|
 |
|
 |
Գլխավոր » 2011 » Հոկտեմբեր » 31 » ՓՈՓՈԽՎԱԾ ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
11:45 ՓՈՓՈԽՎԱԾ ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ |
Ախալքալաքի մունիցիպալիտետի գյուղերում այս տարի «Գյուղի օժանդակության նախագծով» հիմնականում սկսեցին ոռոգման եւ ջրամատակարարման համակարգերի բարեկարգման աշխատանքները:
Դրանք մնացին անավարտ: Թեպետ այդ աշխատանքներն սկսվել էին գործն առաջիկայում ավարտին հասցնելու հույսով: «Գյուղին օգնելու» նախագծի կիրարկման առաջին տարիներին գյուղերում հիմնականում իրականացվում էին կարճաժամկետ աշխ ատանքները, ինչպիսիք էին արարողությունների տների, ակումբների վերանորոգումը եւ նման այնպիսի նախագծերը, որոնց համար հատկացված գում արը բավարարում էր: Իսկ այս տարի գյուղերի մեծամասնությունը որպես գլխավոր նպատակ առաջադրեց ջրամատակարարման եւ ոռոգման համակարգերի կարգավորումը: Հատկացված գումարները բավական են միայն վերոնշյալ աշխատանքների մի մասի կատարման համար, եւ բնակիչները գործը սկսեցին առաջիկա ֆինանսավորման հույսով:
Շատ գյուղերում ոչ միայն չկա ոռոգման համակարգ, այլ սրությամբ է դրված նաեւ խմելու ջրի հարցը: Նախագիծը Վրաստանում գործում է արդեն երրորդ տարին: «Մարդիկ տեսան, որ այս նախագծի շրջանակներում գումարների հատկացումն իրականացվում ամեն տարի, ուստի գյուղերում սկսեցին ավելի մեծածավալ աշխատանքներ»,-ասաց Ախալքալաքի մունիցիպալիտետի վարչության էկոնոմիկայի եւ ենթակառույցների զարգացման ծառայության ղեկավար Վահան Բատոյանը: Իխտիլա գյուղին անհրաժեշտ է ոռոգման համակարգ: Այս տարի «Գյուղի օժանդակության նախագծով» հատկացված գումարներով տեղացիներն անցկացրին 600 մետր երկարության խողովակներ, իսկ մյուս տարվա միջոցներով մտադիր են տեղադրել մնացած 800 մետրի խողովակները: Բուղաշեն եւ Խորենիա գյուղերում այս տարի վերանորոգեցին ոռոգման եւ խմելու ջրերի համակարգերի մի մասը: Մնացած աշխատանքները ծրագրում են ավարտին հասցնել հաջորդ տարի: Նույն իրավիճակում է նաեւ Գոման գյուղի խմելու ջրի համակարգը: Գոմանի բնակիչները ցանկանում են ջուրը հասցնել Օլավերդուց: Տեղադրվեցին այնպիսի երկարության խողովակներ, որքան թույլ էր տալիս գում արի մեծությունը: Արագվա գյուղում ցանկանում են գնել պոմպահամակարգ, որն արժե 20 հազար լարի: Նախագծով հատկացված գումարով գնեցին համակարգի մի մասը եւ հուսով են, որ հաջորդ տարի կկարողանան համակարգը գործարկել: Մաջադիա գյուղն այս տարի ստացավ 22 700 լարի: Գյուղի բնակիչները որոշեցին այդ գումարով մասնակիորեն վերանորոգել ոռոգման ջրանցքը, քանի որ լրիվ վերանորոգման համար միջոցները չեն բավարարում: Աբլար-Մաջադիա համակարգը 14 կիլոմետր երկարության է, այն 1996 թվականից գործում էր առանց պոմպի, իսկ հետո շարքից դուրս էր եկել:
«Որոշեցինք վերանորոգել համակարգը, քանի որ առանցջրի գյուղում սոցիալական խնդիրների կարգավորումը չի ստացվում: Եթե լինի ոռոգման ջուր, մասնակիորեն կկարգավորվի նաեւ խմելու ջրի հիմնախնդիրը: Կկարողանանք աճեցնել կարտոֆիլ, կաղամբ: Եթե ջուր չլինի, ապա բնակիչների թիվը զգալիորեն կնվազի: Հաջորդ տարի նախագծով հատկացվող գումարը կրկին այդ նպատակով կծախսվի: Ցանկանում ենք ոռոգման համակարգի վերանորոգումը հասցնել մինչեւ վերջ»,-ասաց Մաջադիա գյուղի բնակիչ Սամվել Սաղաթելյանը: Ամռանը գյուղի սկզբնամասում ապրողները խմելու ջուրն օգտագործում են ոռոգման համար, այդ պատճառով մինչեւ Սաղաթելյանների տուն խմելու ջուրը չի հասնում:
«Մեր գյուղում խմելու ջուրը հունիսից մինչեւ սեպտեմբեր հիմնախնդրային է»,-ասաց նա: Կիրովական գյուղում այս տարվա գումարը ծախսվեց երկու նպատակով: Գումարի մի մասով ավարտեցին գյուղական ակումբի ներքին հարդարման աշխատանքները, իսկ մնացած գումարով որոշեցին Վաչիան գյուղից անցկացնել ջրատար:
«Ցանկանում ենք Վաչիանից մինչեւ Կիրովական անցկացնել նոր ջրատար, որպեսզի ջուրը հասցվի բոլոր տներին: Ջրատարն արդեն պատվիրել ենք, աշխատանքները կշարունակենք հաջորդ տարի հատկացվող գումարով: Կարծում ենք, որ գործը մինչեւ վերջ հասցնելու համար մյուս տարի հատկացվող գումարն էլ չի բավարարի, սակայն մունիցիպալիտետի վարչությունից խոստացան օգնել»,-ասաց Կիրովական գյուղի լիազոր Երվանդ Պետրոսյանը: Գումբուրդո գյուղում այս տարի սկսեցին մարզադահլիճի (9X24մ) շինարարությունը: Այս տարվա գումարը բավարարեց միայն պատերի բարձրացմանը, մնացածը կիրականացվի մյուս տարի:
Ալաստան գյուղի բնակիչները այս տարի գյուղական ակումբի համար գնեցին վերանորոգման շինանյութերը, իսկ հաջորդ տարի ծրագրում են դրա վերջնական վերանորոգումը:
Բոլոր գյուղերում մտածում են ոչ միայն ոռոգման համակարգերի կարգավորման, այլեւ ջրավազանների կառուցման մասին, որպեսզի հողերի ամառային ոռոգման համար ձմռանն ու աշնանը կարողանան ջրի պաշար կուտակել: Տուրցխ գյուղում այս տարի ջրավազանը դատարկեցին եւ խորացրին, որպեսզի հաջորդ տարի ջրավազանից կարողանան ոռոգել գյուղի բոլոր հողերը: Փոխվել է գյուղի բնակիչների վերաբերմունքը նաեւ գյուղական ճանապարհների նկատմամբ: Եթե մինչ այդ փողը ծախսվում էր ճանապարհների կարգավորման համար, այս տարի այդ նպատակով ոչ մեկը գումար չի առանձնացրել, քանի որ հարթեցված ճանապարհներին, մի քանի անձրեւից հետո, կրկին նույն վիճակն էր սպասվում:
Վահան Բատոյանի խոսքերով, հավանաբար հաջորդ տարի մի քանի գյուղեր միավորվեն եւ ասֆալտապատվեն առանձին ճանապարհներ, որոնցից շատ գյուղեր են օգտվում:
ՇՈՒՇԱՆ ՇԻՐԻՆՅԱՆ, ԱԽԱԼՔԱԼԱՔ
|
|
Բաժին: ՍԱՄՑԽԵ-ՋԱՎԱԽՔ
| 203
Ավելացրեց: AkhaltskhaNews
|
|
 |
Copyright MyCorp © 2012 |
 |
|
ახალციხის საინფორმაციო საიტი АХАЛЦИХСКИЙ ИНФОРМАЦИОННЫЙ САЙТ THE AKHALTSIKHE INFORMATION SITE ԱԽԱԼՑԽԱՅԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԿԱՅՔ ქ. ახალციხე, Ахалцихе, Ахцха ՀԱՅ-ՎՐԱՑԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ , ՍԱՄՑԽԵ-ՋԱՎԱԽՔ.Ախցխա, Ախալցիխե
|