Սուրբ Զատիկը կամ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը Հայ Առաքելական եկեղեցու հինգ տաղավար տոներից է։ Տոնին նախորդում է Մեծ` քառասունօրյա պահքը, որն սկսվում է բուն Բարեկենդանին ու լուծվում է Սուրբ Զատիկից մեկ օր առաջ` շաբաթ երեկոյան, ճրագալույցի պատարագից հետո:
Զատիկը շարժական տոն է։ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին այն նշում է գարնան գիշերհավասարին հաջորդող լուսնի լրման առաջին կիրակի օրը, որն ընկնում է մարտի 22-ից հետո մինչև ապրիլի 26-ը (35 օր) ժամանակահատվածի վրա։ Այս տարի Սուրբ Հարության տոնը ապրիլի 16-ին է։
Այսօր Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցում, ձեռամբ Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Հոգեշնորհ Տեր Բաբգէն վարդապետ Սալբիյանի ու մասնակցությամբ Ախալքալաքի և հարակից գյուղերի հոգևոր հովիվներ Արժանապատիվ Տեր Եղիշե ավագ քահանա Հարությունյանի ու Արժանապատիվ Տեր Տաթև քահանա Մարուքյանի, տեղի ունեցավ Սուրբ Հարության Սուրբ և Անմահ Պատարագ։
Հարյուրավոր հավատացյալներ եկել էին մասնակցելու Սուրբ Զատկական Պատարագին և հաղորդակից լինելու մեր Տեր Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության Ավետիսին։ Հընթացս Սուրբ Պատարագի՝ Արժանապատիվ Տեր Տաթև քահանա Մարուքյանի կողմից ընթերցվեց Ն. Ս. Օ. Տ. Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի պատգամը՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսի Սուրբ Հարության տոնի առթիվ: Հավարտ Սուրբ Պատարագի՝ Հոգեշնորհ Տեր Բաբգէն վարդապետ Սալբիյանը, Արժանապատիվ Տեր Եղիշե ավագ քահանա Հարությունյանն ու Արժանապատիվ Տեր Տաթև քահանա Մարուքյանը Սուրբ Հարության Ավետիսը փոխանցեցին եկեղեցում հավաքված հավատացյալներին: Ապա օրհնվեցին Զատիկի խորհրդանիշ կարմիր ներկած հավկիթները և բաժանվեցին հավատացյալներին:
Ջավախքի առաջնորդական փոխանորդության մամլո դիվան