Արցախում հուղարկավորել են զոհված զինծառայողին. ներկա է եղել Լեւոն Մնացականյանը

Արցախում հունվարի 22–ին հակառակորդի կրակոցից զոհված պայմանագրային զինծառայող Կարեն Ուլուբաբյանին այսօր՝ հունվարի 25-ին, հուղարկավորել են Արցախի Մարտունի քաղաքի գերեզմանատանը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Մարտունու շրջանի վարչակազմի ղեկավար Կարեն Թովմասյանը: Կարեն Ուլուբաբյանի հուղարկավորությանը ներկա են եղել ծառայակից ընկերները, բարձրաստիճան ԶՈւ սպաներ, ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լեւոն Մնացականյանը:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 2014թ. օգոստոսին ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում Ադրբեջանի կողմից կազմակերպված դիվերսիոն գործողությունները հետ մղողներից մեկն է եղել Կարեն Ուլուբաբյանը: Կարենի հայրը եւս արցախյան ազատամարտի մասնակից է եղել, իսկ հորեղբայրը պարգեւատրվել է «Մարտական խաչով»:

Կարեն Ուլուբաբյանը ընտանիքի ավագ որդին էր` ունի իրենից փոքր քույր եւ եղբայր: Նրա եղբայրը նույնպես ծառայում է Արցախում` նույն զորամասում:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Արցախի Մարտունի քաղաքից էր, մի քանի ամիս առաջ էր ծառայության անցել։

Ըստ Պաշտպանության բանակի մամուլի ծառայության՝ հունվարի 22-ին՝ ժամը 23:25-ի սահմաններում, ՊԲ արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, մահացու վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող, 22–ամյա Կարեն Մարատի Ուլուբաբյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: