Գլխավոր » 2011 » Հունիս » 15 » ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ԱՅՑԸ ՋԱՎԱԽՔ ՀՈԳԵՒՈՐ-ՔԱՂԱՔԱԿԱՆԻՑ ԶԱՏ, ԱՅԼ ԽՈՐՀՈՒՐԴ ԵՒՍ ՈՒՆԻ (ՎԻԴԵՈ)
21:28
ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ԱՅՑԸ ՋԱՎԱԽՔ ՀՈԳԵՒՈՐ-ՔԱՂԱՔԱԿԱՆԻՑ ԶԱՏ, ԱՅԼ ԽՈՐՀՈՒՐԴ ԵՒՍ ՈՒՆԻ (ՎԻԴԵՈ)
Գարեգին Երկրորդի վրացական ուղեւորությանը հետեւել է նրա հովվապետական այցը Ջավախք, որը զուտ բարոյական եւ հոգեւոր-քաղաքական նշանակությունից բացի, այլ խորհուրդ եւս ունի։
Մեկ դար, Խրիմյան Հայրիկից հետո, Վեհափառի գավազանը չէր դիպչել Ջավախքի հողին։ Գարեգին Երկրորդի եւ նրան ուղեկցող Վրաց պատրիարք Իլյա Երկրորդի առաջին կանգառն Ախալցխայում էր։ Բնակչության հետ հանդիպումից հետո զույգ եկեղեցիների հոգեւոր պետերն այցելել են Ախալցխայի Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցի, նաեւ` Հովհաննես Թումանյանի անվան հայկական թիվ 3 դպրոց:
Շրջագայության երկրորդ օրն արդեն Ամենայն Հայոց կաթողիկոսը սկսեց Ախալքալակում։ Մատուցված աղ ու հացը ճաշակելուց հետո Գարեգին Երկրորդն ու Իլյա Երկրորդն աղոթեցին Սուրբ Խաչ եկեղեցում, որից հետո Վեհափառը սրբալույս մյուռոնով օծեց Ջավախք հովվապետական իր այցելության առիթով եկեղեցու բակում կանգնեցված խաչքարը: Հավաքված հազարավոր հայորդիներ իրենց Հայրապետին դիմավորեցին ազգային երաժշտությամբ, ծափողջույններով ու բարեմաղթանքներով: "Բարօր դարձրեք աստվածապատկեր ձեր գեղաշուք Ջավախք աշխարհը: Այս հավատաշատ երկրում ամուր մնացեք ձեր հավատքի մեջ, ձեր քրտինքով ոռոգեք այս օրհնյալ հողը, ամուր պահեք ձեր ընտանիքները, կենդանի` ձեր մայրենի լեզուն, կենսունակ` ձեր ազգային-մշակութային հարստությունները, լուսավոր ու պայծառ` հայ ինքնության ակունքները` դպրոցներն ու եկեղեցիները",- ասել է Ամենայն Հայոց կաթողիկոսը։
Վրաստանում հայ եկեղեցու ճակատագրով շատերն են մտագոհ: Այն պաշտոնապես ճանաչված չէ եւ չունի որեւէ կարգավիճակ: Իսկ վրացականացված եկեղեցիների թիվն օր-օրի աճում է: Եկեղեցիների մի մասն էլ պարզապես անուշադրության է մատնված: Սակայն ջավախահայությունը լավատես է:
"Հուսով եմ, որ երկու կաթողիկոսների այս եղբայրական այցելությունը մեր ժողովուրդներին նոր լիցք է հաղորդելու եւ ավելի է խորացնելու մեր պատմական արմատները, մերձեցելու մեր հնագույն ժողովուրդների մշակույթները, արվեստը, ինչ խոսք` նաեւ հոգեւոր արժեքները: Նաեւ հույսով ենք, որ այսուհետ որոշակի առաջխաղացում կլինի նաեւ հայկական եկեղեցիների առումով",- ասաց Համլետ Մովսիսյանը՝ Ախալքալակի քաղաքապետարանի ժողովի նախագահը:
Կաթողիկոսի այցն Ախալքալակով չսահմանափակվեց: Հաջորդ հանգրվաններն են Բոգդանովկան եւ Ծալկան: