Հայաստանում վաղ առավոտյան 2-3-բալլանոց երկրաշարժ է գրանցվել Երևանից 12 կմ հարավ-արևելք

Այսօր վաղ առավոտյան ևս մեկ երկրաշարժ՝ հետցնցում է տեղի ունեցել Երևանի մերձակայքում, այս անգամ՝ 2․0 մագնիտուդով, էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալլ:

Արտակարգ իրավիճակների նախարարության փոխանցմամբ՝ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը երկրաշարժը գրանցել է տեղական ժամանակով ժամը 7:26 (Գրինվիչի ժամանակով ժամը 3:26)՝ հյուսիսային լայնության 40.10 աստիճան և արևելյան երկայնության 44.57 աստիճան աշխարհագրական կոորդինատներով` Հայաստան` Երևանից 12 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ:

Երկրաշարժը զգացվել է Երևան և Արտաշատ քաղաքներում՝ 2 բալլ ուժգնությամբ:

Շաբաթ օրը՝ փետրվարի 13-ին 4․7 մագնիտուդով երկրաշարժ տեղի ունեցավ, էպիկենտրոնը՝ Երևանից 8 կմ դեպի հարավ-արևելք, ցնցումների ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 6-7 բալլ։ Երկրաշարժը զգացվեց Երևանում` 5-6 բալլ ուժգնությամբ, Արագածոտնի, Արարատի, Շիրակի, Արմավիրի, Վայոց Ձորի մարզերում` 3-4 բալլ ուժգնությամբ: Այդ երկրաշարժին հաջորդեցին տասնյակ հետցնցումներ, Արտակարգ իրավիճակների նախարարության վկայությամբ՝ դրանց ակտիվությունը գնալով մարում է։