Բրյուսելում տեղի է ունենալու Վրաստան-Եվրամիություն ասոցացման խորհրդի նիստը

Այսօր Բրյուսելում տեղի կունենա Եվրամիություն-Վրաստան Ասոցացման խորհրդի վեցերրորդ նստաշրջանը: Նիստին կմասնակցի Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, որը կառավարական պատվիրակության հետ միասին գտնվում է Բելգիայի մայրաքաղաքում:

Վրաստան-Եվրամիություն Ասոցացման խորհրդի նիստից հետո տեղի կունենա՝ վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի, Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերում գերագույն ներկայացուցիչ, Ժոզեֆ Բորելի և հարևանության քաղաքականության և ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Օլիվեր Վարհեյի համատեղ մամուլի ասուլիսը:

Վրաստանի վարչապետի մամուլի ծառայության փոխանցմամբ, մարտի 17-ին բարձր մակարդակի հանդիպումներ կկայանան Եվրախորհրդարանում և ՆԱՏՕ-ում: Վրաստանի կառավարության ղեկավարին ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում կհյուրընկալի դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգը: Հանդիպումից հետո տեղի կունենա Իրակլի Ղարիբաշվիլիի և Ենս Սթոլթենբերգի համատեղ մամուլի ասուլիսը: Նախատեսվում է նաև ՆԱՏՕ-Վրաստան հանձնաժողովի նիստ:

Բրյուսել կատարած այցի ընթացքում Իրակլի Ղարիբաշվիլին արդեն հանդիպել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ, ինչպես դեմ առ դեմ, այնպես էլ ընդլայնված կազմով: Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է նաև Բելգիայի վարչապետ Ալեքսանդր Դե Կրոսի հետ:

Վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորած պատվիրակության կազմում են փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Թուրնավան և արդարադատության նախարար Գոչա Լորթքիփանիձեն:

Վարչապետի և կառավարության անդամների հետ միասին Բրյուսելում է գտնվում նաև Վրաստանում Եվրամիության  դեսպան Կառլ Հարցելը: