Իրանի և Վրաստանի հետ քննարկումների օրակարգում էական է տարածաշրջանային կոմունիկացիաների զարգացման թեման. Փաշինյան

Armtimes.com-Այսօր Կառավարության նիստի սկզբում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ վարչապետի պաշտոնում վերանշանակվելուց հետո հասցրել է այցելել ԻԻՀ, այսօր էլ մեկնում է Վրաստան:

«Թե՛ Իրանի, թե՛ Վրաստանի հետ մեր քննարկումների օրակարգում էական դեր է խաղում տարածաշրջանային կոմունիկացիաների զարգացման թեման: Այս համատեքստում կարևորում եմ Հյուսիս-հարավ նախագիծը, որն Իրանի հետ մեր սահմանը կապում է Վրաստանի հետ մեր սահմանին: Մեզ համար չափազանց կարևոր է նաև երկաթուղային կապի հաստատումը ՌԴ-ի և ԻԻՀ-ի հետ: Այս խնդիրը լուծելու համար Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան եռակողմ ձևաչափով քննարկում ենք կոմունիկացիաների վերաբացման հարցը»,- նշեց վարչապետը:

Փաշինյանի խոսքով՝ իրենք վճռական են՝ ջանքեր գործադրելու կոնկրետ արդյունքների հասնելու համար: Նիկոլ Փաշինյանը շեշտեց, որ Հայաստանը տրամադրված է վերականգնել խաղաղ գործընթացն Ադրբեջանի հետ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում:

«Մենք շարունակում ենք աշխատել դրա համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելու ուղղությամբ»,- ասաց վարչապետը և հույս հայտնեց, որ գերիներին, պատանդներին և այլ պահվող անձանց Հայաստան վերադարձնելու գործընթացն օր առաջ ավարտին կհասցվի: