ՆԱՄԱԿ ԱԽԱԼՑԽԱՅԻՑ

Փօթի-Թիֆլիզեան երկաթուղու Միխայելօվօ կոչուած կայարանից Բորջոմի ձորի միջով 172 վերստ դէպի հարաւ գնալով, ճանապարհորդը կհանդիպի մի ընդարձակ հովտի` շրջապատած մեծ և փոքր լեռներով: Այդ հովտի արևմտեան կողմում մի բարձր ապառաժուտ լեռան վերայ կանգնած է մի հինաւուրց  բերդ, որի հարաւային և արևելեան կողմերից օղակաձև հոսում է մի գետ հովտի բուն հիւսիսային ծայրում, մի ձորի մէջ, իսկ արևմտեան կողմում` մի լեռնադաշտի վերայ տարածուած են հնաձև և քայքայուած շինութիւններ:

Հովտի հարաւային կողմից մի բարձր լեռան կողքերին և ստորոտի վերայ ձգվում են դարձեալ հնաձև շինութիւններ, որոց մէջ, մի ժայռոտ բլրի գագաթի վերայ կան մի փոքրիկ, բայց նորաշէն և փառաւոր եկեղեցի և միերկայարկ տուն: Մտնելով հովտի մէջ, ճանապարհորդը կըտեսնէ բազմաթիւ նոր և բաւականին գեղեցիկ, եւրոպական և ասիական ճաշակով շինուած շինութիւններ, ուղղաձիգ, լայն և մաքուր փողոցներով, կանանչազարդպարտէզներով, բազմաթիւ և քաղցրահամ աղբիւրներով: Այդ գեղեցկադիր փոքրիկ տեսարանըԱխալցխայ քաղաքն է, իսկ այն գետը, որ բերդի երկու կողմերից  օղակաձև  հոսելով  և քաղաքը երկու մաս բաժանելով գնում էներքև դէպի հիւսիս, Փոցխով գետն է, որ իւր սկիզբն առնում է Տաճկաստանի Փոցխով գաւառում համանուն գիւղի մօտ, Ախալցխայից 25-30 վերստ հեռու: Ախալցխայից 3 վերստ հեռու` արևմտեան կողմից` հոսում է մի այլգետ` Արտահան, որ նոյնպէս հոսում է դէպի հիւսիս և Ախալցխայից 4 վերստ ներքև, հիւսիսային կողմում, միանալով Փոցխով գետի հետ, կազմում է պատմական Կուր գետը:

Ախալցխան հետաքրքրութեան արժանի է թէ իբրև ժամանակակից և թէ իբրև հին պատմական քաղաք1:

Բ.
Ախալցխան իւր գաւառովը մեր ազգային պատմութեան մէջ յայտնի է Տայոց աշխարհ, Տայքաստան և երբեմն լոկ Տայք անուններով և է Հայաստանի Մեծ Հայք կոչուած մասի չորեքտասաներորդ նահանգը: Այստեղ հնախոյզները մինչև այսօր կարող են գտնել շատ հին հայկական յիշատակարաններ:

Տայոց աշխարհը Հայերի ձեռքից առաջին անգամ անցաւ Բիւզանդիոնի կայսերաց ձեռքը, յետոյ 1227 թուականում Վրաց Թամար թագուհին տիրեց և հնացած բերդը նորոգելով, անուանեց նորան Ախալի-ցիխէ  որ վրացոց  լեզուով  նշանակում է նոր-բերդ, որպիսի անունով կոչուեցաւ յետոյ և մինչև այսօր էլ կոչվում է բուն քաղաքը:

Վրացոց  ձեռքից 1508 թուականին առաւ Սուլթան Մուրադ Գ, որից յետոյ առան պարսիկները: Այնուհետև 1673 թուականին Սուլթան-Մուրադ Դ յետ առաւ պարսից ձեռքից և օսմանցիք տիրեցին մինչև 1828 թուականը, երբ արդէն անցաւ Ռուսաց իշխանութեան ներքոյ: 1829 թուականին օսմանցիք Աճառացի Ահմետ-Բէգի առաջնորդութեամբ 18 հազար հոգով յարձակուելով Ախալցխայի վերայ, թէև փորձեցին յետ առնել կրկին ռուսներից, բայց չըյաջողեցան: Մի այդպիսի անյաջող փորձ օսմանցիների կողմից կրկնուեցաւ և 1833 թուականին, երբ տեղական հայ ժողովուրդը առանձին հայկական բանակ կազմելով, սակաւաթիւ ռուս զինուորների հետ ազատեցին դարձեալ քաղաքը, որ ահա 48 տարի է մնում է անփոփոխ ռուսաց իշխանութեան ներքոյ: 1828 թուականի պատերազմի և յաղթութեան յիշատակի համար Ախալցխայից  2 վերստ հեռու, դէպի հիւսիս, կանգնեցրած է մի պղնձաձոյլ արձան: Ռուսաց ձեռքն անցնելուց յետոյ Ախալցխայի կառավարչական ձևը զանազան փոփոխութիւններ կրեց: Այսպէս 1828-ից մինչև 1840 թուականը կոչվում էր Ախալցխայի փաշայութիւն.

1840-ից մինչև 1846 դարձաւ Վրաստանի և Իմէրէթի կուսակալութեան գաւառական քաղաք. 1846-ից մինչև 1869 համարվում էր գաւառական քաղաք Քութայիսի նահանգի, իսկ 1869-ից մինչև այսօր` է գաւառական քաղաք Թիֆլիզի նահանգի:

Գ.
Օսմանցիների ձեռքում եղած ժամանակը Ախալցխան բաւականին շատ բնակիչներ ունէր, իսկ երբ նա անցաւ ռուսաց ձեռքը, բնակիչներից օսմանցիները բոլորն էլ գաղթեցին Տաճկաստան և Ախալցխայում մնացին միմիայն 10 տուն լուսաւորչական, 40-50 տան չափ հռովմէական (կաթոլիկ) հայեր, 200 տան չափ հրէաներ և մի քանի տուն էլ վրացիներ: Ախալցխան բոլորովին ամայի և աւերակ կըդառնար, եթէ 1830 թուականին Կարապետ արքեպիսկոպոսի առաջնորդութեամբ  Էրզուրումի շրջակայ քաղաքներից գաղթող հայ ժողովրդեան մի մասը, 6-7 հազար հոգի, չըգային Ախալցխայում բնակուէին: Այդ գաղթական ժողովրդեան ձեռքով շինուեցաւ այժմեան Ախալցխայի Նոր-քաղաք կոչուած մասը Փոցխով գետի աջ կողմում: Երկար ժամանակ այդ գաղթականները ստիպուած էին տանել զանազան նեղութիւնների և տառապանքների, մինչև հետզհետէ ընտելացան և հաշտուեցան իրանց նոր հայրենիքի հետ: Այսպ էս 1831 թուականին Ախալցխացիք ենթարկուեցան խօլերայի, 1838 և 1839 թուականներում ժանտախտի և 1847-ին կրկին խօլերայի:  Ախալցխայի այժմեան բնակչաց թիւն է – 1999 տուն. 5516 ար. 4850 իգ. լուսաւորչական և հռովմէական հայեր:

Դ

Ախալցխայի բնակիչները մեծաւ մասամբ պարապում են արհեստներով և վաճառականութեամբ: Ախալցխայում կան այժմ 68 մեծ վաճառական, 125 մանրավաճառ, 107 նպարավաճառ, 50 օղեվաճառ, 80 կօշկակար ևմաշկակար, 24 հիւսն, 35 հացաթուխ, 65 երկաթագործ, 23 ոսկերիչ, 62 դերձակ, 22 պղնձագործ, 16 սափրիչ, 15 սրճավաճառ. 10 ներկարար, 8 կաշեգործ, 10 զինագործ, 16 ոստայնագործ, 10 ծխափայտ և ծխափողշինող 28 մետաքսագործ, 10 թամբագործ, համետագործ և պարկագործ, 1 ծխախոտի գործարան, 2 սանդր շինող, 6 անագագործ, 10 մսավաճառ, 4 մոմավաճառ, 5 կղմինդրի գործարան և 2 օճառի գործարան:

Թէև, վաճառականութիւնը հետզհետէ սկսում է շատանալ, բայց մտիկ տուած Ախալցխայի ներկայ տնտեսական վիճակին գլխաւոր ճանապարհների անհաղորդակցութեանը, մանրավաճառների հետզհետէ բազմանալուն, շատ հաւանական է, որ Ախալցխայի վաճառականութիւնը աւելի հարուածուի, քան թէ յառաջ գնայ:

Ախալցխան առևտուր է անում ռուսաստանի և Տաճկաստանի հետ: Այսպէս Մոսկուայից նա ստանում է թաւիշ, չթեղէն, սպիտակեղէն, քաթան: Թիֆլիզից` մահուդ, պարսկական ճոթեղէն, խոզի իւղ (մեծ քանակութեամբ), գինի, նաւթ և զանազան կերակրեղէն` ձմերուկ, սպիրտ և օղի: Երևանից, Նախիջևանից և Ալէքսանդրապօլուց ալիւր, ոչխար, բրինձ, աղ, զանազան չորացրած մրգեղէններ` նուշ, քիշմիշ, չամիչ, լաբլաբու, փշատ. կալաքար, բամբակ և սիսեռ: Պարսկաստանից գորգ, կապերտ, մետաքսեղէն ճոթեր: Ղարաբաղից` բուրդ. Վեննայից` զանազան կերպասներ Օդէսայից ապակեղէն, կահ-կարասիք, ժամացոյց, կոշկի տակի հաստ կաշի, կարի մեքենաներ: Քութայիսից` մետաքս, նուռ, տօսախ, մեղր, մեղրամոմ, գինի, օղի, լուբիա, ընկոյզ, շագանակ: Ռոստովից (Դօնի վերայ) երկաթ, թիթեղն և ձկնեղէն: Կ. Պօլսից եւրոպական ճոթեղէններ, շաքարեղէններ, քաղցրաւէնիք: Տրապիզօնից և Սամսօնից` ծխախոտ, լիմոն, նարինջ: Էրզուրումից տաճկական (Շամի և հալապի) ճոթեղեննէր: Չլտրից` չորքոտանի կենդանիներ, ցորեն, գարի և ալիւր: Արտահանից իւղ, կտաւատ ևպանիՐ: Աճառայից տաշտեր, Ախալցխան իւր միջից արտադրում է կաշի, սեկ, պայտ, գամ, օճառ, շինութեան փայտեր, (Աբասթումանի և գլխաւորապէս Քօբլիանի անտառներից) մետաքսեայ բանուածքներ, սանդր, սնդուկներ, պտուղներ, գլխաւորապէս տանձ և խնձոր մինչև 5000 ր. կարին, զենքեր` ատրճանակներ, թուր, դաշոյն, հրացաններ, արծաթեայ գործիքներ և սերվիզներ, երկաթեայ զանազան ամաններ և կօշիկներ, գաճ, կաւիճ, և ընկուզենի, բայց այդ արտադրութիւններից ներս եկած փողը գոնէ կիսով չափ չի փոխանակում այն մեծաքանակ գումարներնն, որոնք գնում են վերոյիշեալ քաղաքներն: Այսպէս Ախալցխան արտասահմանիցստանում է 119,415 ր. 45 կօպ. ապրանք, իսկ դուրս է ճամբում 15,532 ր. 75 կօպ. ապրանք:

Ե

Ախալցխայի արհեստները բոլորն էլ գրեթէ նահապետական ձևի մէջ են վերջին ժամանակներումս միմիայն սկսել են կարի մետաքսեայ երիզ գործելու մեքենաներ ձեռք բերել: Չնայելով այդ բանին, Ախալցխայիարհեստաւորներից Ռուսաստանի և Եւրոպայի զանազան արուեստահանդէսներում ձայն են ունեցել և պարգևների արժանացել, կաշեգործները, ոսկերիչները, դերձակները, մի տեսակ ոսկեթել բանուածքով, գլխանոցիհամար, զինագործները և մետաքսագործները:

Ախալցխայի իւրաքանչիւր արհեստաւորը ունի իւրեան արհեստապետը, իսկ բոլոր արհեստաւորները և արհեստապետները մի գլխաոր արհեստապետ (շեխ-ուստասի), իւրաքանչիւր արհեստապետ իւր արհեստակիցներին, իսկ գլխաւոր արհեստապետը բոլոր արհեստաւորներին, թէ արհեստից վերաբերեալ և թէ մասնաւոր վէճերը, գանգատները, առտնին կերպով մաքրում են:

Կարևոր դէպքերում գլխաւոր արհեստապետը միւս արհեստապետների հետ կազմում է արհեստաւորաց ժողով: Արհեստաւորաց ժողովը: Արհեստաւորաց ժողովը հարցաքննում է խալֆաներին և աշակերտներին և նրանցվարպետութեան իրաւունք է տալիս:

Այդ հանդէսն ունի իւր շատ գեղեցիկ կողմերը: Վարպետ դառնալու պատրաստուող աշակերտը պարտաւոր է մի համեստ նախաճաշիկ տալ արհեստաւորաց ժողովի անդամներին, մի նուէր արհեստաւորաց գանձանակին, որ ունի ամեն արհեստաւոր դաս (համքար), նախաճաշիկից առաջ կատարում են մի քանի, կարելի է ասել, կրօնական ծէսեր, օրհնութիւններ, բարեմաղթութիւններ, կարդացվում է և մի աղօթք և ապա սկսվում նախաճաշը: Ահա այդ աղօթքի համառօտութիւնը:

ա) Բարեխօսութիւն ամենայն սրբոց: բ) Սէր և միաբանութիւն և խաղաղութիւն միմեանց հետ: գ) Շնորհակալութիւն, փառք և գովեստ արհեստները հնարող, սուրբ գրքում յիշուած, արհեստագէտ անձանց: դ) Արհեստներիօգտակարութիւնը և աստուածային վճիռը աշխատանքի հարկաւորութեան մասին: ե) Վարպետացու աշակերտին զանազան գեղեցիկ խրատներ` սէր, հնազանդութիւն, պարկեշտութիւն, արդարութիւն, ճշմարտութիւն, անխաբեփայութիւն, անխարդախութիւն, աննախանձաւորութիւն և այլն: զ) Բացատրութիւն ընդունուած կարդ ու կանոնների: է) Աղօթք “Հայր մեր”:

Իւրաքանչիւր համքար ունի իւր միջից  ընտրած մի գանձապետ, որի պարտքն է ցուցակագրել, թէ իւր արհեստակիցներից  ով, որքան և ինչ գումարի ապրանք է առնում մի եօթնեկում և համաձայն արհետաւորի գնածմթերքի գումարին, ստանում է նորանից մի որոշեալ թեթև նուէր. մանէթին մի կօպէկից սկսեալ մինչև 5 կօպէկ, նայելով մթերքի արժողութեանը և տեսակին: Այդ նուէրները հաւաքվում են իւրաքանչիւր համքարի առանձինգանձանակում” և այդ գանձանակադրամներով, յետոյ ըստ տնօրէնութեան և որոշման արհետաւորաց ժողովին, աղքատ արհեստաւորներին օգնութիւն կլինի, խեղճ արհեստաւորների որբերը կխնամուին, պանդուխտթշուառներուն միանուագ օժանդակութիւն կլինի, տնանկ և անտէր մեռելները կվերցուին, մատաղներ կլինին, արհետաւորաց գործոյն վերաբերեալ  խնդրագիրներ գրողները կվարձատրուին: ”

Իւրաքանչիւր համքար ունի նոյնպէս իւր առանձին դրօշակը հայկական նշաններով, որոցմով նրանք ի մի խումբ են հավաքվում որ և իցէ եկեղեցական և կայսերական հանդիսաւոր օրերում: Ափսոս միայն որ Ախալցխայիարհեստաւոր դասի այդ գեղեցիկ ազնիւ և պարզ սովորութիւնքը վերջին ժամանակներումս սկսել են հետզհետէ եղծուիլ:

Զ

Հասարակական կեանքի մասին` Ախալցխայի հասարակութիւնը չունի ոչինչ գիտակցական գաղափար ի բաց առնելով արհեստաւորների դասը` որոնք իւրեանց  գործոց  և նախնական սովորութեանց  առթիւ, սերտ կապուածեն միմեանց հետ, միւսները, մանաւանդ հարուստները, առհասարակ չեզոք դեր են խաղում թէ քաղաքային, թէ Ազգային և թէ ընկերական հարցերում:  Նրանք սիրում են ապրել մենակ, եթէ չէր լինիլ իրենց անձնականհաշիւներն, անձնական կրքերն, նորանք գուցէ չհամաձայնէին մինչև անգամ և կենակցել հասարակութեան հետ: Այդ ցաւալի երևոյթի պատճառն այն է որ, ինչպէս ուզում են հաւատացնել, հասարակութիւնը շատ ապերախտէ գտնուել դէպի նորանց անձնանուիրութիւնքը և մեծագործութիւնքը…

Հասարակական կեանքի մասին հասկացողութիւն չունենալու բնական հետևանքն այն է որ Ախալցխայում չկան որևիցէ հասարակական զարգացուցիչ տեղեր, ընթերցարաններ, թատրոն և այլն: Թատրոնասէրների երկուխումբ կայ որ երբեմն երբեմն, հանգամանքներին նայելով, տալիս են մեզ ներկայացումներ հայ, վրացի ռուս լեզուներով: Ունինք   չորս հատ հիւրանոցներ   ” Արարատ,Լոնտոն, Կովկաս, Ռոստով”, մի քանի տրախտիրներ, երեք ժողովարաններ քաղաքական, զինուորական և զօրաց, որոնցից առաջինները նշանակուած են ճանապարհորդների համար, որոց թիւը խիստ շատ է լինում յունիս, յուլիս և օգոստոս ամիսներում, երբ Աբասթումանի ևՈւռավէլի հանքային ջրերի կուրսը բացվում է, իսկ երկրորդներից  առաջին երկուսը նշանակուած են գլխաւորապէս թղթախաղի համար: Ախալցխայում կայ նմանապէս մի վայելուչ հասարակաց պարտէզ, բայց իւրփոքրութեան պատճառաւ բաւականութիւն չի տալիս քաղաքի բազմաթիւ ստորին և բարձր զինուորական աստիճանաւորներին և նորանց կանանց, ուստի և առհասարակ քաղաքի բնակիչքը խորշում են այդ պարտէզիցմանաւանդ հայ և հրէայ իգական սեռը:

Ախալցխայի հասարակութեան, նա մանաւանդ հայերի, ամենալաւ հասարակաց տեղերն են քաղաքի շրջապատ պարտէզները, ուր նոքա խմբովին` երբեմն և ընտանիքով գնում են և ծառերի շուաքների տակ հանգստանում, այնտեղ թութ ուտում:

Այդ պարտէզներում միմիայն օտար մարդը կարող է տեսնել, այն ևս կողմնակի կերպով, Ախալցխայի ամօթխած հայկուհուն ճեմելիս կանանչ  խոտերի վերայ և ծառերի տակից թութ հաւաքելիս և անուշ անելիս: Հասարակացտեղերի կարգը կարելի է համարել և բաղնիսները, ուր գոնեա 15 օրը մի անգամ գնում են անպատճառ մեր կանայք և ամբողջ ժամերով խուռն բազմութեամբ լուացվում: Ամենայն տեսակ նորութիւն, ամեն տեսակ լուր որպատահել է քաղաքի մի որևիցէ անկիւնում, տարածվում է ամբողջ քաղաքում բաղնիսներում լուացուող կանանց – այդ կենդանի լրագրների միջոցաւ:

Սովորութիւն է նմանապէս, մանաւանդ ստորին դասակարգերում դրկցութեան երթալն: Մի թաղի կանայք շատ անգամ հաւաքվում են այս կամ այն դրացու տան բակը և այնտեղ թէ ամենայն ոք իւր ձեռքի գործովն` օրին. գուրպայ գործելով, թել մանելով, շորեղէններ ձևել կարելով և այլն, է պարապում, և թէ միմեանց հետ մտքերով փոխանցվում: Նոյն բանը անում են և այր մարդիկ երեկոներին երբ փողոցից վերադառնում են տուն, մանաւանդձմեռուայ երկար գիշերները: Այդ գիշերները շատ ուրախ և զուարթ կերպով է անցնում, այստեղ զանազան անմեղ խաղեր են խաղում, առասպելներ պատմում և այլն: Ղահվախանաներն միևնոյն բանն են կատարում ցերեկովմանաւանդ կիւրակէ և տօն օրերում, այն տեղ սազանդարների և աշուղների քաղցր ձայները և խաղերն հրաւիրում են մեծ բազմութիւն ժողովրդեան, որոնք մեծ ոգևորութեամբ լսում են Շահ-Իսմայիլի, Քեօռ-օղլուի և այլոցառասպելեալ հերոսների քաջագործութիւնքը: Հետաքրքիր են աշուղների, մանաւանդ նորեկների մի տեսակ հանելուկները (մուհամմէ), որոնք մեծ զուարճութիւն, կարելի է ասել, մի տեսակ լարուած, մտաւոր զբաղմունք ենպատճառում հանդիսականներին: Աշուղը իւր մտքում վեր է առնում մի որևիցէ առարկայի անուն, օրինակի համար փայտ: Մի թղթի վերայ նշանակում է այդ առարկայի մեկնութիւնը այս կերպով 1 վանկ 4 տառ 8, 1, 3, 4 թիւ և սկսում է երգով դրուադել և ներբողել փայտը, ի հարկ է առանց նորա անունը յիշելու, ցոյց տալով նորա օգտակարութիւնը, ձևը, զանազան յատկութիւնները և այլն և այլն: Հանդիսականներն ամենայն ձիգ թափում ենթէ վերոյիշեալ մեկնութիւնից և թէ աշուղի երգած խօսքերից գուշակել առարկան և ով որ գտաւ, հաւաքած փողը որ 15-20 րուբլի է լինում, նա է ստանում, եթէ ոչ` ինքը աշուղը:

Ախալցխայի հասարակութիւնը  չընայելով  իւր աննախանձելի տնտեսական վիճակին շռայլ է դէպի հրաւէրները: Այսպէս մկրտութեան, թաղման ժամանակ նա անում է հրաւեր, տղայ և աղջիկ նշանելիս հարսնտես, և փեսատես, յետոյ հարսանիք: Վերջապէս տօնախմբութեանց ժամանակ դարձեալ հրաւէր և այն յատկապէս կանանց համար: Շատ ցանկալի կը° լինէր, որ այդ հրաւէրների ժամանակ մի քանի աւելորդ և աննպատակ ծախսերը վերցնուէին, մանաւանդ այն մի քանի այլանդակ սովորութիւնքը, որոնք լինում են հարսանիքի ժամանակ, այն է չափազանց օղի գործածելն, կերած խմած եկեղեցի պսակ գնալն, հարսնացուին որպէս մի անզգայ էակ ջնջոցի նման այս և այն խանումի, աղայի, կնքահօր, խաչեղբօր և այլոց կշտին երես ծածկած կանգնեցնելը, նորա գուցէ չըկամեցած ժամանակն պարելու հրաւիրելն, հանդիսականաց հետ խօսելու իրաւունք չունենալն և այլն: Թէ հրաւէրների և թէ առտնին կենցաղավարութեան ժամանակ իգական սեռը Ախալցխայում առ հասարակ արհամարուած է, թէպէտ նայելով նորա չարաչար տնական աշխատութեանը, սակաւապէտ և համեստ կենցաղավարութեանը, նա իրաւունք ունէր վայելուչ և բարձր դիրք բռնել մեր ընտանիքում:
Վրացի կանայք Ախալցխայում աւելի ազատ վիճակի մէջ են, բայց նորանք չունին այն տանտիկնութիւնը, ինչ որ ունի մեր հայու հին… Այդ հրաւէրների ժամանակ մեր հասարակութիւնը զուարճացնող գլխաւոր միջոցն է պարը որ լինում է խմբովին: Արք և կանայք և աղջկունք ձեռք ձեռքի տուած, առանց միմեանցից քաշուելու, մի մեծ բոլորակ շրջան են կազմում և սազանդարների ածելու համաձայն տակտով խաղում են: Մինչև 15-20 տեսակ պարեր կան, որոնք թէ և զանազանվում են իւրեանց բաղխումներով, ոտքերի արագ կամ դանդաղ շարժեցնելուց, առաջ և ետք գնալուց ու գալուց, բայց սոքա հասարակ, միաձև են և ձանձրալի: Այդ պարերի ժամանակ սազանդարները ածելիս շատ անգամ երգում են մի որևիցէ սիրահարական երգ տաճկերէն լեզուով:
Այդ երգերի մէջ կան երբեմն ժողովրդական լաւ բանաստեղծութիւններ: Եւրոպական պարը և երաժշտութիւնը հետզհետէ սկսել է մուտ գործել հարուստ ընտանեաց մէջ: Վրաց հարսանիքներում սազանդարներից ի զատ լինում են նաև իւրեանց կարելի է ասել, ազգային “Տիմբլիպիտօն”  և իւրեանց վրացական պարը: Հայ ժողովրդեան գործ ածած չափազանց օղին այնտեղ փոխարինվում է գինիով: Վրացիների մի վատ սովորութիւնն ևս այն է որ նորանք աղջկան հետ բացի բաժինքից փող էլ են տալիս, մինչ դեռ հայերի մէջ փող տալու սովորութիւնը, բարեբաղդաբար, մինչև այսօր դեռ մտած չէ: Հրէաները նոյնպէս գործ են ածում սազանդարներ, խաղում վրացու կէնդ պարը: Մի առանձին սովորութիւն կայ հրէից մէջ որ նոյնպէս պախարակելի է: Պսակուող աղջիկը պարտաւոր է այնքան մենակ պարել, որ մի քանի հասակակից աղջիկ դադարեցնէ, հակառակ դէպքում նա լաւ հարսնացու չէ: Հրէայք աւելի չափազանց կերպով են գործ ածում զանազան  եւրոպական խմելիքներ, իրենց ձեռքով շինած արաղներ և գինիներ և տեսակ տեսակ քաղցրաւենիք և շաքարեղէններ: Հրէաները առ հասարակ շատ խիստ են իրենց ազգային առանձնայատկութիւնքը, սովորութիւնքը պահպանելում և թէպէտ նոյնպէս հասարակական կեանք չունին, այնուամենայնիւ իւրեանց վերաբերեալ ամեն մի գործում ամենայն սիրով ի մի հաւաքուելով վերջացնում են իւրեանց առտնին և հասարակական խնդիրները:

Ը
Ախալցխայի հայ հասարակութիւնը թէպէտ Տաճկաստանի գաղթականներ են, բայց նրանց բնաւորութեան մէջ ոչինչ նմանութիւն չկայ Պօլսոյ հայերի հետ: Ախալցխացիք ծանրաբարոյ են, բնական առողջ դատողութեան տէր մարդիկ, թէ ծերերի և թէ միջահասակ մարդկանց մէջ շատերը կան: Սորանց խօսակցութիւնը` որպէս ասիական ժողովրդեան, լինում է ծանր ու բարակ առակներով և մասալներով:
Ախալցխացու մի որևիցէ թեթև առածի կամ առակի մէջ բովանդակվում են երբեմն շատ երկար և լաւ մտքեր: Ունինք մեզ մինչև հիմայ շատ սուր զուարճախօս և առակախօս պատկառելի ծերեր թէ հոգևորական և թէ աշխարհական դասակարգերից: Իւր ամեն մի ձեռնարկութիւնում Ախալցխացին հաստատամիտ է, եթէ իւր հասկացողութիւնը ըմբռնել է այդ ձեռնարկութեան օգտակարութիւնը: Յարգանք և պատկառանք դէպի ծերերը, դէպի իշխանաւորները, մանաւանդ դէպի հոգևորականները մի առանձին յատկանիշ է Ախալցխացիների բնաւորութեան և այդ ոչ այնքան տգիտութիւնից է յառաջանում, որքան այն նախնական գեղեցիկ կրթութիւնից, որ ստացել են նոքա ժառանգաբար իւրեանց նախնիքներից: Այդ բանը հաստատվում է նրանով, որ Ախալցխացիք` չնայելով այդ իւրեանց հեզահամբոյր և խոնարհ բնաւորութեանը` պատրաստ են ամենայն կերպով բացարձակ խայտառակել որևիցէ անհատին, որից առաջ պատկառում էին, և որին շատ պատվում էին, եթէ նրանում տեսնեն կամ նրա մասին լսեն մի որևիցէ անարժան գործ կամ վարմունք: Այդ հանգամանքից օգուտ քաղելով ճարպիկ և վարպետորդի մարդիկ շատ անգամ մոլորեցնում են խեղճ հասարակութեանը և նրան գործիք են շինում իրենց որևիցէ անձնական վրէժը մի ձայն և համարմունք ունեցող անձնից լուծելու: Շատ ջերմեռանդ են դէպի իւրեանց կրօնը և եկեղեցին: Չէ կարելի ասել թէ Ախալցխացիք ուսումը ատում են, ընդհակառակը շատ էլ սիրում են. դորա համար բացի ուսումնարաններից Ախալցխայիում կան բաւականին թուով կանայք և ծեր տիրացուներ, որոնք իւրեանց տներում ամսական 5-10 կօպեկով կարդալ են սովորեցնում, ցաւալին այն է միմիայն, որ նոքա փոքր ինչ խէթ աչքով են մտիկ տալիս այժմեան նոր ուսմունքներին և գիտութեանցը, թէև վերջին տարիներս, պէտք է ճշմարիտն ասել, այդ ևս վերջացած է և բազմաթիւ տղաներ և օրիորդներ, չնայելով ծնողաց թախանձանացը, չեն ընդունվում ուսումնարաններում` տեղ չլինելու կամ ժամանակից դուրս լինելու պատճառաւ: Ախալցխացիք սակաւապէտ և չարքաշ մարդիկ են, արհեստաւոր և ստորին կարգը ամբողջ օրը չարաչար աշխատում է, բաւականանալով ուտիք օրերում մի կտոր հաց ու պանրով, իսկ պաս օրերում լուբիով, սոխով և մի երկու փոքրիկ գաւաթ (ֆինջան) սև դառն ղայֆայով, որի մի գաւաթը արժէ զ կօպէկ: Ամբողջ շաբաթ չարաչար աշխատելից յետոյ, նա միմիայն կիւրակէ օրը գնում է առատ միս, եղ և այլն և իւր ընտանիքով շրջապատուած փառաւորապէս ճաշում և ընթրում է, կերակուրներն են սովորաբար կոլոլակ (քիւֆթէ) եահնի, փլաւ, խորոված, մի քանի տեսակ տօլմա, տեսակ-տեսակ մրգերից շինած կոմպոտներ ու տեսակ –տեսակ ապուրներ, ինչպէս` թանապուր, մալեզապուր, կաթնապուր, ոսպնապուր, թթուապուր, դդմաճապուր, չամչապուր, չորթանապուր, մաիախ, մտիկ աուած թէ որ օրուայ և ինչ ժամանակի համար են պատրաստուել դոքա: Սովորական լաւ ճաշը բաղկանում է չորս հինգ տեսակից, իսկ հրաւէրը` 7-8 տեսակից և ընթրիքը շատ համադամ և շինվում սովորաբար քան ճաշը: Ախալցխացոց լեզուն է փոքր Ասիայի հայերի տաճկախառն բարբառը և շատ կոպիտ: Ունի մի առանձին մասնիկ` կը, որ կպչում է ամէն մի բառի վերջում ապառնի և ներկայ դէպքերում, իսկ այդ դէպքերը դժուարաւ է որոշվում, որովհետև երկուքն էլ Ախալցխացւոց լեզուի մէջ միատեսակ են: Հնչիւնները և առոգանութիւնը ոչ պօլսեցւոց նման խիստ է և ոչ Հայաստանցւոց նման փափուկ, այլ երկուսի միջին աստիճանը և այդ իհարկէ սխալ է: Խօսակցութեան ձևն ու իմաստները շատ կոշտ ու կոպիտ է և հայհոյական ու անպատշաճ բառեր գործ ածելն մի սովորական բան է: Սոսկում է օտար մարդը, երբ փողոցներում շրջելիս լսում է փոքրիկ մանուկների բերանից այնպիսի անվայել հայհոյանքներ, որոնք նոքա արտասանում են անգիտակցաբար և որոնք նոքա սովորում են իրանց մօր կաթը ծծելիս:
Զգեստները մեծ մասով թէ արանցը և թէ կանանցը ասիական տարազով է: Նորերը հետզհետէ փոխում են այր մարդկանցից: Կանայք դուրս գնալիս փաթաթվում են մի տեսակ լիմօնի և նուշի ձևով սպիտակ խայտերով մեծ է հրամով, հագնում են կերպասէ և մահուդէ ջուպպաներ, առաջին կարմիր գոգնոց մահուտէ, և ձգում այս զարդերը` ոսկեայ մանեակ, ապարանջաններ, գնտեր, կտուց, ղիլիֆլղ, շերիտ և շատ մատանիներ, որոնք միանգամայն մեռած դրամագլուխ են, և եթէ տրուէր իրանց մարդկանց ձեռքը, նոցա արժէքով կարող էին, անտարակոյս, աւելի լաւ և աւելի յաջողակ կերպով առաջ տանել իրանց առևտրական և արհեստական գործերը: Կանանց նախկին դեղնագոյն մէսփափուճները հետզհետէ փոխվում են մաշիկների և կիսակօշիկների, իսկ արանց եամանիները կօշիկների: Ժամացոյց ոսկի շղթայով գործածելը մեր կանանց համար սկսել է նոյնպէս սովորութիւն դառնալ: Կանայք գլխներին ծածկում են կարմիր ֆէս, առաջի կողմից ծաղկաձև փաթաթած մետաքսեղէն ճոթ, եաքևի կողմից  մի մեծ փունջ կապտագոյն մետաքսէ թելեր, գլուխը ոսկեզօծ արծաթով շինած: Ախալցխայի ժողովրդական կողմից հայերը սաստիկ մաքրասէր են տներում, իսկ իրանց հագուստի մաքրութեան մասին անհոգ, վրացիների հագուստը շատ մաքուր են, իսկ տները անմաքուր, հրէայք թէ հագուստի և թէ տան կողմանէ առհասարակ անմաքրասէր են: Դրանց բնակարաններումը միմիայն մի մաքուր սենեակ է լինում, թէպէտ և առհասարակ երեք ազգն էլ շատ են սիրում տաք ջուրը և շուտ-շուտ բաղնիս գնում:
Համեմատելով ուրիշ քաղաքի հասարակութեանց հետ, Ախալցխացիք ընդհանրապէս հանդարտ և երկիւղած ժողովուրդ են: Աւազակութիւն, գողութիւն, թէև պատահում են, բայց շատ նուազ կերպով: Մաքսանենգութիւնը բաւականին արատաւորում է Ախալցխացիների ուրիշ շատ արժանաւոր կողմերը:
Թ

Ախալցխան ունի հետևեալ տարեկան արդիւնքն ու ծախքն:

Արդիւնք

Անշարժ կալուածներից րուբլուն 16 կօպ……………….12806 ր. 8 կ
Հասարակաց կշեռքից և կօդից……………………………3063 ——— ,
Գիւղական տուրքերից ……………………………………..3000 ——— ,
Վաճառականներից և այլևայլ խանութպաններից………2371 — 40
Սպանդանոցից ………………………………………………1416 —- ,
Խմիչքների տուրքերից ……………………………………..1038 —-90
Մաղաքական հողերի վաճառմանից ………………………650 —– ,
Խօնամարտայ դաշտավայրից ……………………………..460 —– ,
Գետի վերայով տարուող գերաններից ………………….. 231—-50
Նօտարիուսի միջոցաւ ………………………………………338—-64
Աճրդախօսական վաճառքներից …………………………..13—- ¦
գումարն …………………25,368—-52

Ծախք

Ստորին աստիճանաւորաց բնակարանի և դիւանատանց 7077—34
Զինուորական աստիճանաւորաց բնակարանի …………..4395 —65
Ոստիկանարանի ծառայողաց ……………………………….3900 — ¦
Ճարտարապետին ……………………………………………..650—–¦
Տեղական զօրաց ………………………………………………570 — ¦
Լապտերներուն …………………………………………………638—50
Հաշտարար դատարանին նպաստ ……………………………480 —-¦
Կաթոլիկաց եկեղեցւոյն խօնամարտայի փոխարէն ………..300 —-¦
Ծրացւոց օրիորդական ուսումնարանին նպաստ ………….300 —–¦
Կամուրջներու և ճանապարհներու շինութեան ………………248 — 7
Էտապի …………………………………………………………….200 — ¦
Հասարակաց պարտիզին ……………………………………….180 — ¦
Քաղաքային բանտին……………………………………………..169—80
Ջրանցքներու շինութեան ………………………………………..78 — ¦
Անակնկալ ծախուց համար ………………………………………107— ¦
Բլանկներ տպագրելու …………………………………………….31 —84
գումարն ……………………19,426 — 20
Թէպէտ այս ցուցակից երևում է որ Ախալցխայի իւրաքանչիր տարուայ արդիւնքը 6000 ռուբլիով չափ աւելի է ծախսից, այնուամենայնիւ այս րոպէիս Ախալցխան ունի չոր պարտք 22,000 ռ. արքունական գանձարանին, 2800 ռ. շտաբ կվարտիրին. այդ նորանից է որ մենք չունինք օրինաւոր և լիակատար ծախուց ցուցակ: Շատ ծախսեր լինում են կամայաբար, թող այդ, արդէն մեր ցուցակագրած ծախսի ցուցակումն էլ կան մի քանի աւելորդ ծախսեր: Փափագելի է, որ մեր ապագայ քաղաքային կառավարութեան առաջին և գլխաւոր գործը լինէր Ախալցխայի արդիւնքների և ծախքերի կանոնաւորելը, մի տեսակ շատ կորցրած արդեանց աղբիւրների դուրս հանելը և մի քանի ապօրինի ծախսերի բոլորովին վերջացնելը: Դա մի երեւելի և քաղաքի համար կենսական հարց է: Հասարակական գումարների հետ պէտք է բարեխղճաբար վարուել և չըվատնել յում պէտս: Մենք չուզեցինք քրքրել Ախալցխայի գոնեայ վերջին 10 տարուայ ֆինանսի հաշիւներն. դրանցից հաւանականաբար, շատ վատ հոտեր պէտք է դուրս գային:
Ախալցխան իւրաքանչիւր տարի վճարում է այս տուրքերը –
Արքունական հարկ ……………………………….16,410 ռ.
Առևտրական հարկ…………………………………13,500 ռ.
Ապագայ քաղաքային կառավարութեանը ………5,500 ռ.

Ախալցխան բուսականութեան կողմից բաւականին հարուստ է և տանձն ու խնձորը նորա գլխաւոր և շահաւէտ արտադրութիւներն են: Մինչև 30 տեսակ տանձ և 20 տեսակ խնձոր է լինում Ախալցխայում:
Ախալցխայի մէջ կան այս ուսումնարաններն` ա) քաղաքային ուսումնարան, ուր կան 141 աշակերտ, 5 ուսուցիչ. բ) Կարապետեան արական, ուր կան 157 աշակերտ և 7 ուսուցիչ. գ) Վարդանեան, արակ. ըւր կան 184 աշակ. և չորս ուսուցիչ. դ) Եղիսաբէթեան օրիորդ. ըւր կան 62 աշակ. և 7 ուսուցիչ ե) Նոր-Արշալոյս, օրիորդ. ըւր կան 67 աշակ. և 7 ուսուցիչ: Օրիորդական ուսումնարաններում կան և մի մի ուսուցչուհի:
Հայ կաթոլիկաց. ա) Ս. Յովհաննէսի դպրոց արական, 60 աշ. 2 ուսուց. բ) Վերափոխման Ասաուածածնի 25յ աշակ. և 2 ուսուց. գ) Ձրիավարժ օրիորդական ուսումնարան, 59 աշակ. 3 ուսուց.
Հրէից. ծեց առտնին կրթարաններ ուր կան 100 աշ. 5 խախամ:
Նելդշերների ուսումնարան, 15-20 աշակ.
Կարապետեան, Վարդանեան, Եղիսաբէթեան և Նոր-Արշալոյս ուսումնարանները կառավարվում են լուսաւորչական հայոց եկեղեցական արդիւնքով: Այդ չորս ուսւոմնարանաց վերայ եկեղեցին գործ է ածում տարեկան 4700 ռ. Վարդան Վարդանեանցը իւր կառուցած համանուն ուսւոմնարանին իւրաքանչիւր տարի իւր սեպհականութիւնից տալիս է 400 ռ. Եղիսաբէթեան և Նոր-Արշալոյս ուսումնարանների հարուստ և միջակ կարողութիւն ունեցող աշակերտուհիներից թօշակ է ստացվում 500 ռ. ուրեմն չորս ուսումնարանների տարեկան ծախքն է ընդամենը 5600 ռ.: Կարապետեան ուսումնարանը բացուած է 1844 թուականին, Վարդանեանը` 1863-ին, Եղիսաբէթեանը` 1870-ին ժողովրդական փողով, հոգատարութեամբ ժողովրդասէր և անձնանուէր Սուքիաս Եպիսկոպոսի Պարզեան: Նոր-Արշալոյս ուսումնարանը 1863-ին, պ. Լափայէլ Սաղաթէլեանցի աշխատութեամբ, որ առաջինն է եղել Ախալցխայում օրիորդական դպրոց բացող: Հայ-կաթոլիկաց երկու ուսումնարանները կառավարվում են նորանց եկեղեցական գումարով, որոնց երկուքի տարեկան ծախքն է 500 ռ. Վրացոց օրիորդական ձրիավարժ ուսումնարանը հիմնեց ուսումնասէր և գործունեայ տիկին Մուսխելօվան, 1873 թուականին, և մինչև 1875 թուականի վերջերը գեղեցիկ անձնանուիրաթեամբ թէ ուսումնական և թէ տնտեսական մասը յաջողակ և անսայթաք կերպով յառաջ տարաւ: Այժմ կառավարվում է մի բարեգործական ընկերութեան զոհաբերութեամբ: Այդ ուսումնարանի տարեկան ծախսն է 1100 ռ.: Բարեգործական ընկերութեան անդամների թիւը առ այժմ է 51, որոնցից երկուսը, պատուաւոր անդամներ, նուիրում են տարեկան 50-ական ռուբլի. 49 մշտական անդամներ, որոնց իւրաքանչիւրը նուիրում է 10 ռուբլի. իւրաքանչիւր տարի 300 ռուբլի էլ քաղաքի կողմից օժանդակութիւն է լինում այդ ուսումնարանին. ներկայացումներից գոյանում է նոյնպէս տարեկան մօտ 200 ռ. ցաւալի է միմիայն որ պ. ժ. մշտական անդամները չեն վճարում ամենքը իւրեանց խոստացած տարեկան տասնական ռուբլին և այդ պատճառով մինչև հիմա այդ պատուական ուսումնարանը անհաստատ և տարտամ վիճակի մէջ է:
Այսպէս այս տարի 49 մշտական անդամներից փող վճարել են միմիայն 17 հոգի: Միթէ այդ չըվճարող պատուելի անձինք այդ աստիճան սառնասիրտ են դէպի այդ ազնիւ հիմնարկութիւնը և այդ չափ անյարգ են համարում իւրեանց ստորագրութիւնը և գրաւոր խոստումը:
Մաղաքային ուսումնարանը կառավարվում է արքունական փողով և տարեկան ծախքն է 4000 ռուբլի: Հրէից ուսումնարանները կառավարվում են աշակերտներից ստացուած թօշակադրամներով, որոնք ստացվում են սովորականից բոլորովին տարբեր կերպով:
Պէտք է ասած, որ հրէից դասագրքերը կրօնական են և գլխաւորապէս Հին Կտակարանն է մաս առ մաս բաժանուած: Դորա իւրաքանչիւր մասերը կազմում են մի կամ երկու տարուայ կուրս: Առաջին դասագրքերը կարդալ սովորելու համար իւրաքանչիւր աշակերտ պարտաւոր է վճարել խախամ ուսուցչին 8-10 ռուբլի. երկրորդ դասագրքի համար վճարում է 16-20 ռուբլի. երրորդին` եռապատիկը այդ գումարի և այդպէս մինչև վերջին դասագիրքը, որի արժէքն է 100 ռ. և երբ աշակերտը աւարտեց և այդ գիրքը, նա արդէն պատրաստվում է խախամ դառնալու: Հրէայք ըստ մեծի մասին գրագէտ են, միայն վրացերէն լեզուով, որով և միշտ խօսում են: Այդ լեզուի գրութիւնը դոքա սովորում են յիշեալ ուսումնարաններում:
Ախալցխայի մէջ երբեմն երբեմն լինում են հրապարակական դասախօսութիւններ ռուսաց լեզուով, զինուորական ժողովարանում, անցեալ տարի միմիայն մի անգամ էլ քաղաքական և զօրաց ժողովարաններում, իսկ հայկական լեզուով` Եղիսաբէթեան ուսումնարանում` ամենայն կիւրակէ օր (այստարի Զատկից սկսեալ), եթէ գլխաւոր արգելքներ չլինին: Զինուորական ժողովարանում տրվում են երբեմն կոնցերտներ, որին մասնակցում է և գեղեցիկ սեռը:
Ախալցխայում կան հետևեալ եկեղեցիները-
Լուսաւորչական հայոց. ա) Սուրբ Փրկիչ մայր եկեղեցի, շինուած 1837 թուակ. բ) Սուրբ Վարդանանց, 1862 թ. ըր շինել է Վարդան Վարդանեանցը իւր սեպհականութիւնից. գ) Սուրբ Ստեփաննոս 1828 թ. դ) Սուրբ Լուսաւորիչ 1832 թ. ըր հնութեան պատճառավ այժմ փակուած է:
Ռուսաց. Բերդի մայր եկեղեցին, որ առաջ մզկիթ է եղել Կ. Պօլսոյ Այա-Սոփիայ նշանաւոր մզկիթի ձևով:
Հայ կաթոլիկաց. ա) Սուրբ Աստուածածնի Վերափոխման եկեղեցի. բ) Սուրբ Մարիամ. գ) Սուրբ Յովհաննէս. դ) Սուրբ Խաչ, Ներսէս Շինող կաթողիկոսից հիմնարկած:
Յունաց եւ Վրացոց` Սուրբ Գէորգ, նոր և գեղեցիկ շինութիւն:
Հրէից Սինագոգան, նոր և գեղեցիկ շինութիւն, որի մէջ իրաւունք չունի մտնելու հրէից իգական սեռը, այլ պարտաւոր է դրան առաջ կամ պատուհանների կշտերին կագնել և աղօթել:

ԺԱ

Ժամանակ անցկացնելու համար, ինչպէս ասում են, Ախալցխայում կան զանազան խաղեր թէ հին և թէ նոր: Հին խաղերը` մատանի-խաղ, թուրա, աչքախուփ, լալ-օյին, պուտ-պուտ և այլն իրանց պարզութեամբ և անմեղութեամբ բաւականին զուարճալի և հետաքրքրական խաղեր են, նա մանաւանդ իւրեանց ժողովրդականութեամբ: Դորանցից փոքր ինչ զանազանվում են նարդին, զույին, դաման, ընկուզախաղ և այլն, որոնք երբեմն շահասիրական նպատակներով են խաղացվում, իսկ թղթախաղը, իւր շատ տեսակներով, միանգամայն մի պարսաւելի և կորստաբեր սովորութիւն է, որ մտած է ախալցխացիների, մանաւանդ հայկական նոր սերնդի մէջ և իւր զարգացման վերին աստիճանին է հասած: Փոքրիկ մանուկներից, ուսումնարանների աշակերտներից սկսեալ մինչև հասակաւոր և ընտանեաց տէր անձինք ընդհանրապէս վարակուած են այդ ախտով, ևս առաւել բարեկենդանի օրերում, երբ այդ խրախճանութեան համար նշանակուած օրերը, մեզանում շատ ընտանիքների համար թղթախաղի երեսից, դառնում են վշտերի դառնութեան և աղքատութեան օրեր: Բացի ժողովարաններից և հիւրանոցներից շատ նկուղներ, շատ կրպակներ և շատ մասնաւոր մարդկանց տները բարեկենդանի օրերում կերպարանափոխվում են թղթախաղի տներ և նրանցում, նա մանաւանդ վերջիններում, մեծամեծ գումարների առ ու ծախս է լինում: Թղթախաղի պատճառաւ երբեմն պատահում են յուսահատ անձնասպանութիւններ:

ԺԲ

Ախալցխան իւր գաւառով գտնվում է աշխարհագրական լայնութեան 40օ և երկայնութեան 41օ տակ, քաղաքը ծովի մակերևութից բարձր է, գերմանացի Աբիխ երկարաբանի հաշուով, 3128 ոտնաչափ և ամեն կողմից շրջապատած է բարձր լեռներով, այդ պատճառաւ, Ախալցխայի օտաբաժինը (կլիմա) խիստ է, բաւականին ցուրտ, եղանակը սաստիկ փոփոխական: Ձմեռը սովորաբար սաստիկ է և ցրտութիւնը անցնում է 25օ-ից, ըստ Ռէօմիւրի գարունը անձրևային է և հով, ամառը տաքութիւնը շատ հազիւ է հասնում Ռ. 30օ և այն կարճ, 2-3 շաբաթ ժամանակ, աշունքը չոր է և ախորժ:
Հողմերից տարուայ մեծ մասում փչում են արևմտեան հողմերը ամառը և աշունքը հիւսիսա-արևելեան հողմերը:
Ախալցխայի հողը առհասարակ կաւուտ է, այդ պատճառով բերքը այն ժամանակն է լաւ և առատ լինում համեմատաբար, երբ գարունը անձրևային է լինում:
Հացի բերքն ընդհանրապէս սակաւ է, թէև քաղաքի արտերի մեծ մասը ջրարբի են: Ցանքը երկու անգամ է կատարվում, գարնանային ցանք և աշնանային ցանք, և երկու անգամուան ցանքն էլ հնձում են ամռան սկզբներում, աշնանայինը 10-15 օր առաջ գարնանային ցանքից: Քաղաքը իւր սահմանական գծի մէջ ունի մօտ 200 արտ որոնցից տարէնն ստանում է երկու անգամուայ ցանքից ի միասին, մօտ 15,000 չետվերտ ցորեն և 800 չետվերտ գարի:
Ախալցխայի ժողովուրդը, որպէս ասիական ժողովուրդ, առհասարակ անուշադիր է դէպի կեանքի առողջապահական կանոնները, որպիսի անյաջող պայմանը միանալով եղանակի յաճախակի և շատ զգալի փոփոխականութեան, բնակարանների անյարմարութեան և ըստ մեծի մասին խոնաւութեան և բազմատեսակ թաց մրգերի չափազանց գործածութեան հետ, տարուայ գրեթէ չորս եղանակումն էլ յառաջացնում են զանազան թեթև և ծանր հիւանդութիւններ, որոնցից գլխաւորներն ու սովորականներն են թոքախտ, տենդ, ոսկրացաւ, ճճիների, գլխաւորապէս սոլիտերի, հիւանդութիւններ, քարացաւ, հարինք կամ ջերմախտ (ըստ տեղացւոց` վարցաւք), աչքացաւ: Երեք տարուց ի վեր Ախալցխայի երտիասարդները ստէպ ստէպ ենթարկվում են Աստղկան հիւանդութիւններին:
Դէպի բժիշկները և բժշկականութիւնը ախալցխացիք ընդհանրապէս շատ անտարբեր են մասամբ աղքատութիւնից և ըստ մեծի մասին տգիտութիւնից:
Նոր հիւանդացող մարդը նախ և առաջ փորձում է լաւանալ առտնին դեղերով, կամ շատ անգամ առանց դեղի, առաւելապէս միջին և ստորին դասակարգերը, յետոյ սափրիչներից, որոնք մեծ գործնականութիւն ունին Ախալցխայում, և վերջ ի վերջոյ երբ, ինչպէս իրանք են ասում, դանակը ոսկորին է հասնում, զիջանում է հիւանդը բժիշկ հրաւիրել, որի և տուած խրատները և գրած դեղերը պահում են և խմում այնպէս և այն չափով, ինչպէս որ իրենց բարի կամքն է:
Բժիշկների խրատները և դեղերը ծաղրելու և նորանց զանց առնելումը աւելի ընդունակ են կանայք. մի ընդհանուր սովորութիւն է դարձած ախալցխացիների մէջ, առանց մի օրինաւոր պատճառի և առանց բժիշկի նախապէս գիտութեանը և համաձայնութեանը ձեռքերից` և ծոծրակից արիւն թողնել:
Բացի բժշկական, առտնին և սափրիչների դեղերից հիւանդները շահվում են նաև, նայելով հիւանդութեան տեսակներին, Ախալցխայի շրջակայքում եղած Աբասթումանի Ուռավէլի, Ասպինջայի և Ծնիբանի հանքային տաք, սառը և գաղջ ջրերով:
Ախալցխայի մէջ կան մի քանի հին և պատուաւոր ընտանիք, որոց անդամները իւրեանց չարքաշ կենցաղավարութեամբ իրանց վարժեցրել են կլիմայի զանազան ազդեցութիւններին, այնպէս որ տարուայ չորս եղանակումն էլ ոմանք ման են գալիս մի և նոյն սովորական բարակ շորերով առանց վերարկուի, իսկ ոմանք սենեակում տաք վառարանի կշտին նստում են ամբողջ ժամերով մի և նոյն մուշտակով և մորթեայ փափախով, որով շրջում են 20-25օ ցրտութեան մէջ փողոցներում:
Կեանքը ախալցխացիների մէջ երկարակեաց չէ, 70-80 տարի հազիւ ապրողներ կան: Այր մարդկանցից աւելի շուտ մաշվում են կանայք, շատ կանուխ, 14-15 տարեկան հասակում, պսակուելներուն, որդեծնութեամբ հարուստ լինելներուն պատճառով:
Ախալցխայում ստացվում են հետևեալ պարբերական հրատարակութիւնները – Մեղու Հայաստանի` 27 օրինակ. Արարատ` 26. ՄՇակ` 10. Դպրոց` 3. Փորձ` 8 (առ այժմ). Кавказъ13, Тиф.Въст. 11, Дроеба 8: Լեհերէն լեզուով հինգ լրագիր են ստացվում, որոնցից իւրաքանչիւրը մի-մի ստորագրուող ունի. լուսաց պարբերական հրատարակութիւններից Русский Инвалидъ 19 ստորագրուող ունի: Բացի դորանից 57 լրագիր և օրագիր մի-մի կամ երկերկու օրինակ են ստացվում: