Անհրաժեշտ է ամբողջությամբ կատարել ռազմագերիների փոխանակման վերաբերյալ Ղարաբաղի հարցով համաձայնագրի դրույթներ. ԵՄ

Եվրամիությունը հայտարարել է միջազգային մարդասիրական իրավունքին հետեւելու անհրաժեշտության մասին եւ կոչ արել լիարժեք իրականացնել Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հրադադարի մասին համաձայնագրի ռազմագերիների փոխանակման եւ մարդկային աճյունների վերադարձի մասին դրույթները:

«Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղին, ԵՄ-ն շեշտում է միջազգային մարդասիրական իրավունքին հետեւելու անհրաժեշտությունը եւ կոչ անում լիարժեք իրականացնել Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հրադադարի մասին համաձայնագրի ռազմագերիների փոխանակման եւ մարդկային աճյունների վերադարձի մասին դրույթները: Եթե օտարերկրյա գրոհայինները դեռեւս շարունակում են մնալ տարածաշրջանում, ապա պետք է արագ եւ ամբողջությամբ դուրս բերվեն: ԵՄ-ն կոչ է անում բանակցություններ վարել հակամարտության համապարփակ եւ կայուն կարգավորման շուրջ, որը տանում է դեպի տարածաշրջանում տեւական խաղաղություն»,- նշված է ԵՄ հայտարարության մեջ` կապված ՄԱԿ Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի տարեկան զեկույցի եւ ՄԱԿ մարդու իրավունքների խորհրդի 46-րդ նստաշրջանում ընդունված Գերագույն հանձնակատարի գրասենյակի ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի զեկույցների հետ: