Գլխավոր » 2011 » Հունիս » 13 » ԹԲԻԼԻՍԱՀԱՅԵՐԸ ՄԵԿ ԽՆԴՐԱՆՔ ՈՒՆԵՆ՝ ՄԻՋՆՈՐԴԵԼ, ՈՐՊԵՍԶԻ ՎԵՐԱԴԱՐՁՆԵՆ ՆՈՐԱՇԵՆԸ (ՎԻԴԵՈ)
11:17
ԹԲԻԼԻՍԱՀԱՅԵՐԸ ՄԵԿ ԽՆԴՐԱՆՔ ՈՒՆԵՆ՝ ՄԻՋՆՈՐԴԵԼ, ՈՐՊԵՍԶԻ ՎԵՐԱԴԱՐՁՆԵՆ ՆՈՐԱՇԵՆԸ (ՎԻԴԵՈ)
Ամենայն Հայոց կաթողիկոսի հովվապետական այցը Վրաստան շարունակվում է. Գարեգին Երկրորդի գլխավորած պատվիրակությունն արդեն Ջավախքում է:
Իսկ մինչ Վրաստանի մայրաքաղաքից հեռանալը, նախանշված էր վեհափառի այցը Թբիլիսիի կենտրոնում գտնվող Նորաշենի Սուրբ Աստվածածին եկեղեցին, սակայն, ինչպես հաղորդել է "Երկիրն այսօրի" թղթակիցը, այցը չի կայացել:
81-ամյա Վլադիմիր Միրզոյանն ամեն անգամ հուզվում է՝ Նորաշենի Սուրբ Աստվածածին եկեղեցու դռան կողպեքը տեսնելիս: Թբիլիսիի կենտրոնում գտնվող այս գեղեցիկ տաճարը վրացական կողմից, այսպես կոչված, "վիճելի" համարվող հայկական հիմնական եկեղեցիներից է: Եվ վիրահայ համայնքը հույս ուներ, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Վրաստան այցելության ժամանակ վերջապես կլուծի տարիներ շարունակ չարչրկվող խնդիրը: "Տասնյակ տարիներ պայքարեցինք, մեզ ասում են` մեր հողն ու ջուրն ա, ինչ ուզում ենք, այն էլ կանենք: Հող ու ջուրը չի հարցը: Երեկ էլ Թիֆիլիսի քաղաքապետն ասաց, որ Թիֆլիսը դուք եք սարքել: Մենք՝ հայերս ենք սարքել, բայց մի բան մեզ չի մնացել արդեն",- ասաց Վլադիմիր Միրզոյանը։
Վլադիմիր Միրզոյանի խոսքով, թբիլիսահայ համայնքը մեկ խնդրանք ունի Հայաստանի հոգևոր և քաղաքական ղեկավարությունից՝ միջնորդել, որպեսզի Վրաստանի իշխանությունները վերադարձնեն Նորաշենը: "Մենք` Վրաստանի հայերս, գումար կհավաքենք, կվերանորոգենք, միայն թե մեզ տան մեր եկեղեցին: Քանի մենք ողջ ենք, կարող ենք դա անել, հետո արդեն ուշ կլինի",- ասում է Վլադիմիր պապը: Գարեգին Երկրորդ կաթողիկոսն այսօր Ջավախք ուղևորվելու ճանապարհին անցել է Թբիլիսիի Նորաշենի Սուրբ Աստվածածին եկեղեցու կողքով, սակայն այդպես էլ չի մտել եկեղեցի: Նրա` Վրաստան այցի ծրագրում այստեղ այցելություն ներառված չէր: Սակայն Վիրահայոց թեմի առաջնորդ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի համոզմամբ, այն փաստը, որ Հայոց Հայրապետին Նորաշեն ուղեկցել է Վրաց Իլյա երկրորդ պատրիարքը, արդեն մեծ նշանակություն ունի, թեպետ հոգևոր առաջնորդները եկեղեցին դիտել են միայն ավտոմեքենայի պատուհանից: Ավելի վաղ, Հայոց Հայրապետը մեզ հետ զրույցում նշել էր, որ "վիճելի" եկեղեցիների հարցը Վրաց պատրիարք Իլյա Երկրորդի հետ քննարկման օրակարգում է:
"Միանշանակ է, որ այս եկեղեցիները մինչ 1930-ական թվականները եղել են գործող հայկական եկեղեցիներ, ծառայություն են մատուցել հայ համայնքին: Անհերքելի, անժխտելի է այն փաստը, որ դրանք հայկական եկեղեցիներ են եղել և առաքելություն են իրականացրել հայ ժողովրդի կյանքում",- ասել էր Ամենայն Հայոց Կաթողիկոսը:
Նորաշենի եկեղեցու հայկական պատկանելությունը վիճարկվում է 1994 թվականից: Նախ՝ եկեղեցու շուրջը պատ կառուցեցին, հետո էլ՝ պղծվեցին բակում գտնվող գերեզմանները: Վրաց հոգևորականների թույլտվությամբ և անձնական մասնակցությամբ քանդվեց նաև խորանը: Անխնամ մնալու դեպքում վրաց հոգևորականների կիսատ թողած գործն էլ կանեն ժամանակը և բնությունը: