Հունվարի 5-ին Հայ առաքելական եկեղեցին նշում է Աստվածահայտնության տոնը

Հայ առաքելական եկեղեցին հունվարի 5-ի երեկոյան նշում է Քրիստոսի Սուրբ Ծնունդն ու Աստվածահայտնությունը: Եկեղեցիներում այդ օրը մատուցվում է Ճրագալույցի Սուրբ պատարագ, որը տարին ընդամենը 2 անգամ է մատուցվում` Սուրբծննդյան և Սբ. Հարության տոներին: Ճրագալույց նշանակում է ճրագ (մոմ) լուցանել, այսինքն` վառել: Պատարագից հետո եկեղեցում վառված ճրագները հավատացյալներն իրենց հետ տուն են տանում:

Սուրբծննդյան պատարագի ժամանակ սուրբ մյուռոնով օրհնվում է նաև ջուրն ու բաժանվում հավատացյալներին: Ջրօրհնեքը խորհրդանշում է Հորդանան գետում Քրիստոսի մկրտությունը:

Սուրբծննդյան տոնին նախորդած մեկ շաբաթը հավատացյալների համար պահքի շրջան է: Այդ օրը ընդունված է նաև տնօրհնեքի արարողություն կատարել: Սուրբ ծննդյան տոնին մարդիկ ողջունում են միմյանց «Քրիստոս ծնվեց և հայտնվեց», «Մեզ և Ձեզ Մեծ Ավետիս» արտահայտությամբ: