Չեխիայի խորհրդարանի կոմիտեն կոչ է արել Ադրբեջանին՝ վերադարձնել մնացյալ գերիներին

Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի Արտաքին հարաբերությունների կոմիտեն փետրվարի 4-ին ընդունել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող բանաձև, որտեղ, ողջունելով հրադադարի հաստատումը, միաժամանակ ափսոսանք է հայտնել Ադրբեջանի կողմից հրադադարի՝ գերիների վերաբերյալ կետի չկատարման կապակցությամբ։

Հայաստանի արտգործնախարարությունը՝ վկայակոչելով Չեխիայում Հայաստանի դեսպանությունը, նշում է, որ կոմիտեն նաև կոչ է արել Ադրբեջանին՝ վերադարձնել մնացյալ գերիներին։

«Միաժամանակ Կոմիտեն կոչ է անում հակամարտության քաղաքական կարգավորման՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ձևաչափում», — ասված է հաղորդագրությունում։

Նշենք, որ ընդհանուր առմամբ մինչ օրս Հայաստան է վերադարձվել 59 գերի, այնինչ հայկական կողմը տվյալներ ունի շուրջ 200 գերեվարվածների վերաբերյալ։