Արդեն 1 տարի է, ինչ ապրիլի 24-ը՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, սգո օր չէ, այլ մեր Սուրբ նահատակների հիշատակության օրն է:
Այսօր ՝ ամբողջ օրվա ընթացքում մարդկանց հոսքը չէր դադարում Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցի: Ախալքալաքի բոլոր պետական և ոչ պետական կառույցների կոլեկտիվները, դպրոցների և մանկապարտեզների ուսուցիչները սաների հետ միասին գալիս էին ծաղիկներ խոնարհելու ցեղասպանության զոհերին նվիրված խաչքարի մոտ և մասնակցելու 1500000 սուրբերի հիշատակին նվիրված Սուրբ և Անմահ Պատարագին, որը տեղի ունեցավ հանդիսապետությամբ Սամցխե-Ջավախքի և Ծալկայի ընդհանուր առաջնորդական փոխանոր Հոգեշնորհ Տեր Բաբգէն վարդապետ Սալբիյանի ու ձեռամբ Ախալքալաքի և հարակից գյուղերի հոգևոր հովիվ Արժանապատիվ Տեր Տաթև քահանա Մարուքյանի: Հավարտ Սուրբ Պատարագի՝ եկեղեցում հավաքված մարդիկ, ուղեկցությամբ Հոգեշնորհ Տեր Բաբգէն վարդապետ Սալբիյանի, Ախալքալաքի և հարակից գյուղերի հոգևոր հովիվներ Արժանապատիվ Տեր Եղիշե ավագ քահանա Հարությունյանի և Արժանապատիվ Տեր Տաթև քահանա Մարուքյանի, թափորով դուրս եկան եկեղեցու բակում տեղադրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքարի մոտ, որտեղ տեղի ունեցավ Սրբոց Նահատակաց բարեխոսական աղոթք: Այնուհետև բոլորով միասին դիտեցին Հայոց ցեղասպանությանը նվիրված լուսանկարների ցուցահանդեսը:
Ջավախքի առաջնորդական փոխանորդության մամլո դիվան