Գլխավոր » 2011 » Հուլիս » 4 » ԿԱՐԾԱԽՈՒՄ ՏՈՆԵԼ ԵՆ ՋԻՎԱՆՈՒ 165 ԱՄՅԱԿԸ (ՎԻԴԵՈ)
22:33
ԿԱՐԾԱԽՈՒՄ ՏՈՆԵԼ ԵՆ ՋԻՎԱՆՈՒ 165 ԱՄՅԱԿԸ (ՎԻԴԵՈ)
Ախալքալակի շրջանի Կարծախ գյուղում ամեն տարվա նման այս տարի եւս այս օրերին տոն է: Նշվում է Ջիվնու 165 ամյակը:
Տոնակատարությունը համախմբել է ոչ միայն ջվախքցիների, այլեւ աշուղական երգի սիրահարների ե՛ւ Հայաստանից, ե՛ւ արտերկիրց: Հայաստան տատիկն արդեն 57 տարի է բնակվում է Կարծախում, այն տանը` որտեղ ծնվել ու մեծացել է աշուղ Ջիվանին: Նա Ջիվանու ծոռան` Պավլուշ Բանգոյանի կինն է ու ամուսնու մահվանից հետո արդեն 8 տարի այստեղ մենակ է ապրում:
Տան հնություններից պահպանվել են միայն թոնիրն ու ջրհորը, մնացածը փոփոխության է ենթարկվել: Հայաստան տատիկն իր մեծերից Ջիվանու մասին պատմություններ շատ է լսել: Հիշում է նաեւ այն պատմությունը, թե Ջիվանին ինչպես է սկսել նվագել: "Հորեղբորեն թաքուն կերթա, ձիու պոչի մազերը կկտրե, փետ կգտնե, տանի, իրեն համար սազ կշինե, նվագե գը հորթերու ետին: Մի քանի ագամ հորեղբայր նկատե, որ ձիու պոչի մազերը կտրել է, կսե` տղա ինչի՞ կկտրես մազերը, կսե` հոպար քեզնե ի՞նչ պահեմ, սազ կշինիմ, հորթերու ետին նվագիմ, ման կուգամ",- պատմեց Հայաստան Բանգոյանը։
Երգի նկատմամբ Ջիվանու մեծ սերը տեսնելուց հետո է, որ հորեղբայրը նրան աշուղ Սիայի մոտ կրթության է տվել, որտեղ էլ Ջիվանին յուրացրել է աշուղական երգի կանոնները, սովորել նվագել քյաման եւ ջութակ, հորինել թուրքերենով ու հայերենով երգեր: Այս երգերն էլ այսօր հնչում են աշուղի ծննդավայրում` նրա 165 ամյակին նվիրված տոնակատարության ժամանակ:
"Ժողովրդի ոգեւորությունը չի նվազում։ Այսքան հոգսաշատ, բազմաչարչար Ջավախքն ու ջավախքցին ժամադրվում են այս օրը, այստեղ եւ գալիս ըմբոշխնելու Ջիվանու աշուղական արվեստը: Ջիվանուն աշուղ անվանելը շատ համեստ է: Ես իմ ելույթում առաջարկ արեցի, որ նա դառնա դասագրքային նյութ, ինչպես նրա հանճարեղ նախորդ Սայաթ-Նովան",- ասաց ՀՀ ԱԺ պատգմվոր, վիրահայոց "Միասնություն" ՀԿ նախագահ Տաճատ Վարդապետյանը։
Տոնակատարությանը միայն ջավախքցիները չէ, որ ներկա են: Այստեղ են եկել հայեր՝ աշխարհի տարբեր ծայրերից, մարդիկ` ովքեր սիրում ու գնահատում են Ջիվանու արվեստը: