիայի և Լիբիայի նկատմամբ։ Եթե Թուրքիան շարունակի այլ պետությունների ներքին գործերին միջամտությունը, մենք կպահանջենք Թուրքիային զենքի վաճառքի էմբարգոյի և պատժամիջոցների սահմանում։ Հաջորդ քայլը կլինի ԵՄ-ի հետ մաքսային միությունից և ՆԱՏՕ-ից Թուրքիայի վտարումը։ Մենք պահանջում ենք դաշնային կառավարությունից էականորեն նպաստել, որ Լեռնային Ղարաբաղի ինքնորոշված բնակչությունը կարողանա ապրել խաղաղ և ազատ։ Այդ նպատակով, պետք է ընթանան հանրային քննարկումներ Լեռնային Ղարաբաղի իրավական կարգավիճակի վերաբերյալ` հաշվի առնելով ցարական և ստալինյան ապօրինի որոշումները։ Չպետք է մոռանալ թուրքերի կողմից 1,5 մլն հայերի ցեղասպանությունը և անհապաղ կասեցնել դրա կրկնությունը»։