Ադրբեջանցիները երկու ժամ է՝ կրակում են Երասխի ուղղությամբ

Ադրբեջանական կողմն այսօր՝ օգոստոսի 6-ին, ժամը 12-ից կրակում է հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում։

Այս տեղեկությունը NEWS.am-ի հետ զրույցում հաստատեցին Պաշտպանության նախարարությունից։

Երասխի բնակիչներից մեկը NEWS.am-ին պատմեց, որ կրակահերթից առաջ պայթյունի ձայն է լսվել, այնուհետև հրդեհ է բռնկվել սահմանի մոտ։ Բնակիչները, անվտանգությունից ելնելով, փորձում են տներում մնալ։ Նրանց խոսքով՝ պայթյունից հետո սահմանին անընդհատ կրակոցներ են, ինչը ժամը 14։00-ի դրությամբ էլ շարունակվում է՝ շատ կարճատև դադարներով։