|
Ջավախքահայության իրավունքների պաշտպանության համակարգող խորհուրդը բաց նամակով դիմել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչին` ահազանգելով ԱՄՆ պետքարտուղարության մարդու իրավունքների զեկույցում ջավախքահայության հիմնախնդիրների վերաբերյալ առկա անճշտությունների մասին:
Նամակում նշվում է, որ զեկույցում անդրադարձ կա ջավախքահայության խնդիրներին, սակայն ջավախքահայության առջև այսօր ծառացած մի շարք հիմնախնդիրներ ընդհանրապես լռության են մատնված, իսկ իրավունքների խախտման որոշ օրինակներ ներկայացված են փաստական անճշտություններով:
Նշվում է, որ զեկույցում, թեև ներկայացված է հայերենին տարածաշրջանային լեզվի կարգավիճակ տալու ջավախքահայության պահանջը, սակայն որևէ բան չի ասվում ջավախքահայության նկատմամբ վրացական իշխանությունների քաղաքականության խտրական դրսևորումների վերաբերյալ:
Մասնավորապես, ինչպես նշվում է նամակում, Վրաստանի օրենսդրությամբ արգելվում է ստեղծել տարածաշրջանային հիմքի վրա քաղաքական կազմակերպություններ, ինչի պատճառով Ախալքալաքում գործող «Վիրք» կուսակցությունը չի գրանցվում, ինչը զրկում է հայ բնակչության շահերը ներկայացնող այդ հասարակական-քաղաքական ուժին 2010թ. մայիսին նախատեսվող ՏԻՄ ընտրություններին մասնակցելու իրավունքից, հայ բնակչությունը ոչ համաչափ է ներկայացված իր համախումբ բնակության տարածաշրջաններում (Սամցխե-Ջավախք նահանգ և Քվեմո-Քարթլի նահանգի Ծալկայի շրջան) վարչական և տեղական կառավարման մարմիններում և այլն:
Ըստ նամակի հեղինակների` զեկույցը, ներկայացնելով ջավախքահայ քաղաքական գործիչ Վահագն Չախալյանի գործը, որևէ կերպով չի անդրադառնում 2007-09թթ. ջավախքահայ այլ ակտիվիստների նկատմամբ վրացական իշխանությունների համակարգված բնույթ կրող քաղաքական հետապնդումներին: «Մինչդեռ, վրացական ուժային կառույցների ուղղակի և անուղղակի ճնշումների, սպառնալիքների, շինծու քրեական գործեր հարուցելու և հեռակա դատավարություններ անցկացնելու հետևանքով իրենց հայրենիքն են լքել և/կամ քաղաքական գործունեությունն են դադարեցրել տասնյակ ջավախքահայ քաղաքական ակտիվիստներ (Արթուր Պողոսյան, Գուրգեն Շիրինյան, Արամ Բաթոյան, Գրիգոր Մինասյան, Սերգեյ Հակոբջանյանը և այլոք)»,- ասվում է նամակում, որտեղ ներկայացվում են Չախալյանի գործի հետ կապված բազմաթիվ այլ անճշտություններ ևս:
«Զեկույցում նաև չկա որևէ անդրադարձ այն բազմաթիվ խախտումներին, որոնցով ուղեկցվել է Չախալյանի դատավարությունը, խախտումներ, որոնց արձագանքել է «Մարդու Իրավունքների Միջազգային Ֆեդերացիա» (FIDH) հեղինակավոր միջազգային կազմակերպությունը:
Արդ, Ջավախքահայության իրավունքների պաշտպանության համակարգող խորհուրդը, մտավախություն ունենալով, որ իրականությանը չհամապատասխանող տվյալները կարող են հետագայում օգտագործվել այլ փաստաթղթերում, խնդրում է ԱՄՆ պետքարտուղարությանը վերանայել զեկույցի՝ ջավախքահայության խնդիրների վերաբերող հատվածը»,- նշվում է Ջավախքահայության իրավունքների պաշտպանության համակարգող խորհրդի բաց նամակում:
Tert.am |