Վրաստանի իշխանությունները գիտակցում են, որ Միքայել Ավագյանի հուշարձանի ապամոնտաժման պահանջը ադրբեջանական սադրանք է. Էդուարդ Այվազյան

Փետրվարի 8-ին, երբ վրաստանաբնակ ադրբեջանցիները Թբիլիսիիում բողոքի ակցիա էին իրականացնում՝ պահանջելով ապամոնտաժել Արցախյան ազատամարտի մասնակից Միքայել Ավագյանի՝ Ախալքալաքի Բուղաշեն գյուղում տեղադրված հուշարձանը, Բուշաղենի հայ երիտասարդները, «Զորի Զորյան» երիտասարդական միության ներկայացուցիչների հետ այդ ցույցին զուգահեռ, հավաքվել են Միքայել Ավագյանի հուշարձանի մոտ, որպեսզի ցույց տան թե՛ Վրաստանի իշխանություններին, թե՛ ադրբեջանական համայնքին, որ իրենք կանգնած են արձանի կողքին և թույլ չեն տա դա։

Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Սամցխե–Ջավախքի մեդիա վերլուծական կենտրոնի տնօրեն Էդուարդ Այվազյանը՝ ավելացնելով, որ Միքայել Ավագյանի հուշարձանի մոտ հերթապահություն իրականացնելու կարիք չկա:

Էդուարդ Այվազյանը նշեց, որ նրանք նաև այդ քայլով շնորհակալություն են հայտնում Վրաստանի իշխանություններին, հավասարապես տրված մոտեցումների համար: Նա նշեց, որ մինչ այս պահը Վրաստանի իշխանությունների  բոլոր հայտարարություններն այս թեմայի շուրջ շատ հավասարակշռված են եղել:

«Իսկ ադրբեջանական  համայնքն ամեն կերպ փորձում է լարվածություն մտցնել հայ –վրացական հարաբերությունում և դրդում է  Վրաստանի իշխանություններին գնալ ապամոնտաժման քայլին՝ նպատակ  հետապնդելով, որպեսզի լարվածություն առաջանա Ջավախքում: Իսկ երիտասարդները, որոնց հետ ես անձամբ զրուցել եմ, ասում են, որ չեն տրվելու սադրանքներին և ամեն կերպ կանգնած են իշխանությունների կողքին»,-ասաց նա:

Հարցին, թե մտավախություն կա՞, որ այդուհանդերձ Վրաստանի իշխանությունները կառաջարկեն ապամոնտաժել, Էդուարդ Այվազյանը նշեց, որ ապամոնտաժման ոչ մի հայտարարություն չեն արել և բոլորը հայտարարությունները շատ զուսպ և հավասարակշռված են եղել:

«Կարծես Վրաստանի իշխանությունները ևս գիտակցում են, որ դա սադրանք է, որը գալիս է ադրբեջանական կողից։ Ադրբեջանցի պատգամավոր կա՝ Ազեր Սուլեյմանովը, որն ընդդիմադիր «Միասնական ազգային շարժում» (Սաակաշվիլիի կուսակցությունը) կուսակցության անդամ է, պառլամենտում կոչ է արել, որպեսզի Միքայել Ավագյանի արձանը ապամոնտաժվի: Այսինքն՝ հիմնականում  ընդդիմադիր օղակներն են գործի լծվել, որոնք ավելի խորը կապեր ունեն ադրբեջանական համայնքի հետ»,-ասաց նա:

Էդուարդ Այվազյանը պնդեց, որ հայ  համայնքը միասնական է. «Ջավախքում բոլորն ասում են, որ մենք բոլորս Միքայել Ավագյան ենք, նույնիսկ սոցցանցերում իրենց  լուսանկարի  փոխարեն դրել են Միքայել Ավագյանի կիսանդրի լուսանկարը,  որի վրա վրացերեն տառերով  գրած է, որ ես Միքայել Ավագյանն եմ, ու ասում եմ, որ սա մեր արժանապատվության հարցն է, և այստեղ ոչ մի կոմպրոմիսի կամ զիջման հարց չկա, քննարկման հարց էլ չկա»: 

Հեղինակ Նելլի Լազարյան
Tert.am