Հակառակորդին հաջողվել է մտնել Հին Թաղեր գյուղ, մոտենալ Խծաբերդ գյուղին՝ տալով զոհեր և վիրավորներ․ ՊՆ

Մի քանի ժամ տևած մարտերից հետո հակառակորդին հաջողվել է մտնել Հին Թաղեր գյուղ, մոտենալ Խծաբերդ գյուղին՝ տալով զոհեր և վիրավորներ, հայկական կողմն ունի 6 վիրավոր․ ՊՆ

Դեկտեմբերի 12-ին ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները, կուտակելով հավելյալ անձնակազմ և զինտեխնիկա, այդ թվում նաև ծանր հրետանային միջոցներ, կոպտորեն խախտելով նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության պահանջները, հարձակում են նախաձեռնել Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի ուղղությամբ։

Ինչպես տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը, մի քանի ժամ տևած մարտերի արդյունքում հակառակորդին հաջողվել է մտնել Հին Թաղեր գյուղ, ինչպես նաև ընդհուպ մոտենալ Խծաբերդ գյուղին։

Ադրբեջանական սադրանքի արդյունքում վերսկսված մարտական գործողությունների հետևանքով հայկական կողմն ունի վեց վիրավոր, հակառակորդն ունի զոհեր և վիրավորներ։