Ադամ Քինզինգերը և Գարի Քոնոլին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում ներկայացրել են Վրաստանին աջակցող արձանագրություն

Վրաստանի բարեկամների խմբի համանախագահներ, կոնգրեսականներ Ադամ Քինզինգերը և Գարի Քոնոլին, ներկայացուցիչների պալատում մեկ անգամ ևս ներկայացրեցին Վրաստանին աջակցող արձանագրություն:

Ըստ ներկայացուցիչների պալատի կայքէջի, օրինագիծը վերահաստատում է Միացյալ Նահանգների շարունակական աջակցությունը Վրաստանի անկախությանը և ինքնիշխանությանը, ճանաչում է Վրաստանի հավատարմությունը ժողովրդավարական արժեքներին, ներառյալ ազատ և արդար ընտրությունները, և վերահաստատում է ԱՄՆ-ի հակադրությունը տարածաշրջանում Ռուսաստանի ագրեսիային:

Փաստաթղթում նշվում է, որ Վրաստանի Հարավային Օսեթիայի և Աբխազիայի բռնազավթված շրջաններում Ռուսաստանը խռովություն է առաջացնում՝ օգնելով անջատողական շարժումներին և իրականացնելով մարդու իրավունքների լուրջ խախտումներ, այդ թվում՝ ձերբակալություններ և սպանություններ: Ռուսական ուժերը շարունակում են հետապնդել վարչական շփման գծի երկայնքով գտնվող քաղաքացիական համայնքներին և խոչընդոտել տեղահանվածների վերադարձին: Վրաստանի աջակցության ակտը սատարում է Վրաստանի տարածքային ամբողջականությանը՝ պատժամիջոցներ կիրառելով վերոնշյալ օկուպացված տարածքներում մարդու իրավունքների խախտումների համար պատասխանատու անձանց նկատմամբ:

«Արդեն ավելի քան 12 տարի է, ինչ ռուսական ուժերը ներխուժել և բռնազավթել են վրացական հողերը: Այնուամենայնիվ, նույնիսկ Ռուսաստանի մարդու իրավունքների հիմնարար ոտնահարումների պայմաններում, Վրաստանն անխոնջ աշխատել է ժողովրդավարության զարգացման և իր ժողովրդի անկախության համար: Այս պատճառներից ելնելով, կարևոր է, որ մենք կրկին ներկայացնենք այս օրինագիծը: Որպես Վրաստանի հետ բարեկամության խմբի համանախագահ՝ ես ամուր կանգնած եմ վրացի մեր ընկերների կողքին՝ ռուսական ագրեսիայի դեմ պայքարում: Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել իմ գործընկեր, կոնգրեսական Քոնոլլիին՝ ազատ և ժողովրդավարական Վրաստանին նվիրվելու համար», – ասաց Ադամ Քինզինգերը:

Ըստ կոնգրեսական Քոնոլիի, փաստաթուղթն ամրապնդում է ԱՄՆ-Վրաստան գործակցությունը:

«Ես հպարտ եմ, որ կրկին ներկայացնում եմ Վրաստանին աջակցող արձանագրություն, որն ամրապնդելու է ԱՄՆ-Վրաստան կարևոր գործընկերությունը, ռազմավարական նշանակություն ունեցող հարաբերությունները է աշխարհի կարևոր մասում: Այս օրինագիծը մեկ անգամ ևս հստակեցնում է, որ Միացյալ Նահանգները վճռականորեն աջակցում է Վրաստանի ինքնիշխանությանը, շարունակական ժողովրդավարական զարգացմանը և անվտանգությանը, հատկապես ռուսական ագրեսիայի պայմաններում: Որպես ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի նախագահ, ես ուրախ եմ, որ այս փաստաթուղթը հաստատում է, որ Վրաստանը վաղուց ՆԱՏՕ-ի հավակնորդ է», – ասաց կոնգրեսական Քոնոլին:

Փաստաթղթում նշվում է նաև, որ ԱՄՆ առևտրի ներկայացուցիչը պետք է առաջընթաց գրանցի Վրաստանի հետ ազատ առևտրի համաձայնագրի բանակցություններում: