Հինգ անձ ձերբակալվել է Հայաստանի Կառավարության շենքը զավթելու փորձի կասկածանքով

Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում քննություն է տարվում՝ Կառավարության շենքը զավթելու փորձ կատարելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ, հարուցվել է քրեական գործ, կան ձերբակալվածներ, հաղորդում է Քննչական կոմիտեն։

«2021 թվականի հունվարի 28-ին` ժամը 17:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Հանրապետության հրապարակում նախապես հայտարարված հավաքի ընթացքում, մի խումբ անձանց կողմից, նախնական համաձայնությամբ, ՀՀ կառավարության շենքը զավթելու փորձ է արվել», — ասված է Քննչական կոմիտեի հաղորդագրությունում։

Գործը հարուցվել է Քրեական օրենսգրքի 34-219-րդ հոդվածի (շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելու փորձ) 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով:

Նախաքննության ընթացքում 5 անձ ձերբակալվել է՝ Կառավարության շենքը զավթելու փորձ կատարելու կասկածանքով:

Կատարվում է նախաքննություն: