Ավագ Ուրբաթը Ախալցխայի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում

Սույն թվականի Ապրիլի 14-ին Հայ Առաքելական և Ուղղափառ Եկեղեցին տոնում է Ավագ Ուրբաթը։ Այն մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսի Սուրբ Խաչելության և Սուրբ Թաղման հիշատակության օրն է։

Այս Սուրբ Խորհրդին հաղորդակից լինելու սրտագին փափագով Ախալցխայի հավատացյալ հայորդիները համախմբվել էին Սբ․ Գրիգոր Լուսավորիչ Եկեղեցի միասնական աղոթքի և Տիրոջ չարչարանքներին հաղորդակից լինելուն։

Ախալցխայի և հարակից շրջանների հոգևոր հովիվ Արժ․ Տեր Թորգոմ քհն․ Վարդանյանը մեկնեց օրվա խորհուրդը ներկաներին, որից հետո կատարվեց Սբ․ Խաչելության և Սբ․ Թաղման կարգ։ Ավարտին, Տիրոջ Սրբալույս Գերեզմանի անուշաբույր ծաղիկները բաժանվեցին հավատացյալներին։

Հոգևոր Տեսչությունն իր խորին շնորհակալությունն է հայտնում և օրհնությունը բերում բոլոր այն երիտասարդ աղջիկներին ովքեր Երեցկին՝ Անահիտ Վարդանյանի գլխավորությամբ զարդարեցին Տիրոջ Սբ․ Գերեզմանը։