|
Երեկ` Ս. Աստվածամոր վերափոխման տոնի օրը, Վիրահայոց թեմի առաջնորդ Տ.Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի ձեռամբ, ինչպես նաև Սամցխե-Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Տ. Բաբկեն աբեղա Սալբիյանի և Սուրբ Խաչ եկեղեցու քահանա Տ. Տաթև Մարուքյանի մասնակցությամբ կատարվեց նորոգված Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցու դռնբացի արարողությունը, ինչպես նաև մատուցվեց պատարագ, խաղողօրհնեքի կարգ և ավանդական մատաղի օրհնություն:
Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցին կառուցվել է 1856 թվականին: 2010-ին սկսվել էր դրամահավաք, որին մասնակցողներից ամենամեծ ներդրում արել է ծնունդով Ախալքալաքցի, իսկ այժմ մոսկվայաբնակ Երվանդ Չոմարյանը: Իսկ երբ խնդրեցինք մի քանի հարցի պատասխանել, բարերարը համեստորեն ասաց. «Կարևորը եկեղեցին նորոգված է, մնացած խոսքերն ավելորդ են»:
«Այսօր ամենուր նշվում է խախողօրհնության օրը, ինչպես նաև Ջավախքում: Եթե յուրաքանչյուր մարդ, ով քիչ թե շատ ուշադրություն դարձնի մեր հայ մշակույթին, կրոնին, արվեստին ու ավանդույթներին, ինչն արդեն տեղի է ուենում, և արդյունքում այսօր Ջավախքում հայկական ոգին նոր թափ է առնում, կյանքն աշխուժանում է»-ասում է Ախալքալաքի սակրեբուլոյի նախագահ Համլետ Մովսիսյանը:
Թե ինչու հենց Աստվածամոր վերափոխման տոնին կատարվեց դռնբացի արարողությունը, բացատրում է Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Տ. Բաբկեն աբեղա Սալբիյանը: «Հունվարի 19-ին գտնվում էի Երուսաղեմում և Աստվածամոր գերեզմանին պատարագ ունեցա, իմ խնդրանքն էր, որ Աստված օգնի մեզ, որ կարողանանք Սուրբ Խաչ եկեղացին վերանորոգել: Եվ դա տեղի ունեցավ, գտնվեց բարերար, ով հեռավոր Ռուսաստանից իր օգնության ձեռքը մեկնեց և այստեղ Աստվածամոր օրհնությունը կար»:
Խախողօրհնեքի արարողությունից ու պատարագից հետո տեղի ունեցավ մատաղօրհնեք, որը բաժանվեց ժողովրդին: Եվ այս ամենին հաջորդեց ավանդական ջավախքյան երգն ու պարը դհոլ զուռնայի ուղեկցությամբ:
Աղունիկ Այվազյան
hetq.am |