|
Հայաստանը չունի որևէ քաղաքականություն Ջավախքի նկատմամբ: Այժմյան քաղաքականությունը Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը պարտվողական է համարում: Այսօր Ջավախքի հիմնախնդիրների շուրջ կազմակերպված քննարկման ժամանակ նա նշեց, որ ջավախքահայության հարցը Հայաստանի համար ոչ պակաս կարևոր է, քան Արցախի կամ հայ-թուրքական սահմանի բացման խնդիրը:
«Այնպիսի տպավորություն է, որ այսօրվա իշխանության պահվածքը պարտվողական է: Մինչև պարտվելը հասկանալի կլիներ այդպիսի քաղաքականությունը, բայց այսօր մենք պետք է ավելի հզոր լինենք, որովհետև եթե մենք գործոն ենք, մեզանից վախենում են, դրանով մենք կնպաստենք Ջավախքի առաջընթացին»,- ասաց Տիգրան Կարապետյանը:
Նա առաջարկեց հիմնադրամ ստեղծել, որը կօգնի ջավախքահայությանը: Տիգրան Կարապետյանն այն բանից հետո, երբ լրատվամիջոցների մի մասը, հատկապես հեռուստաընկերությունները, լքեցին Թեքեյան կենտրոնը, որտեղ ընթանում էր կլոր-սեղանը, նշեց, որ բոլոր ուժերը պետք է համախմբվեն, որպեսզի կարողանան սատարել Ջավախքին, այլ ոչ թե միջոցառման կեսից լքեն դահլիճը և չլսեն բոլոր կողմերին ու հնչած կարծիքները:
ԺԱԿ կուսակցության նախագահ Սպարտակ Մելիքյանն առաջարկեց խոսակցություններից անցնել գործնական քայլերի: «Մենք պետք է ոչ թե մեղադրենք իշխանություններին, այլ հասկանանք, որ այսօր Հայաստանը դե ֆակտո գտնվում է բլոկադայի մեջ: Իհարկե, մեր իշխանությունները ցանկանում են պաշտպանել հայերին, խիստ մոտենալ, բայց կա կաշկանդվածություն, որովհետև մենք ունենք մեկ ճանապարհ, ու այդ ճանապարհը չի կարելի փակել»,- հիմնավորեց Ս. Մելիքյանը:
Նրա կարծիքով` իշխանություններին էլ ձեռք կտա, եթե հասարակական-քաղաքական կազմակերպություններն առավել ակտիվ լինեն այս գործընթացում և սկսեն տարբեր ատյաններում հարցը բարձրացնել:
Քրիստոնեա-դեմոկրտական կուսակցության նախագահ Խոսրով Հարությունը կիսեց հնչեցրած մտահոգությունները և պաշտպանեց Տիգրան Կարապետյանի առաջարկած հիմնադրամի ստեղծման գաղափարը, սակայն նշեց, որ Հայաստանի իշխանությունները պետք է հստակեցնեն իրենց քաղաքականությունը ոչ թե Ջավախքի ու ջավախքահայության նկատմամբ, այլ Վրաստանի իշխանությունների հետ, որտեղ առանձին տեղ կունենան նաև ջավախքահայության խնդիրները:
«Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Արմեն Մարտիրոսյանը կարևորեց Ջավախքի հայապահպանության, ինչպես նաև սոցիալ-տնտեսական և մյուս խնդիրները, որոնք գտնվում են մարդու իրավունքների պաշտպանության դաշտում, որից և ածանցվում է ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը: Ուստի, ըստ նրա, այս դաշտում բավականին աշխատանք կա կատարելու: Արմեն Մարտիրոսյանը պատրաստակամություն հայտնեց աջակցել Ջավախքահայերի իրավունքների պաշտպանության համակարգող խորհրդին և հավելեց, որ «Ժառանգությունը» մշտապես բարձրացրել և բարձրացնելու է ջավախքահայության խնդիրները:
«Ջավախքը կարող է լինել լակմուսի թուղթ, հայ-վրացական բարեկամության հարաբերության շատ լավ հիմք, ուղղակի այդ ուղղությամբ աշխատանք է պետք: Պետք չէ մատների արանքով նայել: Ճանապարհը բոլորիս համար էլ պարզ է, որ ռազմավարական է, բայց չպետք է մոռանալ, որ ջավախքահայությունը շատ ավելի հեռանկարային է մեր անվտանգության համար, և ջավախքահայության իրավունքների պաշտպանությունը հենց կարող է խթանել այդ ռազմավարական ճանապարհի արդյունավետ օգտագործմանը»,- ասաց Արմեն Մարտիրոսյանը
Նա հիշեցրեց, որ ԱԺ-ում բյուջեի քննարկման ժամանակ առաջարկ է եղել ֆինանսավորել Վրաստանում տպագրվող այն թերթին, որը կանդրադառնա ջավախքահայության և նրանց իրավունքների պաշտպանության խնդիրներին, և ոչ թե իշխանությունների ենթակայության տակ գտնվող ինչ-որ թերթի: Սակայն առաջարկը ԱԺ-ում չի ընդունվել:
«Ժառանգության» խմբակցության մյուս ներկայացուցիչը` Ստեփան Սաֆարյանը, նշեց, որ «Ժառանգությունը» կողմ կլինի, որպեսզի խորհրդարանական դիվանագիտական մակարդակով` երկկողմանի տարբեր հանդիպումներով բարձրացվեն այս խնդիրները: «Եթե անգամ գործադիր իշխանությունը կամ նախագահությունը չի կատարում այդ քայլերը, միևնույն է, մենք ունենք այդ հնարավորությունները»,- ասաց Ստեփան Սաֆարյանը:
ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը փորձեց հստակեցնել` Ջավախքի հարցը մարդու իրավունքների՞, թե՞ ազգային հարց է: Նրա այցելությունները Ջավախք ցույց են տվել, որ սա ազգային հարց է, որը պետք է ունենա իր ռազմավարությունն ու մարտավարությունը: Իսկ վերոնշյալ իրավունքների ապահովումը կարող է երաշխավորել ինքնավարության կարգավիճակը: Բայց, Արծվիկ Մինասյանի խոսքերով, ինքնավարության կարգավիճակը պետք է լինի բնական, արժանանա տարածաշրջանում անհրաժեշտ աջակցության, ինչու չէ նաև վրացիները այդ ինքնավարության մեջ պետք է տեսնեն իրենց պետության շահը: Հակառակ դեպքում` ոչնչի չենք հասնի, կամ էլ պետք է հարմարվել:
Արծվիկ Մինասյանը կարևորեց նաև ջավախքահայության ինքնամաքրումը. «Մենք խոսում ենք Ջավախքի իրավունքների պաշտպանության մասին` զուգահեռաբար չքննադտելով և չպայքարելով այն անձանց դեմ, ովքեր Ջավախքը տանում են վրացական ազգային անվտանգության ծառայությունների դաշտ»,- ասաց Արծվիկ Մինասյանը:
Արծվիկ Մինասյանի դիտարկմամբ, Հայաստանի իշխանությունները շարունակում են հանդուրժել ԱԺ պատգամավորի մուտքն արգելելու հանգամանքը, զուգահեռաբար խրախուսում են վրացական ԱԱԾ-ի ակտիվ աշխատանքը ոչ միայն Ջավախքում, այլև ՀՀ տարածքում:
Վերջինս նշեց, որ այսօրվա հանդիպման արդյունքում տարածված հայտարարության պահանջը մեղմ է գրված. «Հայաստանի իշխանությունները պետք է սեթևեթանքի քաղաքականությանը վերջ տան, շատ ավելի պարզ, հստակ ու ուղիղ պետք է խոսեն, հակառակ պարագայում պարզապես մենք ձև ենք թափում»:
«Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնօրեն Անդրանիկ Թևանյանը Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականության բնորոշեց նախաձեռնողական` «խաղաղության կուսակցության» ներկայացուցիչների վարքագիծ, որոնք բոլոր խնդիրների շուրջ զիջողական դիրքորոշում են դրսևորում:
«Քանի դեռ Հայաստանի իշխանության ներկայացուցիչները շարունակում են նախաձեռնող լինել Վրաստանի նկատմամբ, այնքան վատանալու է ջավախքահայության վիճակը: Քանի դեռ վրացիները զրկում են մեր պատգամավորին սահմանն անցնել, այնքան մեր նախաձեռնող ֆուտբոլասերները մեդալներ են տալիս վրացիներին, քանի թուրքերը խնդիր են դնում Արցախը ընդհանրապես վերցնել Ադրբեջանի տարածք, այնքան մերոնք ավելի ֆուտբոլասեր են դառնում»,- ասաց Անդրանիկ Թևանյանը` նաև կղերապահպանողական բնորոշելով հայկական իշխանությունների գործելակերպը:
Անդրանիկ Թևանյանը չբացառեց հայ-վրացական կոնֆլիկտի խորացումը, եթե այսպես շարունակվի: Այդ իսկ պատճառով Ջավախքը պետք է դարձնել քաղաքական գործոն, որպեսզի Ջավախքի միջոցով «կարողանալ առևտուր անել»:
«Արևմտահայոց հարցերի ուսումնական կենտրոն» գիտահետազոտական հիմադրամի տնօրեն Հայկազուն Ալվրցյանը (ՀՅԴ-ից) հակառակվեց Ջավախքի համար հիմնադրամ ստեղծելու գաղափարին: «Կարծես Արցախի հարցի նախապատմական շրջանն է, և մենք 5 ռուբլի հավաքելով ենք սկսում, մանավանդ, որ Ջավախքի հարցը վարղուց դարձել է քաղաքական հարց, որը ձևակերպել է ջավախքահայությունը»,- ասաց նա:
Հայկազուն ԱԼվրցյանը հիշեցրեց, որ Հայաստանը չունի հստակ քաղաքականություն Վրաստանի նկատմամբ, իսկ Ջավախքը Հայաստանի արտաքին քաղաքականության օրկարգում գոյություն չունի: Այս պարագայում Ջավախքի պայքարը Հայաստան տեղափոխելը և միջազգայնացնելը նա խիստ սխալ է համարում: Փոխարենը առաջարեց աջակցել ջավախքահայությանը` նրանց սատարելով, այլ ոչ թե ստեղծելով բարեսիրական կազմակերպություն, «և այսպես աստիճանաբար Ջավախքի քաղաքական նախաձեռնությունը բերել Հայաստան և թաղել, ինչը արվում է վերջին տարիներում»: «Տարօրինակ հայրենասիորթյուն» որակելով նմանատիպ քննարկումներն ու հիմնադրամի գաղափարը` Հայկազուն Ալվրցյանը ևս մեկ անգամ նշեց, որ Հայաստանը ոչինչ չի անում Ջավախքի հայաթափությունը կանխելու համար: Ավելին, նմանատիպ քննարկումները Հայկազուն Ալվրցյանը նաև վնասակար է համարում, մինչև որ չբարձրացվի Ջավախքի ինքնավարության հարցը:
Անդրադառնալով Հայաստանի իշխանությունների ու կառավարության հասցեին հնչեցրած քննադատություններինը` ջավախքահայության խնդիրներին ոչ ադեկվատ վերաբերվելու հարցում, Շիրակ Թորոսյանը նկատեց, որ մինչև 2007 թ.-ի խորհրդարանը ջավախքահայության խնդիրները ՀՀ կառավարման ու իշխանության որևէ թևում որևէ ձևով չի բարձրաձայնվել, չնայած եղել են որոշակի աշխատանքներ:
«2007թ-ի գումարման խորհրդարանը այն բացառիկ խորհրդարանն է, որը իր օրակարգային հարցերից մեկը դարձրել է Ջավախքի հարցը, և դրանից բխում է մեր այս գործունեությունը` արդեն խորհրդարանի շրջանակներից դուրս»,- ասաց Շիրակ Թորոսյանը և հավելեց, որ սա արդեն իսկ պետության վերաբերմունք է, և ավելի լայն ընդգրկման հասնելու ընթացք:
Շիրակ Թորոսյանը նշեց, որ մտադիր են նման հանդիպում-քննարկումներ կազմակերպել նաև սփյուռքում:
Նշենք, որ այսօրվա քննարկմանը ներկա էին նաև ՀՀԿ և ԲՀԿ մամուլի խոսնակները` Էդուարդ Շարմազանովը և Խաչիկ Գալստյանը: Առաջինը դեռևս զեկուցումների ժամանակ լքեց միջացառումը, իսկ երկորդը` ավելի ուշ` առանց քննարկմանը մասնակցելու և իրենց դիրքորոշումն արտահայտելու:
Քրիստինե Աղալարյան
hetq.am |