Վրաստանը բարձր է գնահատում ՀՀ վարչապետի՝ կոնկրետ ծրագրերի եւ արդյունքների ուղղությամբ միասին առաջ շարժվելու մոտեցումը: Այս մասին, այսօր՝ ապրիլի 1-ին, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ հանդիպման ժամանակ նշել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեն:
Կառավարությունից NEWS.am-ին հայտնում են, որ ՀՀ վարչապետը ողջունել է Վրաստանի ԱԳ նախարարի եւ նրա գլխավորած պատվիրակության այցը մեր երկիր՝ ընդգծելով, որ Հայաստանն ու Վրաստանը վստահելի բարեկամական հարաբերություններ ունեն: Կարեն Կարապետյանը գոհունակություն է հայտնել 2017 թ. փետրվարին Վրաստան կատարած պաշտոնական այցի արդյունքներից, որի շրջանակում Վրաստանի վարչապետի հետ քննարկվել են երկկողմ տնտեսական կապերի ակտիվացմանն ուղղված կոնկրետ ծրագրեր: Այս առումով ՀՀ վարչապետը կարեւորել է բիզնես կապերի խթանման, ինտեգրացիոն միավորումների եւ ազատ տնտեսական գոտիների շրջանակում համագործակցության, զբոսաշրջության եւ ՏՏ ոլորտներում փորձի փոխանակման, երիտասարդության շրջանում փոխճանաչելիության բարձրացման եւ այլ ուղղություններով նախանշված նախագծերի իրականացումը:
Միխեիլ Ջանելիձեն վերահաստատել է Վրաստանի վարչապետի շահագրգռվածությունը՝ ՀՀ կառավարության ղեկավարի այցի ընթացքում ձեռք բերված վերոնշյալ պայմանավորվածությունները կյանքի կոչելու հարցում: Նա ընդգծել է, որ Վրաստանը բարձր է գնահատում ՀՀ վարչապետի՝ կոնկրետ ծրագրերի եւ արդյունքների ուղղությամբ միասին առաջ շարժվելու մոտեցումը եւ արդեն իսկ որոշակի քայլեր է ձեռնարկում: Վրաստանի ԱԳ նախարարը նաեւ շնորհավորել է Կարեն Կարապետյանին՝ 2017 թ. խորհրդարանական ընտրությունները բարձր մակարդակով անցկացնելու համար եւ փոխանցել Վրաստանի վարչապետի շնորհավորանքը Հայաստանի Հանրապետական կուսակցության հաղթանակի կապակցությամբ:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել երկկողմ ու բազմակողմ ձեւաչափով տնտեսական համագործակցության ընթացքի շուրջ, անդրադարձել հետագա քայլերին: Կարեն Կարապետյանը եւ Միխեիլ Ջանելիձեն կարեւորել են Իրանի հետ սահմանին Մեղրիի ազատ տնտեսական գոտու ստեղծումը, ինչպես նաեւ առաջիկայում Հայաստանում Վրաստանի բիզնեսի օրերի անցկացումը: Կողմերը համակարծիք են եղել, որ այս նախաձեռնություններն արդյունավետ հարթակ կլինեն երրորդ երկրների շուկաներ մուտք գործելու հնարավորություններին ծանոթանալու եւ դրանք ավելի հասանելի դարձնելու առումով:
ՀՀ վարչապետը եւ Վրաստանի ԱԳ նախարարը կարեւորել են տարածաշրջանային անվտանգության եւ կայունության ապահովումը: