Կյանքից հեռացել է Ջիվան Գասպարյանը

Կյանքից հեռացել է դուդուկահար Ջիվան Գասպարյանը: Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է անվանի երաժշտի թոռը՝ կրտսեր Ջիվան Գասպարյանը:

«Շատ մեծ ցավով եմ գրում իմ մեծ կորստի մասին
Աստված հոքիտ լուսավոր երկնքում պահի»,- գրել է նա:

ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1978 թ.), Հայաստանի և Կանադայի երաժշտական ակադեմիաների անդամ Ջիվան Գասպարյանը ծնվել է Կոտայքի մարզի Սոլագ գյուղում 1928 թվականին։ Դուդուկ սկսել է նվագել վեց տարեկանից՝ առանց դասավանդումի։

1949-ին միացել է Թաթուլ Ալթունյանի անվան Հայկական ժողովրդական երգի-պարի պետական անսամբլի Ազգային երգ ու պարի համույթին: 1956 թվականին ստացել է առաջին մրցանակը, 1959 թվականին՝ առաջին ոսկե մեդալը Չորրորդ Միջազգային փառատոնում՝ ՄԱԿԳՄի (UNESCO) հովանավորության տակ։ Նույն մրցույթին մասնակցելով, 1962 թվականին ստացել է արծաթե մեդալ, 1973 թվականին՝ բրոնզե, 1973 թվականին արժանացել է ՀՀ Ազգային արվեստագետ պատվավոր կոչմանը։

1988 թվականից սկսել է միջազգային երաժշտական գործունեությունը։ Բրայան Ինոն, պատահաբար լսելով երաժշտապետի ներկայացումը Մոսկվայում, որոշել է նրան Լոնդոն հրավիրել։ Պիտեր Գաբրիելը նրա նվագը օգտագործել է Մարտին Սկորսեզեի ֆիլմում՝ «Քրիստոսի վերջին գայթակղությունը»։ Համագործակցել է Կրոնոս Կվարտետի և Լոս Անջելեսի Երաժշտասիրական Օրկեստրայի հետ։

Ջիվան Գասպարյանը մասնակցել է համաշխարհային ճանաչում վայելած ֆիլմերի երաժշտությունների ստեղծմանը` «Քրիստոսի վերջին չարչարանքները» (1988 թ., ԱՄՆ), «Ռոնին» (1998 թ., ԱՄՆ), «Օնեգին» (1999 թ., ԱՄՆ), «Գլադիատոր» (2000 թ., ԱՄՆ), «Սիրանա» (2005 թ., ԱՄՆ), «Արյունոտ ադամանդ» (2006 թ., ԱՄՆ), «Ձյուն և մոխիր» (2015 թ., Ռուսաստան) և այլն։

Թողարկել է ավելի քան 20 ձայնասկավառակ, ունի ավելի քան 1000 ձայնագրություններ, նվագել է շուրջ 20 հազար համերգներում։