|
 |
|
 |
Գլխավոր » 2011 » Դեկտեմբեր » 2 » ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ԿՐՈՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆ ԱՐԴՅՈ՞Ք ԼՈՒԾՎԱԾ Է
21:11 ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ԿՐՈՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆ ԱՐԴՅՈ՞Ք ԼՈՒԾՎԱԾ Է |
«...Բայց երբ դու գնում ես կառուցելու և ոչ թե քանդելու ճանապարհով, բոլոր այդ խնդիրների լուծումն իրականում տեսանելի է դառնում: Լավագույն օրինակը ՀԱԵ-ին Վրաստանում իրավական կարգավիճակ տալն էր, խնդիր էր, որը տասնամյակներով չէր լուծվում, և խնդիր էր, որը բազմաթիվ հակառակորդներ ուներ, բայց լուծվեց, և դա է կարևորը...» Գևորգ Ալթունյան, «Տեսանկյուն» հաղորդաշար, 29.11.2011 թ.
Նախ` Վրաստանում տարբեր կրոնական կազմակերպություններին հանրային իրավունքի իրավաբանական անձի կարգավիճակ տալու հարցը փորձ արվեց լուծել ոչ թե խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին օրենքի մշակմամբ և ընդունմամբ, այլ ընդամենը փոփոխություն մտցվեց «Վրաստանի քաղաքացիական օրենսգրքի» մեջ` ավելացնելով 1509-րդ հոդվածում «զ» ենթակետը (տես` «Քաղաքացիական օրենսգրքի մեջ փոփոխություն կատարելու մասին Վրաստանի օրենքը», 05.07.2011, №5034-ՌՍ, թարգմ. վրաց.): Կրոնի մասին օրենսդրական այս բացը շեշտադրություն չէր ստանա մեր կողմից, եթե վերնշյալ օրենքի լրամշակման ճանապարհով խնդրին հիմնովին լուծում տրվեր:
Նշենք, որ սույն` №5034-ՌՍ օրենքում կան մի շարք իրարամերժ և խնդրահարույց դրույթներ, օրինակ, 1-ին հոդվածի 2-րդ մասի 5-րդ ենթակետում հստակ նշվում է, որ «որպես Հանրային իրավունքի իրավաբանական անձ գրանցված կրոնական միավորումների վրա չի տարածվում Վրաստանի` «Հանրային իրավունքի իրավաբանական անձի մասին» օրենքը»: Հաջորդ` 6-րդ ենթակետով նշվում է, որ կրոնական միավորումների գրանցման վերաբերյալ գործում է ոչ կառավարական (ոչ առևտրային) իրավաբանական անձանց գրանցման սահմանված կարգը, այսինքն, այստեղ մատնանշվում է այն, ինչը հայկական կողմը մերժում էր տասնամյակներ շարունակ, իսկ ՀԱԵ-ն իրականում չի գործելու Հանրային իրավունքի իրավաբանական անձի մասին օրենքի դաշտում, այդ դեպքում` ո՞ր օրենքի:
Ամենակարևորը` սույն օրենսդրական խմբագրումը չի կարգավորում գրանցված կրոնական միավորումների սեփականության իրավունքը: Այս կետն էր ամենակարևորը և բաղձալին հայկական կողմի համար, քանի որ վերջինս պահանջներ ունի բազմաթիվ վանական կալվածքների և եկեղեցիների մասով, իսկ ահա այս հարցը չի կարգավորված սույն օրենքով, որից ելնելով` տեսանելի ապագայում հայկական եկեղեցիների վերադարձի հարցը չի լուծվելու: Մշուշոտ է նաև ՀԱԵ-ի` ո՞ր իրավական դաշտում գործելու հանգամանքը: Այս իրողությունը նման է այն մարդուն, որին պետությունը ճանաչում է որպես քաղաքացի, իսկ ահա թե այդ քաղաքացին ինչպիսի սեփականություն ունենալու իրավունք ունի կամ` ունի այդպիսի իրավունք ընդհանրապես, դա բաց է մնում: Մյուս կողմից այս մարդու վրա չի տարածվելու քաղաքացիության մասին օրենքը: Ահա հակասությունների և անորոշությունների մի ողջ փունջ, որը Վրաստանի իշխանությունները նետեցին մեր և միջազգային հանրության առջև` անունը դնելով «կրոնական կազմակերպություններին իրավաբանական գրանցում» կամ «քայլ առաջ դեպի ժողովրդավարություն»: Իհարկե, քաղաքական շահերից ելնելով` արևմուտքը ողջունեց այս փաստը, սակայն մենք նույնը կրկնելուց առաջ պետք է մի փոքր ուշադիր, ես կասեի` զգոն լինենք:
Վահե ՍԱՐԳՍՅԱՆ «ՄԻՏՔ» վերլուծական կենտրոն
|
|
Բաժին: ԱԽԱԼՑԽԱՅԻ ՎԵՐԱԾՆՈՒՆԴ
| 91
Ավելացրեց: AkhaltskhaNews
|
Արտատպելիս հղումը akhaltskha.net-ին պարտադիր է:
Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ:
|
 |
Copyright MyCorp © 2012 |
 |
|
ახალციხის საინფორმაციო საიტი АХАЛЦИХСКИЙ ИНФОРМАЦИОННЫЙ САЙТ THE AKHALTSIKHE INFORMATION SITE ԱԽԱԼՑԽԱՅԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԿԱՅՔ ქ. ახალციხე, Ахалцихе, Ахцха ՀԱՅ-ՎՐԱՑԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ , ՍԱՄՑԽԵ-ՋԱՎԱԽՔ.Ախցխա, Ախալցիխե
|