|
 |
|
 |
Գլխավոր » 2011 » Հունիս » 16 » ԱՎԱՐՏՎԵԼ Է ԳԱՐԵԳԻՆ ԵՐԿՐՈՐԴԻ ՀՈՎՎԱՊԵՏԱԿԱՆ ԱՅՑԸ ՋԱՎԱԽՔ
11:21 ԱՎԱՐՏՎԵԼ Է ԳԱՐԵԳԻՆ ԵՐԿՐՈՐԴԻ ՀՈՎՎԱՊԵՏԱԿԱՆ ԱՅՑԸ ՋԱՎԱԽՔ |
Հունիսի 15-ին` հովվապետական այցի վերջին օրը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսն այցելել է Ջավախքի մի շարք հայաբնակ շրջաններ:
Առավոտյան կաթողիկոսն այցելել է Սամցխե-Ջավախքի Ընդհանուր առաջնորդական փոխանորդության առաջնորդարան, ուր նրան ողջունել է փոխառաջնորդ Տ. Բաբկեն աբեղա Սալբիյանը` ներկայացնելով փոխառաջնորդության կողմից իրականացվող ծառայությունը:
Այնուհետև պատվիրակությունն ուղևորվել է Նինոծմինդա: Քաղաքի մատույցներում Հայ և Վրաց Եկեղեցիների հովվապետերին ողջունել են տեղի ղեկավարությունը՝ գլխավորությամբ Նինոծմինդայի շրջանային ժողովի նախագահ Վլադիմիր Ստամբոլցյանի և Նինոծմինդայի շրջանային վարչության նախագահ Սամսոն Փնջոյանի, հոգևոր դասը և համայնքային գործիչներ, ապա քաղաքի կենտրոնական հրապարակումտեղի է ունեցել հանդիպում ժողովրդի հետ, ներկաներին իրենց պատգամն են հղել Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Վրաց Պատրիարքը: Այցի առիթով կազմակերպվել է նաև ժողովրդական տոնախմբություն:
«Ուրախ ենք մեծապես, որ Սամցխե-Ջավախքում եկեղեցասեր ու ազգասեր հայորդիներդ հաստատուն ու անխաթար եք պահում հավատավոր կյանքը` խարսխված ազգային մեր նվիրական արժեքներին, մեր լույս հավատքին, մեր Սուրբ Եկեղեցուն: Տեղյակ ենք, որ ձեր ազնիվ աշխատանքով, ջանքեր եք բերում Վրաստանի առաջընթացին, նպաստում երկրում բարօրության ու վերազարթոնքի համար իրականացվող ծրագրերին ու գործըթացներին: Սիրելիներ, գիտենք նաև, թե ինչպիսի տոկունությամբ եք դիմագրավում տարբեր մարտահրավերներ ու դժվարություններ, որոնց մեջ, սակայն, վառ եք պահում հույսն ու լավատեսությունը, առավել շեն ու բարօր կյանք կերտելու վճռականությունը», - ասել է Վեհափառ Հայրապետը` ընդգծելով, որ հայ ժողովուրդը, ինչպես ամենուր, Ջավախքում ևս, վկայեց, որ հայությունը, իր հոգում միշտ պայծառ է պահում հավատքի աստվածապարգև լույսը, որը միշտ ճառագում է հավատացյալի սրտում, և երբեք չի դադարում հայ հավատացյալի և հոգևորականի աղոթքը, չի պարպվում հույսն ու սերը, չի լռում հայալեզու խոսքը:
Ժողովրդի հետ հանդիպումից հետո Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարքը եղել են Խոջաբեկի Սուրբ Սարգիս հայկական եկեղեցում, որտեղ կատարվել է աղոթք:
Այնուհետև ի պատիվ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տեղի իշխանությունների կողմից Նինոծմինդայում տրվել է պաշտոնական ճաշ, որի ընթացքում Վեհափառ Հայրապետը օրհնության գրեր է շնորհել մշակույթի անվանի գործիչ Ժորա Սնխչյանին, գործարարներ Արամ Սանոսյանին և Արմեն Ղարսլյանին: Այնուհետև Հայրապետական շքախումբն ուղևորվել է դեպի Վահան Տերյանի ծննդավայր Գանձա գյուղը: Ճանապարհին պատվիրակությունը կանգ է առել Սաթխա գյուղի հերոսամարտի Խաչքարի և 1989 թվականի ապրիլի 9-ի հիշատակի հուշարձանի մոտ: Վեհափառ Հայրապետը ծաղիկներ է դրել հուշակոթողին, կատարվել է հոգեհանգստյան աղոթք, ապա Նորին Սրբությունն իր պատգամն է հղել հավաքված հարյուրավոր հայորդիներին:
Գանձա գյուղում Ամենայն Հայոց Կաթողիկոսը նախ այցելել է Սուրբ Կարապետ հայկական եկեղեցի` իր օրհնությունը բերելով եկեղեցու կամարների ներքո խմբված ժողովրդին, ապա եղավ Վահան Տերյանի տուն-թանգարանում, ուր Ամենայն Հայոց կաթողիկոսին ողջունել է թանգարանի տնօրեն Վաղարշակ Թանգամյանը:
Նինոծմինդայի շրջանի հայրապետական այցելության ավարտին շարասյունը ուղևորվել է դեպի Ծալկայի շրջան: Ծալկայի շրջանի Այազմա գյուղում, հակառակ հորդառատ անձրևի, Ամենայն Հայոց կաթողիկոսի մեծ խանդավառությամբ ողջունել են Ծալկայի հայությունը և տեղի իշխանությունները: Հանդիպման առիթով Հայոց Հայրապետին ողջունելու եկած ժողովրդին իր օրհնությունն է բաշխել կաթողիկոսը: «Պատմական այս բնակավայրում, բնության գեղաշուք գրկում, հազարավոր հայորդիների ոգեշնչման աղբյուր հանդիսացած Փարվանա լճի մոտ հանգրվանած` դու՛ք, սիրելի՛ հավատավոր ժողովուրդ, անմասն չեք Վիրահայոց թեմում սկսված ազգային-եկեղեցական, մշակութային վերելքից: Այսօր Հայրապետիս սիրտն առանձնահատուկ ջերմությամբ և հոգևոր զվարթությամբ է համակված, քանզի տեսնում ենք մեր Եկեղեցու հարազատ զավակներիդ հավատքի մեջ ամուր, հայրենական արժեքների հանդեպ նախանձախնդիր, ձեր տունը շենացնելու, հոգևոր ու ազգային ձեր կյանքը զորացնելու նվիրումով լեցուն և բարի հույսով` դեպի ապագան: Ձեզ այստեղ համախմբել է սերը Մայր Աթոռ Սուրբ էջմիածնի հանդեպ, հավատարմությունը ազգային ավանդներին և մշակույթին, որոնցով կրթվել ու դաստիարակվել եք և որոնք ուզում եք փոխանցել ձեր զավակներին», - ասա Նորին Սրբությունը` հորդորելով ջանք և եռանդ չխնայել` ազգային ինքնությունն ու արժանապատվությունը, հայրենի սրբազան ավանդները պահպանելու նախանձախնդրության մեջ: «Շարունակեք հայրենի բառ ու բանով, ազգասիրության ու հայրենասիրության ոգով սնել ձեր կյանքը և դաստիարակել մատաղ սերնդին, որը մեր ապագա հոգևորականն է, հայ մշակույթի ու գիտության անխոնջ մշակը, ազգային գործիչը», - հորդորել է հայորդիներին Վեհափառ Հայրապետը:
Հանդիպումից հետո վրացական Ժդանովական գյուղի սահմանակետում Ամենայն Հայոց կաթողիկոսը և Վրաց Պատրիարքը հրաժեշտ են տվել միմյանց, ապա Ամենայն Հայոց Հայրապետն իր շքախմբով, ավարտելով միջեկեղեցական և հովվապետական այցը Վրաստան, վերադարձել է Մայր Աթոռ Ս. Էջմիածին, գրում է tert.am-ը: |
|
Բաժին: ՀՈԳԵՎՈՐ
| 131
Ավելացրեց: Akhaltskhanet
|
|
 |
Copyright MyCorp © 2012 |
 |
|
ახალციხის საინფორმაციო საიტი АХАЛЦИХСКИЙ ИНФОРМАЦИОННЫЙ САЙТ THE AKHALTSIKHE INFORMATION SITE ԱԽԱԼՑԽԱՅԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԿԱՅՔ ქ. ახალციხე, Ахалцихе, Ахцха ՀԱՅ-ՎՐԱՑԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ , ՍԱՄՑԽԵ-ՋԱՎԱԽՔ.Ախցխա, Ախալցիխե
|